Յակով ԿԵԴՄԻ․ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԵՐ ՉԵՆ ԱՊՐԻ

Քանի՞ հայ է այժմ ապրում Բաքվում։ Ոչ մի։ Նույնը լինելու է Արցախում։ Հայերը չեն ցանկանա այնտեղ ապրել։ Եվ հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախում հայեր չեն ապրի։ Այս մասին News.am-ի հետզրույցում ասաց իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին:

Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ հանցագործության եզրին գտնվող բոլոր երևակայելի և աներևակայելի սխալները կատարվել են Հայաստանի ներկայիս ղեկավարության և անձամբ Փաշինյանի կողմից:

«Երբ Փաշինյանը Պրահայում ստորագրեց մի փաստաթուղթ, որով Արցախը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, նա ստորագրեց Լեռնային Ղարաբաղի բնակչության դատավճիռը, որը հնարավոր չէ փոխել։

Նա Հայաստանի անունից հրաժարվեց Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի տարածք։

Ռուսաստանի միջնորդությամբ Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված փաստաթղթում նշված չէ, որ դա Ադրբեջանի տարածքն է: Ի՞նչ էր նա մտածում, երբ ընդունում էր:

Իսկ ի՞նչ է լինելու հայ բնակչության հետ այն բանից հետո, երբ այնտեղից դուրս կգան Լեռնային Ղարաբաղի հայկական զինուժը կամ այնտեղ կդադարի հայկական իշխանությունը։

Այժմ պետք է բանակցություններ վարել այն մասին, թե ով և ինչպես է ապահովելու հայ բնակչության անվտանգությունը։

Ռուսաստանի խաղաղապահների կարգավիճակը հիմնված է այն բանի վրա, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ։

Այստեղ պետք է նորից սկսել բանակցություններն այն մասին, թե ինչպես ապահովել հայ բնակչության անվտանգությունը։

Երբ 2020-ին Ռուսաստանը դադարեցրեց ռազմական գործողություններն Արցախում, Արցախը դեռ Ադրբեջան չէր։ Այսօր Հայաստանը կապել է Ռուսաստանի ձեռքերը։

Ռուս խաղաղապահների կարգավիճակը խախտվեց, երբ Արցախը ճանաչվեց որպես Ադրբեջանի տարածք։ Ռուսաստանը կարող էր միջամտել, եթե դա չլիներ Ադրբեջանի տարածք։

Կարելի է կիրառել մեխանիզմներ, որով ճնշում չի գործադրվի հայ բնակչության վրա, բայց դինամիկան, որ դա կլինի Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածք, կանգնեցնել հնարավոր չէ։ Այս դինամիկան հայ բնակչությանը դուրս կմղի Արցախից, նրանք չեն կարող գոյատևել ադրբեջանական իշխանության պայմաններում, նույնիսկ եթե Բաքուն ասի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նույնիսկ եթե Ռուսաստանը համոզի Ադրբեջանին նոր համաձայնության գալ, դա չի կանգնեցնի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ բացասական դինամիկան։ Հայերը չեն մնա Արցախի տարածքում ՝ ադրբեջանական պետության շրջանակներում»,-ասաց Կեդմին։

News.am