Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ «ԷՐԻՎԱՆԻ», ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋԵՎ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե որոշ ուժերի համար Երևանի ավագանու ընտրությունները քաղաքային բովանդակություն ունեն, «Մայր Հայաստան» դաշինքի համար այս ընտրություններին մասնակցելու գլխավոր նպատակը իշխանափոխության հասնելն է, որով կկանխեն երկրում վտանգավոր գործընթացներն ու զիջումները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով իրենց օրակարգն այս ընտրություններում։

Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։

 

Սա ընտրություն է Երևանի և «Էրիվանի» միջև

Անդրանիկ Թևանյանը նշում է, որ գործող իշխանությունը 2021 թվականի ընտրություններին խաբել է ՀՀ քաղաքացիներին` խաղաղություն բերելու խոստումով, նրա կարծիքով այս ընտրությունները հնարավորություն են երկու տարի առաջ գործող իշխանությանը քվե տված, հավատացած ու խաբված երևանցիների համար` իրենց սխալն ուղղելու։

«Մենք մասնակցում ենք այս ընտրությանը, որպեսզի նախ անվտանգային օրակարգը պահենք, երկրորդ` հնարավորություն տանք այդ քաղաքացիներին շտկել իրենց սխալը և երրորդ` մոբիլիզացնենք ընդդիմադիր էլեկտորատը, որպեսզի իրականացնեք իշխանափոխություն մայրաքաղաքում, ինչը հնարավորություն կտա իշխանափոխություն իրականացնել հանրապետական մասշտաբով։ Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, պետք է Հայաստանը վերջապես դուրս գա այն մղձավանջից, որի մեջ մեզ գցել է Նիկոլ Փաշինյանը», – ընդգծեց Թևանյանը։

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ Երևանն ավելին է, քան ուղղակի մայրաքաղաք` հաշվի առնելով Հայաստանում իր դերն ու նշանակությունը։ Երևան քաղաքն այս իշխանության հենարաններից մեկն է` վարչական և այլ ռեսուրսներով։ Իսկ Երևանում իշխանափոխությունը նշանակում է հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխություն։

Հակառակ պարագայում, Երևանում և Հայաստանում իշխանության մնալը ենթադրում է պարբերաբար և չընդհատվող զիջումներ ՀՀ–ի կողմից, և այդ զիջումները կարող են հասնել Երևան քաղաքին։ «Կարելի է ասել` այս ընտրությունը Երևանի և Էրիվանի միջև է»,–ընդգծեց նա։

Բացի պակիստանցիներից ու հնդիկներից, Երևանում չկա ՔՊ–ին իշխանություն ապահովող այլ ռեսուրս

Թևանյանը վստահեցրեց` Երևանում Փաշինյանի թիմին իշխանազրկելը հնարավոր է։ Այս իշխանությունը վերարտադրման շանս չունի մայրաքաղաքում, եթե չդիմի ընտրակեղծիքների։

«Իմ խորհուրդն այս իշխանություններին` հանկարծ չփորձեք ընտրակեղծիքներ անել, համակերպվեք, որ մայրաքաղաքում կորցնելու եք իշխանությունը և հետո անցնցում իշխանությունը հանձնելու եք հանրապետական մասշտաբով։ Իրենք, բացի ընտրակեղծիքներից, ուրիշ ռեսուրս չունեն վերարտադրվելու, չկա այդպիսի ռեսուրս, որը մայրաքաղաքում ՔՊ-ին կապահովի իշխանություն, բացի պակիստանցիներից ու հնդիկներից»,–կարծում է Թևանյանը։

Անբարոյական է այս վիճակում միայն քաղաքային խնդիրներից խոսելը

Ընդդիմադիր հատվածը` հասարակական գործիչներ, տարբեր կազմակերպություններ, մտավորականներ, աջակցում են «Մայր Հայաստան» դաշինքին, քանի որ երևանյան ընտրություններում դաշինքը դրել է իշխանափոխության և հստակ գնահատականներ տալու հայեցակարգը։

«Եթե ստանդարտ իրավիճակ լիներ, ես նույնիսկ չէի մասնակցի ավագանու ընտրություններին։ Բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք չենք կարող ուղղակի նստել տանը, հետևել, թե ինչ է կատարվում Արցախում ու չօգտագործել այս ընտրությունները առնվազն անվտանգության ու խաղաղությանը վերաբերող հարցերը լուծելու համար»,–նշեց քաղաքապետի թեկնածուն։

Քաղաքային խնդիրները, խցանումները, ճանապարհաշինությունը ևս կարևոր են, բայց Թևանյանը հիշեցնում է, որ Քարվաճառում էլ էին ճանապարհներ կառուցվել, Շուշիում ու Հադրութում էլ` տներ, բայց տրվեցին թշնամուն։

