ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ․ NATIONAL JOURNAL-Ը՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Եվրասիայում հումանիտար աղետ է ծավալվում, և օրենսդիրները իրավապաշտպանների հետ միասին պահանջում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին գրել է National Journal պարբերականը։

Հոդվածի հեղինակ Քրիստինա Մազան հիշատակել է հինգշաբթի տեղի ունեցած լսումները Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում, Արցախում ճգնաժամի հարցի վերաբերյալ։

«Իրավապաշտպանները և իրավունքի ոլորտի փորձագետները հավաստիացնում են, որ երկրում տեղի է ունենում էթնիկական զտում։ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսն աջակցել է այս տեսակետին՝ Սենատի նիստում հայտարարելով, որ Ալիևը և նրա վարչակարգը «փորձում են սովամահ անել այդ մարդկանց կամ հասցնել քաղաքական հնազանդման»։ Հինգշաբթի օրվա լսումների ժամանակ Մենենդեսը հարցրել է, թե ինչու վարչակազմը չի օգտագործում պատժամիջոցներ այն վարքագծի դեմ, որը ենթակա է պատժամիջոցների։

Դևիդ Ֆիլիպսը Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների հետազոտման ինստիտուտից հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի պատժամիջոցներ ըստ «Մագնիտսկու օրենքի», որոնցով արգելվում է ԱՄՆ մուտքը և սառեցվում ակտիվները, ինչպես նաև այլ իրավական մեխանիզմեր Ալիևին անձնական պատասխանատվության ենթարկելու նխատակով՝ Արցախի բնակիչներին սովի մատնելու համար»,- նշել է հոդվածի հեղինակը։

Մազան ընդգծել է, որ միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց այդ տարածքի բնակչության մեծ մասը էթնիկ հայեր են։

«Այս իրավիճակը Խորհրդային Միությունից մնացած ժառանգություն է, որտեղ բոլշևիկները ամրապնդել են իշխանությունը Հարավային Կովկասում և Արցախը դարձրել ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, չնայած բնակչության մեծամասնությունն ադրբեջանցի չէ»,- գրել է հոդվածի հեղինակը։

Որոշ փորձագետներ նախազգուշացնում են, որ եթե հումանիտար իրավիճակը չկարգավորվի առաջիկայում, ապա կարող է սկսվել նոր արյունահեղություն։

Ադրբեջանը, ինչպես նշվում է, զենք և ուժեր է կուտակում Արցախի հետ շփման գծում, ինչպես արել է Ռուսաստանն անցած տարի Ուկրաինա ներխուժման նախօրեին։ Տեղում գտնվող մարդիկ հավաստիացնում են, որ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա նույնպես չի բացառվում, ընդգծել է պարբերականը։

Արցախի բնակիչ Արտակ Բեգլարյանը, որը նախկին պետնախարարն էր, ասում է, որ իրավիճակը մայրաքաղաք Ստեփանակերտում սրընթաց վատթարանում է, նշել է պարբերականմը։

«Պարենը և պաշարները, ինչպես նաև դեղորայքը, վառելիքը և առաջին անհրաժեշտության այլ առարկաներ վերջանում են կամ արդեն վերջացել են,- ասել է Բեգլարյանը։- Խանութները լրիվ դատարկ են։ Մեզ չի բավականացնում վառելիքը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու և բանջարեղենները ֆերմաներից մայրաքաղաք տեղափոխելու համար»։

Ադրբեջանը կարող է բախվել ծավալվող ճգնաժամի որոշ հետևանքների։ ԱՄՆ 907 օրենքը ազատության աջակցության մասին արգելում է ուղիղ ամերիկյան օգնությունն Ադրբեջանի կառավարությանը։ Սակայն միմյանց փոխարինող ամերիկյան վարչակազմերն ամեն տարի օգտագործել են այդ արգելքը չեղարկելու հնարավորությունը Ադրբեջանին ռազմական սարքավորումներ վաճառելու և այլ օգնություն ցուցաբերելու համար։

Այս տարին դարձել է առաջինը վերջին տասնամյակում, երբ վարչակազմը չի երկարացրել այդ սահմանափակման գործողությունն ամառվա ընթացքում։ Աղբյուրները տեղեկացրել են, որ վարչակազմը հրաժարվում է այդ սահմանափակունից, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա շրջափակման հետ կապված։

Մենենդեսը հայտարարել է, որ մարդու իրավունքների խախտումներն Ադրբեջանում և կայունության սպառնալիքները պետք է գերազանցեն բոլոր պոտենցիալ շահերը, որոնք ԱՄՆ-ն կարող է ունենալ՝ Բաքվին օգնություն ցուցաբերելով։

«Ես չեմ հասկանում, թե ինչպես մենք կարող ենք դրական արդյունք ունենալ, երբ Ադրբեջանը զորք է հավաքում։ Ես չեմ տեսնում, թե մենք ինչպես կարող ենք դրական արդյունք ստանալ, երբ Ադրբեջանը սառնասրտորեն սպանում է անզեն հայ զինվորներին և սեռական ծաղրուծանակի է ենթարկում ու հաշմում կին զինվորին,- ասել է Մենենդեսը։- Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է օրենքի 907 բաժինը հանգեցնել ավելի խաղաղ կարգավորման, երբ նրանք գտնվում են Արցախի 120 000 հայերի էթնիկ զտման շեմին»։

News.am