«ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼԱՑԸ, ՈՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՐԸ...»

Իրավիճակն Արցախում շարունակում է սարսափելի մնալ։ Արցախի բնակավայրերի բնակիչներից առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ ստացված տվյալներով՝ հանրապետությունում չեն դադարում հրետակոծությունները տարբեր ուղղություններով:

«ՄԵԶ ՄՈՏ ՊԱՐԶԱՊԵՍ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՉԷ, ՄԵԶ ՄՈՏ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է։ Մեզ անդադար գնդակոծում են հրետանային զենքերից ու դրոններից, իսկ մենք ստիպված ենք նստել նկուղներում՝ գրեթե առանց արտաքին աշխարհի հետ կապի,- պատմեց Արցախի Մարտակերտի շրջանի բնակչուհիներից մեկը, որի հետ «Գոլոս Արմենիի»-ի թղթակցին հաջողվեց կարճատև կապ հաստատել։- Երեկվանից շրջանում հոսանք չկա. թշնամին անխնա հարվածում է կոմունիկացիոն օբյեկտներին՝ ամեն ինչ անելով մեզ իրարից ու աշխարհից մեկուսացնելու համար: Ընտանիքների մեծ մասի անդամները ցրված են և ապաստան են գտել տարբեր նկուղներում, հնարավորություն չունենալով գոնե մի փոքր լուր ստանալ հարազատներից, անտեղյակ միմյանց գտնվելու վայրի մասին։ Ոչ մի տեղեկություն չկա նաև մեր տղամարդկանցից ու տղաներից, որոնք կենաց ու մահու կռիվ են տալիս իրենց ընտանիքների, տների, Հայրենիքի համար։ Նկուղներում չի դադարում երեխաների լացը, որին արձագանքում են մայրերը, որոնք մտահոգ են իրենց երեխաների ճակատագրով և անվերջանալի պատերազմի մեջ ներքաշված իրենց ամուսինների, որդիների, եղբայրների և հայրերի վիճակով: Ոչ մեկին չեմ ցանկանա հայտնվել մեր վիճակում։ Եթե Հայաստանի մեր հայրենակիցները մտահոգված են մեր ճակատագրով, թող միավորվեն ու պահանջեն Արցախի Հանրապետության ճանաչում»:

Այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը բռնազավթել է Արցախի բազմաթիվ բնակավայրեր, որտեղից դժվարությամբ է հաջողվել տարհանել բնակիչներին: Մարդիկ, թողնելով ունեցվածքը, հազիվ են հասցրել դուրս գալ հրետակոծության տակից և շարժվել դեպի Ստեփանակերտ ու հարակից գյուղեր, սակայն ոչ բոլորին է հաջողվել հասնել մայրաքաղաք: Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչների մի մասը ստիպված է եղել գիշերել անտառում՝ փոքրիկ, երբեմն նորածին երեխաները գրկին։ Ինչպես հաղորդել են փախստականները՝ գյուղը Ստեփանակերտին կապող կամուրջներից մեկը պայթեցվել է, և մարդիկ մնացել են կես ճանապարհին, չիմանալով, թե ուր գնան: Միայն առավոտյան է նրանց օգնության հասել, սակայն թե ինչ է լինելու հետո, ոչ ոք չգիտի։

«Հիմա թշնամու նշանառության տակ է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թիրախ դարձած Հաթերք գյուղը»,- պատմել են հոռաթաղցիները: - Գյուղը մյուսներից ավելի է կտրված մայրաքաղաքից և հայտնվել է շրջափակման ու ոչնչացման վտանգի տակ: Մենք սարսափում ենք, ախր այնտեղ են մնացել մեր հարազատները»։

Մեզ հաջողվեց կապ հաստատել Ասկերանի բնակիչ, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հետ:

«Պատերազմը, որի սպառնալիքի մասին ես բազմիցս խոսել եմ «Գոլոս Արմենիի»-ին տված հարցազրույցներում, ցավոք, իրականություն դարձավ։ Թշնամու հրետակոծության տակ են ոչ միայն հասարակական և տնտեսական կառույցները, այլև քաղաքացիական նշանակության օբյեկտները։ Ադրբեջանը, քողարկվելով կեղծ կարգախոսներով, կազմակերպել է հայերի ցեղասպանություն, որը սկսվել է դեռևս 1915 թվականին Արևմտյան Հայաստանում։ Խաղաղ բնակչության շրջանում արդեն տասնյակ տուժածներ, զոհեր և վիրավորներ։ Այդ թվում՝ կանայք, երեխաներ,- նշեց Հովիկ Ավանեսովը։- Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում կապ հաստատենք Երևանի հետ և տեղեկացնենք հայաստանցիներին Արցախում կատարվող ամենի մասին: Կարծես թե մեզ հաջողվել է ճեղքել տեղեկատվական վակուումը և առնվազն Հայաստանին տեղեկություններ հասցնել Արցախում տիրող իրավիճակի մասին»։

Հովիկ Ավանեսովը նաև ընդգծեց, որ վտանգված է Արցախի մշակութային ժառանգությունը: Այս պահին Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական սրբավայրերի ցանկը համալրել է Ամարասի վանքը, որը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հաջողվել էր փրկել և պահպանել Արցախի սահմաններում:

«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական ահագնացումը վկայում է միայն մեկ բանի մասին. այդ ցեղասպան պետությունը երբեք խաղաղ մտադրություններ չի ունեցել, չունի և չի ունենա հայ ժողովրդի նկատմամբ: «Խաղաղ օրակարգի» մասին մեզ պարտադրվող բոլոր խոսակցությունները հօդս ցնդեցին»,- ընդգծեց Ավանեսովը։

Պաշտոնական Բաքվի իրական մտադրությունների մասին Հովիկ Ավանեսովը առանձնակի եռանդագին էր խոսում պատերազմին նախորդած օրերին՝ համաշխարհային լայն հանրության աչքերը բացելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայատյաց քաղաքականության և սոցցանցերում ծավալված հակահայկական քարոզչության վրա: Դրա վկայությունն է տեղեկատվական արտանետումների և սոցհարցումների ահռելի քանակը, որոնցում Բաքուն պետական մակարդակով կոչ է անում իր ժողովրդին սպանել ու ոչնչացնել հայերին, և որոնք ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավարը գրեթե ամեն օր հրապարակում էր սոցցանցերի իր էջերում: Ակնհայտ է, որ «հարևանների» այդպիսի պահվածքն իրականություն դարձավ արյունարբու բռնապետ Ալիևի ձեռքերին ազատություն տված միջազգային հանրության լուռ համաձայնությամբ: