ԱԼԻԵՎԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ». Ո՞ՐՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՐԸ

Արցախի դեմ Ադրբեջանի նոր հանցավոր ագրեսիայի երկրորդ օրը ԶԼՄ-ներում սկսեցին տեղեկություններ հայտնվել այն մասին, որ որպես բնակիչների տարհանման համար հումանիտար միջանցք բացելու պայման՝ Բաքուն պահանջում է իրեն հանձնել մի քանի հարյուր արցախցիների՝ ըստ ներկայացված ցուցակի: Իսկ «Հրապարակ» թերթը, հղում անելով ՀՀ ԶՈՒ-ում իր աղբյուրին, հայտնեց, որ ցուցակը բաղկացած է ամբողջ 30 000 անունից. ոչ միայն պետական, ռազմական և հասարակական գործիչների, այլև սովորական բնակիչների, 18-75 տարեկան տղամարդկանց, որոնց Ադրբեջանում անվանում են «ահաբեկիչներ»:

Թերթի զրուցակցի հավաստմամբ՝ այդ ցուցակի գոյության մասին տեղյակ են նաև Արցախում, այդ իսկ պատճառով ագրեսիային հակազդող ՊԲ զինծառայողները որոշել են պայքարել մինչև վերջ: «Մնում է հասկանալ, թե բնակիչների մասին ամբողջ տեղեկատվությունը ոնց է ադրբեջանցիներին հասել. հասկանում եք, չէ՞, ինչ նկատի ունեմ»,- ասել է պարբերականի աղբյուրը։

Ըստ էության, Բաքվի այդ պահանջի մեջ ոչ մի նոր բան առանձնապես չկա. «սև ցուցակի» և դրա կազմելուն ՀՀ իշխանությունների և Արցախի նախկին նախագահի մասնակցության վարկածի մասին խոսակցությունները պտտվում են արդեն մի քանի ամիս շարունակ։ Դեռևս հունիսին սկսեցին լուրեր շրջել, որ ԿԽՄԿ-ի կողմից Հայաստան տեղափոխվող հիվանդներին ադրբեջանական անօրինական անցակետում ֆիլտրում են Բաքվի ունեցած ցուցակով։ Արձանագրվել են խոչընդոտման և նույնիսկ մերժման դեպքեր։

Այնուհետ հաջորդեց 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ բառացիորեն Կարմիր խաչի աշխատակիցների աչքի առաջ։ Նրան տարան Բաքու, որտեղ շատ արագ դատեցին որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակցի։ Երկրորդ դեպքը տեղի ունեցավ նույնպես առևանգված Ռաշիդ Բեգլարյանի հետ, որի մասին բոլորն արդեն մոռացել են։ Վերջապես, արցախցի երեք ուսանողների հենց անցակետից տարան Ադրբեջան, դատապարտեցին «ադրբեջանական դրոշը անարգելու» համար, իսկ 10 օր անց «մեծահոգաբար» վերադարձրեցին Հայաստան։

Բաքվում չէին էլ թաքցնում այն փաստը, որ անցակետն օգտագործվում է «ահաբեկիչների» և «ռազմական հանցագործների» նույնականացման համար։ Հենց այդպես էր Ադրբեջանը 44-օրյա պատերազմին նախորդած բոլոր տարիներին պիտակավորում Ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներին և Առաջին ազատամարտի մասնակիցներին, հետախուզում հայտարարում նրանց նկատմամբ և սպառնում հաշվեհարդարով: Սեպտեմբերի 15-ին՝ ահաբեկչական ռազմական «գործողությունից» 4 օր առաջ, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել էր, որ «հայ-ադրբեջանական սահմանին Լաչինի անցակետի ստեղծումից և դրա գործունեության մեկնարկից հետո արագացվել են շուրջ 400 հետախուզվող անձանց ձերբակալման և քննությանը հանձնելու աշխատանքները»:

Եվ հավելել. «Հուսով եմ, որ այս ուղղությամբ ևս ապագայում ավելի դրական արդյունքներ կունենանք»:

