ՆԱՍԿԱՅԻ ՄՈՒՄԻԱՆԵՐԸ ՆԱԽԱԻՍՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՄԱԽՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ ԵՆ

Հետազոտողները չեն հաստատել պերուական Նասկա անապատի մումիաների այլմոլորակային ծագումը, որը հերթական անգամ առաջացրել է համաշխարհային լրատվամիջոցների հետաքրքրությունը Մեքսիկայի Կոնգրեսում նրանց ներկայացումից հետո. մշակույթի նախարար Լեսլի Ուրտեագայի խոսքով՝ դրանք պատրաստվելեն նախաիսպանական ժամանակաշրջանի ոսկրային մնացորդներից։ Նրա գերատեսչությունը քրեական գործ է հարուցել այդ մնացորդները երկրից դուրս բերելու համար:

«Ոչ, արագ հաստատվեց, որ դրանք նախաիսպանական ժամանակաշրջանի կմախքի մնացորդներ են», - պատասխանել է Ուրտեագան, ի պատասխան լրագրողների հարցին մումիաների ծագման վերլուծության արդյունքների մասին, որոնք, իբր, Պերուի ափին գտել է մի գյուղացի 2015 թվականին երկրի հարավում: Զրույցը հեռարձակվել է Latina Noticias հեռուստաալիքով։

Այս շաբաթվա սկզբին լրագրող և «ուֆոլոգ» Խայմե Մաուսանը կրկին Մեքսիկայի Կոնգրեսին է ներկայացրել Պերուում հայտնաբերված «երկու հումանոիդների մումիաները»։ Նրա խոսքով՝ մոտ հազար տարեկան 60 սանտիմետրանոց մարմինները պատկանում են այլմոլորակայիններին։

«Նախարարությունում այս թեման երկար տարիներ քննարկվել է, այս ենթադրյալ հայտնագործության մասին մենք շատ ավելի վաղ ենք իմացել։ Կարող եմ ասել, որ այդ պահին մշակույթի նախարարությունը քրեական գործ է հարուցել այդ պարոնների հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ, և ես հիմա մտադիր եմ հարցում անել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Գործը վերաբերում էր նախաիսպանական գտածոների արտահանմանը, այն ժամանակ մենք դրանք (մումիաները՝ խմբ.) համարում էինք նախաիսպանական շրջանի կմախքի մնացորդներ»,- հավելել է նախարար Ուրտեագան։

Խոսելով Մեքսիկայի Կոնգրեսի լսումներին ներկայացված մումիաների այլմոլորակային հատկանիշների և ԴՆԹ-ի անալիզի մասին՝ մշակույթի նախարարն ընդգծել է, որ Պերուի ոչ մի գիտական ​​կազմակերպություն նման հայտարարություններ չի արել։

Ըստ պերուացի գիտնականների հայտարարության, որոնք դեմ են արտահայտվել 2018 թվականին հնագիտական ​​գտածոների կեղծմանը, «այլմոլորակայինների մարմինները» կարող էին պատրաստվել երեք տարի առաջ Նասկա անապատում հայտնաբերված իրական մումիաների դրվագներից: 2015 թվականին պեղումների ժամանակ այնտեղ հայտնաբերվել է 171 մումիա՝ մոտ 1200 տարեկան, և հնարավոր է, որ այս շրջանի հնագույն բնակիչների այլ մումիաներ կամ դրանց դրվագները կարող էին հայտնվել կեղծարարների մոտ։

News.am