Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՆՈՐՈՇԻ, ՎԱՏԻ ՈՒ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

Արցախցին երկրի ներսում ստեղծված բարդագույն վիճակում, չունենալով Հայաստանի իշխանության գործուն սատարումն ու աջակցությունը, բառիս բուն իմաստով կյանքի կռիվ է տալիս, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության առաջարկը հիմք ընդունելով, Արցախի իշխանությունը որոշել է թույլատրել Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ):

Որքանով ես եմ տեղյակ, Արցախ են մատակարարվելու հիմնականում ալյուր, որոշ քանակով` նաև հիգիենայի պարագաներ և այլն:

Ասել, որ սա Արցախին շնչելու հնարավորություն է տալու` խիստ չափազանցրած կլինեմ, բայց եթե սա բերելու է դեպի Արցախ հումանիտար բեռի կանոնավոր փոխադրումների հնարավորություն, իշխանությունը պետք է խիստ հաշվարկված գործի:

Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը, և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով՝ իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև»,- գրել է Աբրահամյանը:

Aysor.am