Ալիևի հույսերը հավանաբար կապված էին սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ծրագրված ավազակային հարձակման հետ։ Փաշինյան-Ալիև հանցավոր տանդեմի համատեղ ցեղասպան ծրագրերի իրականացմամբ Բաքուն գործնական հնարավորություն ստացավ ձեռնամուխ լինելու վաղուց ազդարարած խնդրի լուծմանը։ Մանավանդ որ արդեն շուրջ երեք տարի Բաքվի բանտերում պահվում են հարյուրից ավելի հայ ռազմագերիներ, որոնց մասին նույնպես պաշտոնական Երևանը բարեհաջող կերպով մոռացել է, և որոնք ապօրինաբար դատվել ու տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել «ահաբեկչության», «դիվերսիաների» և այլ շինծու մեղադրանքներով։

Վերադառնանք մի քանի հարյուր, իսկ ԶԼՄ-ների տվյալներով՝ 30 000 հայերի, Արցախի գրեթե ողջ չափահաս արական բնակչությանը արտահանձնելու Բաքվի ներկայիս պահանջին։ Այն, որ նման պահանջ ներկայացվել է, կասկածից վեր է, ինչպես որ կասկածի ենթակա չէ Արցախի իշխանությունների կողմից դա կատարելու անհնարինությունը։ Բոլորը շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը. Ադրբեջանը ցանկանում է ցուցադրական դատավարություններ կազմակերպել՝ դատապարտելու համար բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հայ ժողովրդի Ազգային-ազատագրական շարժմանը 1988-2023 թվականներին։ Այդ թվում՝ որպես ահաբեկման և ռևանշի «կանխարգելման» ակցիա։

Հայ ժողովրդի նկատմամբ նոր արյունալի հաղթանակների տենչով բռնված, քանի դեռ իր վասալը նստած է ՀՀ վարչապետի աթոռին, Ալիևը շտապում է ստանալ Արցախի և Հայաստանի իսկական հայրենասերներին. հերոսներին, որոնք անցել են պատերազմների միջով և ակտիվորեն մասնակցել հայկական երկրորդ պետության պաշտպանությանը, կառուցմանն ու ամրապնդմանը։ Սեփական անպատժելիությունից արբած Բաքվի բռնապետը ջանում է կրկին բավարարել իր հիվանդ ինքնասիրությունը և, ամենայն հավանականությամբ, անլիարժեքության չհաղթահարված բարդույթը, և ընդ որում հնարավորություն տալ ցեղակիցներին հերթական անգամ բուռն հագուրդ տալու սեփական գազանային բնազդներին։

Առանձին հարց է, թե ո՞րն է Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի դերն այս ամենում։ «Հրապարակ»-ի զրուցակցի բազմանշանակ ակնարկն այն մասին, թե ինչ ճանապարհով կարող էր Բաքվի ուժային կառույցներին հասնել 30 000 արցախցիների մասին տեղեկատվությունը, ամենևին էլ զուրկ չէ հավաստիությունից, չնայած իր ողջ հրեշավորությանը։ Իսկապես, նույնիսկ հաշվի առնելով բաց աղբյուրների զննման բազմամյա աշխատանքը և տեղեկատվության հայթայթման այլ մեթոդները, դժվար է ենթադրել, թե դրսից հնարավոր է հավաքել միանգամայն որոշակի բնույթի տեղեկություններ և կազմել այլ պետության հարյուրավոր, առավելևս տասնյակ հազարավոր քաղաքացիների ցուցակ։

Նման տեղեկատվություն բովանդակում են միայն հայկական փակ աղբյուրներն ու արխիվները, և Բաքվին դա կարող էին տրամադրել միայն ներսից։ Սա, անշուշտ, պետք է դառնա այն հարցերից մեկը, որը ենթակա է պարտադիր քննության և բացահայտման Հայրենիքի դավաճանների նկատմամբ առաջիկա դատավարությունում: Դատելով նրանից, որ Նիկոլից արդեն երես են շրջում իր թուրք տերերը, այդ օրը հեռու չէ։