Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ստեղծված իրավիճակում առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի անկախությունը և զորահավաք հայտարարել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Արցախում կան ռուս խաղաղապահներ, նրանց թիվը բավարար չէ դիմադրելու համար, բայց այդ գործոնը Մոսկվային լծակներ է տալիս Բաքվի վրա լիարժեք քաղաքական ճնշում գործադրելու համար։ Թող Փաշինյանը մեկնի Մոսկվա և պահանջի»,-նշեց նա։
Վրթանեսյանը նկատեց, որ ընտրություններով զբաղվելու փոխարեն իշխանությունները պետք է զբաղվեին ավելի քան 100 հազար քաղաքացիների խնդիրներով:
«Այսօր հարվածների տակ են գտնվում Հայաստանի ավելի քան 100 հազար քաղաքացիներ, որոնք ապրում են իրենց հողում։ Նրանք գտնվում են բռնապետական, ավազակապետական, ցեղասպան ռեժիմի՝ Ալիևի ռեժիմի հարվածների տակ։ Նիկոլ Փաշինյանն իր հանցավոր խմբավորման հետ փախել է, նրանք դասալիք են։ Նրանց հետաքրքրում է միայն սեփական իշխանությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարություն կոչվածը բարոյականություն չունի։ Նրանք հայտարարում են, որ Հայաստանի սահմաններին ամեն ինչ հանգիստ է։ Այս ֆոնին հենց հիմա գնդակոծվում է Ստեփանակերտը, հարձակում է իրականացվում Հայաստանի քաղաքացիների վրա»,-հավելեց նա։