ՄԻՋԱՆՑՔ, ՈՐԸ ՄԻՋԱՆՑՔ ՉԷ

Վերջերս Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահը նախ ծանուցեց այդ խոսակցության մասին, թե իբր՝ Փաշինյանին ասելու բան ունի, ինչպեսև պատասխան պահանջելու, այնուհետ զանգահարեց։ Թե ինչի մասին են խոսել՝ մնաց յոթ փականքի տակ։ Պետրոսին տված հարցազրույցում, որտեղ վարչապետը եռանդագին ջախջախում էր իր նախկին թիմակից Մարությանին, վարչապետը խուսափեց պատասխանից, ասելով միայն, թե հստակեցվել են որոշ նրբերանգներ։ Դե, չցանկացավ պատասխանել, թե ինչի համար է իրեն շշպռել Էրդողանը։

ԱՎԵԼԻ ԶՐՈՒՑԱՍԵՐ ԳՏՆՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱԲԴՈՒԼԿԱԴԻՐ ՈՒՐԱԼՕՂԼՈՒՆ։ Ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության մուլտիմոդալ տրանսպորտի և լոգիստիկայի համաժողովում՝ նա «ուրախալի լուր» հայտնեց ներկաներին. «Զանգեզուրի միջանցքը» շուտով կբացվի։ «Զանգեզուրի միջանցքը կարևոր քայլ կլինի, որը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը։ Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ դա հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու համար»,- հայտարարեց պարոն Ուրալօղլուն։

Հայաստանի խորհրդարանում պատգամավորների հարցերին կառավարության պատասխանի ժամին Փաշինյանին հարցրեցին, թե ամենակարճ ժամկետում բացվելիք այդ ի՞նչ «Զանգեզուրի միջանցքի» մասին էր խոսում թուրք նախարարը։

Է՜, թարկեք, պատասխանում էր Փաշինյանը, այն տրամաբանությամբ, որով դուք հարցնում եք, թե միջանցքը լինելու է արտատարածքային, նման բան չկա, դա մեզ համար կարմիր գիծ է։ Բայց այո, մենք կողմ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ ճանապարհի բացմանը, և եթե ինչ-որ մեկը դա անվանում է միջանցք, ի՜նչ արած…

Մենք, պարզաբանում էր Փաշինյանը, երբ ասում ենք՝ «միջանցք», նկատի ունենք 9.11.2020-ի հայտնի եռակողմ հայտարարության մեջ նկարագրված միջանցքը, իսկ այ Արևմուտքում շատերը «միջանցք» ասելիս նկատի ունեն պարզապես ճանապարհ, և այդ նրբերանգը դժվարացնում է մեր դիրքորոշման ըմբռնումը։ Մեր զրուցակիցները հաճախ տարակուսում են, թե այդ ո՞նց եք դուք կողմ ճանապարհների բացմանը, բայց դեմ՝ «միջանցքին»։ Ահավասիկ Հյուսիս-Հարավ մայրուղին էլ, որը մենք ջանադրաբար վերանորոգում ենք, փաստաթղթերով ախր կոչվում է «միջանցք»... Այսպես մանրամասն ամեն ինչ բացատրեց պատգամավորներին Փաշինյանը, և բոլորի համար պարզ դարձավ, որ թուրք նախարարն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել ոչ այն միջանցքը, որը նկատի ուներ հարցը տվող պատգամավորուհին։

ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՐՑՆԵԼ՝ ԻՍԿ Ո՞ՐՆ Է ԽՆԴԻՐԸ, ՉԷ՞ ՈՐ ՄԵՆՔ ԻՍԿԱՊԵՍ ԴԵՄ ՉԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ։ Նախ՝ խնդիրն այն է, որ եթե այսօր Փաշինյանն ասում է, որ այդ միջանցքն ամենևին էլ այն միջանցքը չէ, ապա դա բնավ չի նշանակում, թե վաղը նա այլ «նրբերանգներ» չի գտնի միջանցքների խնդրի մեջ և չի ասի ճիշտ հակառակ ինչ-որ բան...

Երկրորդ, եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես այսօր ասում է Փաշինյանը, և լինի Երևանի կողմից վերահսկվող սովորական ճանապարհ, որը ինչ-որ մեկը ինչ-որ տեղ երբեմն կանվանի միջանցք, ապա... Հասկանալի է, որ շահում են Բաքուն ու Անկարան։ Թուրք նախարարն ուղիղ ասաց այդ մասին։ Իսկ ի՞նչ է շահում Հայաստանը։

Այդ առնչությամբ՝ ոչ մի բառ։ Որովհետև միջանցքի բացումը, լինի դա այսպիսի միջանցք, թե այնպիսի, պարզապես հերթական զիջումն է լինելու Ադրբեջանին։ Ավելի ճիշտ՝ Ալիևի այն պահանջի կատարումը, որ Լաչինի միջանցքը, որտեղ ադրբեջանական անցակետ է տեղադրված, պիտի ունենա նույն կարգավիճակը, ինչ «Զանգեզուրի միջանցքը»... Հայաստանը դրա դիմաց ոչինչ չի ստանա, նույնիսկ ռազմագերիներին։

Ինչպե՞ս է բացատրելու Փաշինյանը իր հերթական զիջումը։ Շատ պարզ. ինչպես որ խորհրդարանում բացատրեց Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս: Իբր՝ Ադրբեջանի ագրեսիան կանխելու այլ ճանապարհ չկար այն պայմաններում, երբ դաշնակիցները երես թեքեցին մեզանից…

Նույնը կասի նաև այս անգամ. միջանցք կամ կիսամիջանցք է տվել՝ Ադրբեջանի հերթական ագրեսիան կանխելու համար։ Այդ «տրամաբանությամբ» էր նա Ադրբեջանին հանձնում Սյունիքի դիրքերը, Գորիս-Կապան ճանապարհի հատվածները, Սև լճի մերձակա դիրքերը, ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Իսկ հիմա եկել է միջանցքի հերթը, թեկուզև առայժմ ոչ այն միջանցքի, որը «կարմիր գիծ» է, այլ սովորական միջանցքի

Եվ Հայաստանի աստիճանական հանձնումով այն փրկելու սույն տրամաբանությունը կլինի միշտ, քանի դեռ իշխանության ղեկին է այս քաղաքական թիմը։