Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Ի՞ՆՉ ՏՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Կան ժողովուրդներ, որոնք իրական ժողովրդավարության միջոցով հասել են ավելի բարձր մակարդակի, բարեկեցության, իրավագիտակցության, խաղաղ ու արժանապատիվ կյանքի, սակայն դա Հայաստանի մասին չէ. այստեղ կեղծ ժողովրդավարության ֆասադի տակ կատարվում են այլանդակություններ, որոնք որևէ աղերս չունեն այդ եզրույթի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը` խոսելով ժողովրդավարության ու ՀՀ–ի վրա դրա հետևանքների մասին։
Նա ընդգծեց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում նկատվում է ժողովրդավարության բռնի «էքսպորտ» (արտահանում) Արևմուտքից դեպի աշխարհի մյուս երկրներ, ինչը բերում է պետական, ազգային աղետների և նույնիսկ պետությունների կազմաքանդման։
«Մենք համաշխարհային նորագույն պատմության վերջին փուլում առնչվում ենք մի գաղափարի, որը կոչվում է ֆասադային ժողովրդավարություն, որի ժամանակ արտաքին ատրիբուտիկ ժողովրդավարությունը կարծես թե պահպանվում է, լուսավոր ու գեղեցիկ է, իսկ ներսում նեխած ու բավական տգեղ մի համակարգ է, որը նույնպես հանգեցնում է պետությունների և ժողովուրդների աղետի»,– ասաց Հովհաննիսյանը։
Վերլուծաբանը նշեց, որ վերոնշյալ փուլով ավելի վաղ անցել է մեր հարևան պետությունը` Վրաստանը, և ունեցել շատ մեծ կորուստներ։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Վրաստանը համարեց ժողովրդավարության բաստիոն, ընդ որում` առաջինը հետխորհրդային տարածքում։ Սակայն Սաակաշվիլու հեռանալուց հետո պարզվեց, որ այդ «բաստիոնում» նրա իշխանության ժամանակ 200-300 հազար մարդ է անցել բանտերով, տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, սեփականության իրավունքի վերաբաշխում, տոտալ ունեզրկում և բոլորի աչքի առջև տեղի ունեցած տարածքային կորուստներ։
«Ժողովուրդները սրա մասին, ցավոք, ուշ են իմանում, երբ շատ տխուր փաստերն արդեն կայացած են։ Իրականությունն այն է, որ մենք Վրաստանի օրինակով հետևություններ չարեցինք։ Ոչ ոք չի թաքցնում , որ 2018 թվականին և դրանից վաղ Հայաստանն ուներ ռեֆորմացիայի կարիք, սակայն Հայաստանը գնաց ոչ թե ռեֆորմացիաների, այլ լճացման ճանապարհով, և 2018 թվականին պատահական մարդիկ փողոցից եկան իշխանության, որոնք իրենց բրենդը սարքեցին ժողովրդավարությունը։ Ու Հայաստանը ժողովրդավարության քողի տակ ունեցավ իր պատմության վերջին հարյուրամյակի ամենածանր կորուստները` պատերազմ, աղետ, զոհեր, տարածքային կորուստներ»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Հովհաննիսյանը հատկանշական է համարում այն, որ նախքան պատերազմը ՀՀ իշխանությունը, առաջին դեմքից սկսած, համոզում էր հայ հասարակությանը, թե քաղաքակիրթ աշխարհը որևէ պարագայում թույլ չի տա ավտորիտար Ադրբեջանի ագրեսիան ժողովրդավարական Հայաստանի դեմ։
«Սա կա՛մ թակարդ էր, որի մեջ դիտավորյալ գցեցին մեր ժողովրդին, կա՛մ ուղղակի մանկամիտ պատկերացումներ, որը կարող էր ունենալ փողոցից եկած իշխանությունը։ Մենք տեսանք, որ աշխարհը շատ լավ հանդուրժեց ավտորիտար Ադրբեջանի ագրեսիան, և աշխարհը 44–օր լռում էր ու որևէ ջանք չէր թափում այդ անմարդկային անարդար պատերազմը շուտ կանգնեցնելու համար։ Եվ Ադրբեջանի վրա որևէ էական ճնշում չգործադրվեց»,–ասաց նա` հավելելով, որ նույն ժողովրդավար Արևմուտքը հիմա էլ է շարունակում լռել` տեսնելով, թե ինչպես է ավտորիտար Ադրբեջանը ֆաշիստական շրջափակման մեջ պահում Արցախը։
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է ձգտի դառնալ ժողովրդավարական երկիր ու ձգտի այն արժեհամակարգին, որը դավանում են քաղաքակիրթ պետությունները։ Սակայն այսօրվա բևեռացված աշխարհում նույն ժողովրդավարության վերաբերյալ պատկերացումներն էլ վերանայման կարիք ունեն, պետք է ավելի պարզ հասկանալ` ինչ ասել է ժողովրդավարություն։
Օրինակ, ըստ վերլուծաբանի, Ուկրաինան համարվում է Ռուսաստանից ժողովրդավար երկիր, բայց այդ երկիրն այսօր կործանման եզրին է, իսկ այնտեղ ապրող ժողովուրդը` պատմական աղետի մեջ։
«Ժողովրդավարությունը լավ է, եթե ժողովուրդներն ընկալում են դա և աստիճանական գնում դեպի ավելի քաղաքակիրթ համակեցության կանոններ, բռնի ժողովրդավարությունը կամ կեղծ ժողովրդավարությունը բերում է աղետների։ Սա այնքան պարզ է, որ ես կուզեմ` այլ պետությունները մեր օրինակը քաղեն և չխաբեն իրենք իրենց ժողովուրդներին ու չտանել աղետների»,–ասաց նա։
Հովհաննիսյանը շեշտեց` ժողովրդավարությունն առաջին հերթին կրթված և պետական մտածողություն ունեցող հանրություն ունենալն է, ինչն իր հերթին կբերի բարքերի փոփոխության։ Դա չի կարող մեկ օրում լինել և ենթադրում է համբերատար ճանապարհ։ Իսկ այսօրվա Հայաստանում հայտարարված «ժողովրդավարությունը», որի տակ կատարվում են բազմաթիվ այլանդակություններ, որևէ կապ չունի իրական ժողովրդավարության հետ։
Նշենք, որ 2007 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 15–ը հռչակել է Ժողովրդավարության միջազգային օր։