Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՓԱՍՏՈՐԵՆ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիային ի պատասխան առաջին հերթին Ռուսաստանի կողմից քայլերի անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաբայանն այս մասին ասաց 5-րդ ալիքի հետ զրույցում:

«Պատերազմ է փաստորեն, կրակում են: Մերոնք պատասխանում են, մենք ձեռքերը ծալած չպետք է նստենք: Հիմա պետք է ամբողջ միջազգային հանրությունը, առաջին հերթին Ռուսաստանն այդ հարցը քաղաքական առումով կասեցնի ու կարգավորվի: Արդեն չափ ու սահմանն անցել է»,-ասաց Բաբայանը:

Նա շեշտեց՝ Ռուսաստանն, իհարկե, կարող է և պետք է բոլոր քայլերը ձեռնարկի:

Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի այս գործելաոճը անկանկալ չէր, Ադրբեջանից այլ բան չէին էլ կարող սպասել:

«Պետք է լավ հասկանանք, թե ինչ պետության հետ գործ ունենք: Ի դեմս Ադրբեջանի՝ ունենք երկիր, որտեղ հայատյացությունը պետական «կրոն» է: Իրենից այլ բան սպասել չէինք կարող: Կկարողանայի՞նք մենք դա կանխել՝ ոչ, քանի որ իրենք այս պահի դրությամբ իրենց զգում են անպատժելի: Պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկի Ռուսաստանը»,-շեշտեց նա:

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, իսկ արդեն 13։20-ի սահմաններում սկսեցին տարբեր բնակիչներից տեղեկություններ ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փաստացի հաստատելով ռազմական գործողությունների փաստը՝ իբր «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» կեղծ պատրվակով։

«Արմենպրես»