«Մայր Հայաստան» դաշինքն անբարոյական է համարել ներկա իրավիճակում ուղղակի քաղաքային խնդիրների մասին բարձրաձայնելը ու այդ պատճառով նաև հրաժարվել է մասնակցել քաղաքապետի թեկնածուների դեբատին։

«Էժանագին թամաշայի չեմ ուզում մասնակցել, որտեղ քաղաքային փոքր խնդիրներ են քննարկվելու։ Մենք ոչ թե անտեսում ենք Երևանի խնդիրները, հակառակը` կարևորում ենք և ասում` դրանք լուծելու համար պետք այս իշխանությունը հեռանա, որովհետև կան շատ հարցեր, որոնք օրենսդրական փոփոխություն են պահանջում»,–ասաց նա։

Հստակ մեսիջ. ընտրելով Նիկոլ Փաշինյանի թիմին` ընտրում եք պատերազմ

Ավագանու ընտրությունները դաշինքի համար ընտրություն է նաև պատերազմի ու խաղաղության միջև։ Եթե երևանցին ընտրի գործող իշխանության թիմին, Թևանյանի խոսքով, ընտրում է պատերազմ ու ավերածություններ։ Դաշինքը մեսիջ է հղում` ընտրելով իրենց, երևանցին հնարավորություն է ունենում ստանալու արժանապատիվ խաղաղություն ու անվտանգություն։

Այս տրամաբանությամբ, դաշինքն ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք կհամապատասխանեն իրենց սահմանած երեք սկզբունքներին` պետք է գնահատական տան Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, բացառեն ՔՊ–ի հետ համագործակցությունը և պատրաստ լինեն շարունակելու իշխանափոխության գործընթացը։

Երևանից սկսած իշխանափոխությունը շանս է ՌԴ–ի ու Իրանի հետ հարաբերությունների կարգավորման

Երևանյան ընտրությունները «Մայր Հայաստան» դաշինքը դիտարկում է նաև աշխարհաքաղաքական համատեքստում։ Հայաստանի գործող իշխանությունը ներկայումս քայլեր է իրականացնում, որոնք և՛ Հայաստանի շահերի դեմ են, և՛ զրկում են Հայաստանին բնական դաշնակիցներից` Իրանից ու Ռուսաստանից, որը հենց ձեռնտու է մեր թշնամիներին։

«Քայլ առաջին` Ալեն Սիմոնյանի լեզվակռիվը Ռուսաստանի հետ որևէ տեղ մեզ չի տանում, ու չկա այդ հարցի պատասխանը, թե ինչու է նման բան անում։ ՀԱՊԿ–ից ներկայացուցիչ են կանչում, տեղը ոչ մեկին չեն նշանակում, որը դեմարշ է։ Այնուհետև վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, մեկնում է Ուկրաինա, որը հարյուր տոկոսով պրոադրբեջանական տեսակետ ունի։ Այս Արևմուտք–Ռուսաստան հակամարտության մեջ մտնելը, հումանիտար օգնություն տանելը և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի դեմ է։ Հաջորդը` զորավարժությունները ԱՄՆ–ի հետ, որին ևս դեմ են արտահատվել Իրանն ու ՌԴ–ն»,–թվարկեց քաղաքապետի թեկնածուն։

Մինչդեռ Հայաստանը հիմա առավել, քան երբևէ պարտավոր է իր շահերից ելնելով այդ երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնել, որպեսզի բալանսավորի Թուրքիային և Ադրբեջանին։ Թևանյանի կարծիքով` Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր են փչացնում այդ հարաբերությունները, որը քարտ բլանշ է թշնամուն, որ կարելի հարձակվել։

Այս ամենի հետևում, ըստ նա, արևմտյան ուժեր են կանգնած, որոնց պատվերը կատարում են այս իշխանությունները։

«Փաշինյանը հայ–ադրբեջանական հարաբերությունները, Արցախի խնդիրը տեղափոխել է երկու իրարամերժ ու իրար հետ պատերազմող հարթության մեջ` վաշինգտոնյան և մոսկովյան, ու հայտնվել է Ալիևի գրպանում` հայտարարելով, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Պարզ է, որ դրա վերջում թշնամին հասնելու է Երևան»,–ասաց նա։

«Մայր Հայաստան» դաշինքն այս հարցում լուծումը տեսնում է դիվանագիտական դաշտում Պրահայի գործընթացից դուրս գալը, որը նշանակում է չճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, այնուհետև հիմք ընդունել միջազգայնորեն լեգիտիմ ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9–ի փաստաթուղթը, որտեղ և՛ ՌԴ–ն, և՛ Ադրբեջանը պետք է կատարեն իրենց պարտավորությունները։

Sputnik Արմենիա