ԱՐՑԱԽ. ԱՆՈՐՈՇԻ, ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Բերձորի միջանցքով Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ) համաժամանակյա տեղափոխման վերաբերյալ, երեկ տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ծանր հուզական խորապատկերը, որն ակնհայտորեն զգացվում է նույնիսկ պաշտոնական տեքստում, ընդգծված է շրջափակման պայմաններում հացի օրաբաժնի մասին հիշատակմամբ. «ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը»։ Թե ով է Հայաստանում հիշում այդ աղքատիկ 200 գրամի մասին՝ անպատասխան մնացող հարց է…

Ընտրական տենդով համակված Երեվանը գրեթե չնկատեց ոչ միայն դա, այլև նախորդած ևս երկու շատ կարևոր հաղորդագրություններն Արցախից։ Սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան սոցցանցերում տեղեկություններ հայտնվեցին շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի ակտիվ տեղաշարժերի և նկատելի կուտակումների մասին, ինչը մտահոգել է արցախցիներին, հատկապես թշնամու ռազմական ներխուժման անխուսափելիության մասին չդադարող խոսակցությունների խորապատկերին:

Շատ շուտով պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ «Արցախի Հանրապետության ՊԲ-ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը»: Հանրապետության իշխանությունները նաև հիշեցրել են, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում շահագրգռված են նախևառաջ թշնամու հատուկ ծառայությունները, և կոչ են արել հավատալ միայն պաշտոնական լրահոսին:

Հաշվի առնելով հաջորդ օրն ընդունված որոշումը՝ թույլատրելու երկու ճանապարհներով մարդասիրական բեռների փոխադրումը, դժվար չէ ենթադրել, որ Արցախի իշխանություններին վերջնագիր է ներկայացվել. կա՛մ կհամաձայնեն օգտագործել Ակնայի ճանապարհը, կա՛մ անխուսափելի կդառնա այսպես կոչված «ռազմական գործողությունը», իսկ իրականում՝ հերթական հանցավոր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ։ Բնավ պատահական չէ, ի դեպ, որ նախօրեին հրապարակվեցին սոցհարցման արդյունքները, ըստ որոնց՝ ադրբեջանցիների 70%-ը կողմ է նման հարձակմանը։

Արցախում իրավիճակը հասել է ծայրահեղ ծանր կետի, հատկապես Ստեփանակերտում, որտեղ մարդիկ օրերով չեն կարողանում հաց գնել։ Սովի են մատնված կամ թերսնվում են երեխաները, հիվանդներն ու տարեցները, որոնք շրջափակման պայմաններում են ապրում դեկտեմբերի 12-ից, իսկ ամբողջական պաշարման պայմաններում ՝ հունիսի 15-ից: Արցախցիների հերոսական դիմակայությունն արդեն մտել է հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես իսկական սխրանք, և երեկ կայացված որոշումը չնչին իսկ ստվեր չի կարող գցել այդ անառարկելի ճշմարտության վրա. դա պետք է ականջին օղ անեն անխտիր բոլոր քննադատները։

Արցախն, ըստ էության, մեն-մենակ է մնացել ոչ միայն անմարդկային և անբարո թշնամու, այլև բոլոր միջնորդների ստորագույն դիրքորոշման առջև, որոնք իրենց անգործությամբ ոլորում են արցախահայությանը թևերն ու ստիպում համաձայնել Ակնայի ճանապարհի բացմանը։ Այս տեսանկյունից 1991-1992թթ. իրավիճակի հետ համեմատությունները չեն դիմանում քննադատության, քանզի այն ժամանակ ողջ Հայաստանը, չնայած ՀՀՇ-ական իշխանությունների դավաճանական դիրքորոշմանը, անսասան կանգնած էր արցախցիների կողքին և նրանց հետ միասին պայքարում էր ընդհանուր թշնամու դեմ։ Ավելորդ է կրկին ու կրկին բերել բոլոր այն փաստարկները, որոնք հստակ ապացուցում են մեկ բան. Հայաստանի այսօրվա իշխանությունները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ, ամեն ինչ արեցին, որպեսզի հումանիտար աղետը հասնի իր գագաթնակետին, և Ստեփանակերտին այլ ելք չմնա, քան համաձայնել ԿԽՄԿ-ի և խաղաղապահների առաջարկին:

Հաշվի առնելով Բաքվի ուխտադրուժ էությունն ու ստախոսությունը, ինչը հերթական անգամ վառ դրսևորվեց բառացիորեն օրերս՝ Ակնայից ռուսական բեռները բաց թողնելուց հետո Բերձորի միջանցքը բացելուց հրաժարման տեսքով, ոչ մի երաշխիք չկա, թե երեկվա համաձայնությունը կայուն կգործի։ Վաղ առավոտյան հաղորդագրություն ստացվեց, որ երկու ճանապարհներով միաժամանակ ճամփա են ընկել ԿԽՄԿ բեռնատարները։ Ըստ տելեգրամ-ալիքների հաղորդագրությունների՝ դրանցում ոչ մի գրամ ադրբեջանական բեռ չկա, բացի այդ, Արցախի իշխանությունները թույլ չեն տվել Կարմիր մահիկի բեռնատարների մուտքը երկիր: Առաքված բեռը հիմնականում արտասահմանյան արտադրության մանկական միջադիրներ են, բժշկական և հիգիենիկ պարագաներ: Գորիսից Ստեփանակերտ է բերվել ալյուր։

Հասկանալի է, որ Բերձորի միջանցքի բացման մասին լիարժեք իմաստով դեռևս խոսք անգամ չկա։ Բացի այդ, գործնականում կասկածից վեր է, որ միջանցքի բացման գործոնն Ալիևն անընդհատ օգտագործելու է որպես շանտաժի գործիք: Սակայն ամեն դեպքում երկու ճանապարհների համաժամանակյա օգտագործման համաձայնությունը ոչ մի կերպ չի ձգում Ադրբեջանի և նրա նախագահի «հաղթանակի», ինչպես փորձում են ներկայացնել Բաքվում։

Այն փաստը, որ Բերձորի միջանցքը փակ է մնում, չնայած ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, չնայած ՝ «անհապաղ, հենց հիմա, առանց այլընտրանքի» այն բացելու աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց բազմիցս հնչեցրած կոչերին, դարձավ դասական ընկալմամբ միջազգային հանրության և միջազգային իրավունքի ակնհայտ պարտությունը: Քանզի բոլորին էլ հասկանալի է, որ մեծաքիթ սուլթանը երբեք չէր համարձակվի այդքան լկտի ու անամոթաբար պահել իրեն, եթե վստահ չլիներ, որ բանավոր հորդորներից ու թղթային որոշումներից այնկողմ (թեկուզև աշխարհի ամենաազդեցիկ ատյանների) բանը չի հասնի։

Քանի որ նույնիսկ ոչ թե Ադրբեջանի, այլ անձամբ նրա և իր ընտանիքի նկատմամբ ամենագործուն պատժամիջոցների ակնարկն անգամ վայրկենապես կազդեր, և հարցը կլուծվեր։ Բայց հենց դա էր, որ տեղի չունեցավ, և բոլոր որոշումների, բանաձևերի ու կոչերի հեղինակները շատ լավ գիտեին սեփական ձգտումների ու հնարավորությունների սահմանները՝ ստեղծելով մարդասիրության ու վճռականության պատրանք, բայց իրականում հավատարիմ մնալով «հուսալի գործընկերությանը» նավթագազային սուլթանության հետ։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որին անխնա քննադատում էին Ալիևի հետ ուրախ ձեռքսեղմման համար, գոնե երեսպաշտություն չէր անում, ի տարբերություն եվրոպական ու ամերիկյան մյուս բարձրաստիճան պաշտոնյաների։

Առանձին խոսակցության թեմա է, իհարկե, Ռուսաստանը, որը շատ ավելի մեծ հնարավորություններ ուներ լուծելու խնդիրը «հողի վրա»։ Այս թեմայի շուրջ կարելի է երկար խոսել, և ամենակարևորն էլ արդեն բազմիցս ասվել ու արծարծվել է։ Ուստի ընդգծենք միայն մեկ հանգամանք. ռուս չինովնիկների բուռն լեզվակռիվը հայ գործընկերների հետ պտտվում էր հիմնականում այն հարցի շուրջ, թե ով է մեղավոր Արցախի հանձնման և այսօրվա հումանիտար աղետի համար։

