Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԵՐԵՎԱՆԻ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿԲԵՐԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Երևանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի նխկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում անունը ասոցացվում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ, որին չհաջողվեց հաղթահարել 4 տոկոսի շեմը և հայտնվել Երևանի ավագանու կազմում:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընտրությունների հիմնական դասն այն է, որ հնարավոր չեղավ ապահովել մասնակցության բարձր մակարդակ և ընտրատեղամասեր բերել ակտիվ, խելամիտ, փոփոխությունների հնարավորությանը հավատացող հասարակության զանգվածներին, ովքեր կքվեարկեին այլընտրանք առաջարկող ուժերի օգտին։
Մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ գործող իշխանությունը չունի հանրային վստահություն։
Անգամ Փաշինյանի մասնակցությունը ի պաշտպանություն իր թեկնածուի հանրահավաքին չստիպեց ընտրողներին գնալ քվեարկության, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» նույնիսկ ռեկորդային ցածր մասնակցության պայմաններում չհաջողվեց ստանալ ընտրությունների մասնակիցների ձայների մեծամասնությունը։
Սա նշանակում է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն չունի հանրության մեծամասնության աջակցությունը (2018-ի ընտրությունների համեմատ այս ուժը կորցրել է ընտրողների գրեթե ¾-ի աջակցությունը), այլև իշխանությունների գործողությունները ստիպել են բնակչությանը. հեռու մնալ քաղաքականությունից, ցույց տալ, որ չեն կարող այդ ուժին վստահել իրենց իրավունքների և շահերի պաշտպանությունը։
Հենց այս առումով է, որ Երևանի ավագանու ներկայիս ընտրությունները դառնում են մի քայլ, որը կբերի իշխանափոխության և խորը փոփոխությունների։
Ինչ վերաբերում է «Ապրելու երկրի» մասնակցությանը և այս մասնակցության արդյունքներին, ապա կարծում եմ, որ դա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար, որը, վստահ եմ՝ չի պատրաստվում նահանջել և կշարունակի աշխատել, քանի որ կարծում է և վստահ է, որ կարող է շատ բան փոխել և ոչ միայն փոխել, այլ նաև լինել այս փոփոխությունների հիմքում:
Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, որոնք քվեարկել են «Ապրելու երկիր» կուսակցության և ընդհանրապես մյուս առողջ ընդդիմադիր ուժերի օգտին։ Վստահաբար կարող ենք ասել, որ սա լավ ներդրում է ապագայում։