Սերգեյ ԿԱՐՆԱՈՒԽՈՎ․ ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՂԵՏՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Alpha News-ի հետ զրույցում հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ռուս խաղաղապահների մահվան դեպքը։

 

Սերգեյ Կարնաուխովի խոսքով ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հայ ժողովրդի երկրորդ մեծ աղետն է։

«Ցեղասպանությունից հետո ավելի մեծ ողբերգություն չի եղել։ Ես հավատում եմ, որ ոչ ընդմիշտ, բայց շատ երկար ժամանակ մենք կորցնում ենք Հայաստանի սիրտը, Հայաստանի պատմական արմատը, մենք կորցնում ենք այն տեղը, որտեղ խաչքարերը կանգնեցվել են 9-րդ դարից, ես անձամբ գտել եմ այդ արխիվները», — նշել է ռուս փորձագետը։

Խոսելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան դեպքի մասին՝ Սերգեյ Կարնաուխովը միջադեպը անվանել է ցինիկ, մանրամասն հաշվարկված արյունալի հանցագործություն։

«Երեկ ադրբեջանցիները, որոնք հստակ գիտեին, որ այդ մեքենաներով մեր խաղաղապահներն են գալիս, գնդակահարել են նրանց։ Նրանց առաջնորդում է ատելությունը, կատաղի ռուսատյացությունը, որն այսօր տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների հիմնական դրդապատճառներից մեկն է, որոնք շատ խնամքով թաքցվում են։ Մեզ համոզում են, որ ոչ մի ռուսատյացություն չկա, ամեն ինչ լավ է, միայն թե, մենք Ադրբեջանի տարբեր սոցցանցային ալիքներում այլ բան ենք կարդում։ Ռուսաստանի կողմից պատասխան քայլեր չեն լինի։ Դա ցինիկ, մանրամասն հաշվարկված արյունալի հանցագործություն էր ռուս զինծառայողների դեմ, սպանություն էր, որի համար ուղղակի պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն կատարողները, այլև մարդկանց ողջ շրջանակը, որոնք ընդունել են այդ քաղաքական որոշումը», — ասել է Կարնաուխովը։

Հասարակական գործչի խոսքով՝ իրադարձությունները պատմականորեն ողբերգական են, քանի որ հետևանքներ են ունենալու:

«Հայաստանը պարտավոր էր պատերազմից հետո այս երեք տարիների ընթացքում Արցախը ճանաչել Հայաստանի մաս կամ հնարավորություն տալ Արցախին ` հայտնվել Ռուսաստանի կազմում, որպեսզի ուղղակի չընկնի Ադրբեջանի ձեռքը։

Աշխարհասփյուռ հայությունն այժմ ոչ թե պարզապես եռում է, այլ արթնացել է։ Ես տեսնում եմ, որ հայերն արթնացել են, և դա նշանակում է, որ արթնանում է Մոնթեն, բոլորը, ովքեր հասկանում են, որ կյանքն իմաստ չունի, եթե վաճառել ես հայրենիքդ», — ընդգծել է նա։

Խոսելով հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության հնարավորության մասին՝ Կարնաուխովը պատասխանել է, որ չի հավատում դրան:

«Ֆիլմերում հատուկ պատրաստուկներով մարտունակ մարդուն դարձնում են բույս, որը ոչ մի բանի ընդունակ չէ, այ դա հենց այն է, ինչ հիմա պետք է անեն ժողովրդի հետ։ Խլել են Արցախը, և դա շատ ուժեղ հարված է։ Հաջորդ հարվածը Հայաստանի զգալի տարածքներ խլելն է, և դա կարվի առաջիկայում, որովհետև Փաշինյանը շտապում է։ Ադրբեջանն ամեն ինչ կանի մարդկանց ճնշելու համար», — ասել է Կարնաուխովը։

Alpha News