Երկու կողմերի այս երեսպաշտությունը, փոխադարձ մեղադրանքները ծանր տպավորություն են թողնում, խիստ բացասաբար ազդելով երկու երկրների փոխհարաբերությունների վրա։ Սակայն, մյուս կողմից, նաև ապացուցում են, որքան էլ տարօրինակ է, մի կարևոր փաստ. տվյալ դավաճանական «գործարքը» երկու կողմերն էլ ճանաչում են փաստացի անցանկալի, սխալ և բավական բացասական հետևանքների հանգեցնող։ Հակառակ դեպքում պաշտոնական Մոսկվան ու Երևանը չէին ջանա այդքան եռանդագին գցել իրենց վրայից մեղքն ու մեկը մյուսի վրա բարդել Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը։

ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ, ՍԱԿԱՅՆ, ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ։ Հասկանալի է, որ Ստեփանակերտում ծանր որոշում է ընդունվել, և այն թելադրված է գրեթե անելանելի իրավիճակով՝ մարդկանց հացով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու առումով։ Բաքուն ձգտում է ուղղակի խեղդել Արցախը, ընդ որում շտապում է մի շարք գործոնների պատճառով։ Այն այլընտրանքը, որ համաձայնվեն ճանապարհի բացմանը կամ պատասխանատվություն ստանձնեն «ռազմական գործողության» հետևանքների համար՝ այն պայմաններում, երբ սաստիկ ջլատված Պաշտպանության բանակը ստիպված կլինի միայնակ դիմակայել թշնամու բոլոր առումներով բազմապատիկ գերազանցող ուժերին, այլ ընտրություն չի թողնում։

«Արցախլուր»-ի հաղորդմամբ՝ Ակնայով կտեղափոխվեն շվեյցարական, իսպանական, ռուսական և հնդկական արտադրության ապրանքներ, Բերձորի միջանցքով՝ հիմնականում հայկական արտադրության ալյուր: Ինչպես նշում է ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ «Ասել, որ սա Արցախին շնչելու հնարավորություն է տալու` խիստ չափազանցած կլինեմ, բայց եթե սա բերելու է դեպի Արցախ հումանիտար բեռի կանոնավոր փոխադրումների հնարավորություն, իշխանությունը պետք է խիստ հաշվարկված գործի»: Նրա խոսքերով՝ «Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև»։

Պետք է ենթադրել, որ Արցախի իշխանություններն ընտրել են «վատը»՝ չանցնելով այնուամենայնիվ այն կարմիր գիծը, որի մասին բազմիցս հայտարարել են։ Փաշինյանն ու Ալիևը իրավիճակը հասցրել են նրան, որ Արցախի հարցի քաղաքական բաղադրիչը՝ նրա կարգավիճակը, գործնականում մոռացված է, առաջին պլան է դուրս եկել զուտ հումանիտար բաղադրիչը, իսկ հիմա արդեն խոսքը 120 հազար արցախցիների կյանքը փրկելու մասին է։ Բայց նույնիսկ վատթարագույն իրավիճակում կարևոր է թողնել գլխավորի համար պայքարելու հնարավորությունը, պահպանել որոշումներ կայացնելու իրավունքը և փորձել խուսավարել՝ իրավիճակը փոխելու ակնկալիքով։

Նույնիսկ վատթարագույն իրավիճակում կա հետագայում դա ի նպաստ քեզ օգտագործելու հնարավորություն, քանզի նույնիսկ այդպիսի իրավիճակը կարող է հանկարծ փոխել իր վեկտորը, հատկապես այսչափ անկայուն տարածաշրջանում: Մնում է հուսալ, որ Ստեփանակերտում ճիշտ են հաշվարկել հսկայական ռիսկերը և նկատել են իրենց որոշման նվազ հնարավորությունները։