Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԵՐԺԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

 


Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ, որոնց հիմնական արդյունքն այն էր, որ Վանաձորից և Գյումրիից հետո, Երևանը դարձավ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին մերժած երրորդ և ամենամեծ քաղաքը։ Հիշեցնենք, որ թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես չկարողացավ հաղթել ընտրություններում, և միայն վարչական ռեսուրսի օգտագործումն ու կուլիսային գործընթացները օգնեցին Փաշինյանին՝ պահպանել իշխանությունն այս քաղաքներում, մինչդեռ, քաղաքացիները մերժեցին իշխանություններին և նրանց քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է ընտրությունների այլ արդյունքներին, ապա հարկ է նշել հետևյալը.

1 Անդրանիկ Թևանյանը գնաց քաղաքական ռիսկի` մինչև ընտրարշավի մեկնարկը հրաժարվելով պատգամավորական մանդատից, և ընտրությունների արդյունքներն ապացուցեցին, որ ռիսկն արդարացված էր։ Ավելին, իր կենսունակությունն ապացուցեց այն օրակարգը, որով Թևանյանը գնաց ընտրությունների, և որն ավելի շատ կրում էր համապետական, քան թե նեղ, Երևանյան բնույթ, որի առանցքում անվտանգության, Արցախը հայկական պահպանելու հարցերն էին։ Ե՛վ հայ, և՛ օտարերկրյա վերլուծաբանների հայտարարությունները, ովքեր երկար ժամանակ փորձում էին համոզել, որ «Արցախի օրակարգն այլևս հետաքրքիր չէ հայ ժողովրդին», ցույց տվեցին իրենց ոչ կոմպետենտ լինելը։

Կարևոր է նաև նշել, որ Թևանյանը արմատական ընդդիմության միակ ներկայացուցիչն էր, որ մասնակցեց ընտրություններին։ Իհարկե, Թևանյանին սատարում էին «Հայաստան» դաշինքը, «Դաշնակցություն» կուսակցությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ (ի դեպ, Թևանյանն ընտրություններում միակ թեկնածուն էր, որին սատարում էին շարժման մեջ չընդգրկված քաղաքական և հասարակական այլ ուժերի ներկայացուցիչներ), բայց ակնհայտ է, որ «Մայր Հայաստան» դաշինքի ընտրությունների արդյունքը կարող էր ավելի դրական լինել, եթե մյուս քաղաքական ուժերը, մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները, սատարեին Թևանյանին։ Բայց, անգամ առանց դրա, Թևանյանը և «Մայր Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքներով դարձան շատ կարևոր գործոն Հայաստանի քաղաքական դաշտում, որը ոչ միայն չսպառեց իր կոնսոլիդացիոն ռեսուրսը, այլև ավելացրեց այն ընտրությունների արդյունքներով։

2 Ընտրությունների երկրորդ ուշագրավ արդյունքն այն է, որ Ռուբեն Վարդանյանը կրեց երկրորդ քաղաքական պարտությունը: Առաջին անգամ նա պարտվել էր Արցախում, երբ մինչև պետնախարարի պաշտոնը ստանձնելը, չհաշվարկեց իրադարձությունների զարգացման հնարավոր քաղաքական սցենարները, իր համար քաղաքական հենարան չստեղծեց և իրավիճակը հասցրեց հրաժարականին։ Վարդանյանը երկրորդ անգամ պարտվեց սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրություններում։ Թեև շատերը նշում են, որ պարտության պատճառը նրա կողմից հովանավորած կուսակցության կադրերն էին, որոնք մեծ մասամբ, նախկինում Փաշինյանի քաղաքական թիմից էին, սակայն պատճառը շատ ավելի խորն է։

3 «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը, համեմատած «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի հետ, ապացուցեց, որ անսահմանափակ ֆինանսական ռեսուրսները, մեծ թվով լրատվամիջոցների բարեհաճությունը կամ օտարերկրյա քաղաքական ստրատեգները չեն ապահովում հաղթանակ, այլ հաղթանակն ապահովում է հստակ քաղաքական կուրսը, և որ ամենակարևորն է՝ հստակ գաղափարները։ Այժմ կարող ենք փաստել, որ «Ապրելու երկիր» նախագիծը ջախջախիչ ձախողում է ապրել, որը շատ առումներով կարող է վերջ դնել այս քաղաքական նախագծի ապագային։

4 Սեպտեմբերը ծանր ամիս դարձավ Փաշինյանի իշխանական համակարգի համար, որը մի քանի օրվա ընթացքում կորցրեց Արցախում քաղաքական աջակցությունը («Արցախի Փաշինյանը»՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց), ինչպես նաև Փաշինյանը չկարողացավ ապահովել իր կուսակցության հաղթանակը Երևանի ավագանու ընտրություններում:

Անկախ նրանից, ռեպրեսիվ ապարատը կմիանա թե ոչ, պետք է նշել, որ սեպտեմբեր ամիսը ապացուցեց, որ Փաշինյանը լեգիտիմ չէ համահայկական մասշտաբով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում։ Նրա իշխանությունը լեգիտիմ չէ, նրա կառավարության վարած կուրսը լեգիտիմ չէ։

5 Իհարկե, սա Փաշինյանի թիմի համար առաջին նման խոշոր պարտությունն է, բայց Հայաստանի քաղաքական դաշտում ռազմավարական շրջադարձի «հնարավորությունների պատուհան» է բացում, ինչը կարող է թույլ տալ խուսափել ոչ միայն Արցախի վերջնական կորստից, այլ նաև կարող է թույլ տալ վերականգնել Հայաստանի անվտանգության համակարգը։ Եվ այս ամենը՝ շնորհիվ այն բանի, որ Հայաստանի մայրաքաղաքը մերժեց Փաշինյանին։

Alpha News