ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
Եթե իրավիճակն անմիջականորեն մեզ չվերաբերեր, եթե այդքան ողբերգական չլիներ՝ կապված Արցախում հումանիտար ճգնաժամի հետ, ապա կարելի էր ծիծաղել այն բանի վրա, թե ինչպես են Նիկոլի քարոզիչները վկայակոչում Մոսկվայի հայտարարությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետ։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ, Զախարովայի և Լավրովի շուրթերից արդեն բազմիցս հնչած հայտարարություններից հետո, հերթական անգամ խոսում է այն մասին, որ Արցախի շուրջ, Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակը Փաշինյանի այն հայտարարության հետևանքն է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի հանդեպ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Այդպիսով, շարունակում է Պուտինը, Հայաստանը օրակարգից հանեց Արցախի կարգավիճակի հարցը՝ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի մաս, և այդ պատճառով էլ Ադրբեջանի նախագահն ասում է, թե քանի որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված է, այսուհետ Ղարաբաղին վերաբերող բոլոր հարցերը պետք է քննարկվեն և լուծվեն միայն Բաքվի հետ համատեղ…
Այդպես է ասում Պուտինը։ Նիկոլի կողմնակիցներն ու իր քարոզիչները ներողամիտ ժպտում են. «Դե, այդ ի՞նչ եք ասում, պարոն Պուտին, ինչո՞ւ եք խորամանկում, էլ ո՜նց կլիներ. Փաշինյանն ինչ-որ բան դուրս տվեց։ Ախր ձեր կողմից անլրջություն է այդպես ընկալել Փաշինյանին։ Նա դեռ ոչինչ չի ստորագրել, իսկ եթե ինչ-որ բան էլ ասել է, ապա քավ լիցի, ի՜նչ ասես, որ չի կարող ասել…Պարոն Պուտին, պետք չէ այդպես, եկեք չվկայակոչենք Փաշինյանի խոսքերը. դա լուրջ չէ, ուշադրություն մի դարձրեք դրանց վրա, պետք է կանգնել Արցախի շահերի պաշտպանության դիրքերում»։
Այսպես կամ գրեթե այսպես են խոսում Նիկոլի քարոզիչները։ Անհեթեթություն։ Մոսկվան լուրջ է վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին, իսկ Երևանից պատասխանում են, թե պետք չէ այդպես վարվել, պետք չէ լուրջ ընդունել վարչապետի խոսքերը, վկայակոչել դրանք։ Եվ առհասարակ ձեզ ճիշտ չեն տեղեկացնում մեր կողմից իրականացվող քաղաքականության մասին։ Այդ ամենը Մարիա Զախարովայի և Սերգեյ Լավրովի մեղքով է։ Թշնամիների չարանենգ դավերն են, պարոն Պուտին…
Գլխավոր փաստարկը՝ Նիկոլը ոչինչ չի ստորագրել։ Իսկ գիտե՞ք, թե ինչ կասեն, եթե Նիկոլը ստորագրի։ Կասեն՝ Մոսկվա, դե թքած ունեցիր, ասենք թե Նիկոլը ինչ-որ բան է ստորագրել, բայց ախր Սահմանադրական դատարանը դեռ հավանություն չի տվել։ Իսկ ի՞նչ կասեն, եթե Սահմանադրական դատարանը հավանություն տա։ Կասեն՝ դա ի՞նչ է որ, պարոն Պուտին, Ազգային ժողովն էլ հո չի՞ վավերացրել։ Իսկ երբ վավերացնի, իրենց գժի տեղ կդնեն ու կասեն թե այդ ամենը հորինել է Չերչիլը 18 թվականին,այսինքն, Տեր-Պետրոսյանը՝1991-ին…
Մոսկվան, ըստ երևույթին, բոլոր հիմքերն ունի դիտարկելու նման սցենարը, դրա համար էլ նախազգուշացնում է արդեն այսօր։ Պետք է ապուշ չլինել ու հասկանալ, որ եթե Նիկոլն այդպիսի թուղթ չստորագրի, չհանձնի Արցախը Ադրբեջանին վերջնականապես, ապա պետք է շնորհակալ լինել նրանց, ովքեր այսօր բաց տեքստով նախազգուշացնում են, որպեսզի կանխեն առաջիկա ավելի մեծ դավաճանությունը։
Եթե այդպես չէ, եթե Մոսկվան շահարկում է, լվանում է ձեռքերն ու դավաճանում մեզ, դա հեշտ է ստուգել։ Բավական է, որ Նիկոլն, ասի, թե լավ, տարածքային ամբողջականությունը՝ հասկացանք, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք՝ ամրագրված միջազգային փաստաթղթերով, և Երևանը պաշտպանում է այդ իրավունքը։ Եվ հետո նայել Մոսկվայի արձագանքին, լվանո՞ւմ է արդյոք ձեռքերը…
Բայց Փաշինյանը դա չի անի։ Որովհետև Մոսկվան իրավացի է, անկախ նրանից՝ դուր է գալիս դա ոմանց, թե ոչ։ Դավաճանությունը Մոսկվայում չէ։ Այսօր Արցախի գլխավոր խնդիրը այն մարդն է, որը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Եվ դժվար է պատկերացնել, թե էլ ինչ խոսքերով կարող է Մոսկվան հասկացնել այդ պարզ ճշմարտությունը նրանց, ովքեր շարունակում են հավատալ Փաշինյանի քարոզչությանը։
Քարոզչություն, որին սպասարկում է այն թիմը, որի զինանոցում չկա Արցախի շահեր հասկացությունը, կա միայն անձնական բարօրությունն առաջ տանելու և տրված պատվերները կատարելու անսասան ցանկություն։ Դրա համար էլ իրավիճակը իրոք ողբերգական է։ Այդ մարդիկ պատրաստ են զոհաբերել ամեն ինչ, միայն թե պահպանեն իշխանությունը։ Զոհաբերել բնավ ոչ միայն Արցախը։