ԳԱՂԹ

Վերջին օրերին կառավարական քարոզչությունն ինտենսիվորեն փորձում է բանավեճի համար պարտադրել Արցախի բնակիչների հնարավոր տոտալ տարհանման թեման. պետք է արդյոք դիմել այդ միջոցին, թե՞ ոչ։ Թեման բավական արհեստական է, քանի որ ոչ ոք իրավունք չունի ինչ-որ բան թելադրել Արցախում ապրող առանձին վերցրած հայ ընտանիքին։ Մնալը կամ տեղափոխվելը յուրաքանչյուր արցախցու, յուրաքանչյուր ընտանիքի ընտրությունն է։ Բայց այն, որ Փաշինյանի ձախողված թիմը ձգտում է հանրային քննարկման համար ակտիվորեն պարտադրել այդ թեման, ցուցանշական է։

ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՏԿԵՐԸ։ Արցախում մեծամասնությունը հակված է հեռանալու։ Նրանց հասկանալ կարելի է։ Ապրել ադրբեջանական գայլային օրենքներով՝ նշանակում է դատապարտել ինքզինքը աստիճանական անհետացման նախիջևանյան սցենարին։ Դա՝ լավագույն դեպքում, իսկ վատթարագույն դեպքում՝ ապրել կոտորածի գուցե հետաձգված, բայց մշտական  սպառնալիքի տակ, 20-րդ դարասկզբի թուրքական սցենարով։

Բայց ուշագրավն այն է, որ բացի արցախցիներից, տարածաշրջանի մյուս բոլոր դերակատարներին ձեռնտու է, որ արցախցիները մնան։ Արցախցիների գոնե զգալի մասը։ Ալիևին դա պետք է երկու պատճառով. նախ՝ աշխարհին ցույց տալու իր «մարդասիրական դեմքը» և խուսափելու արտաքսման ու ցեղասպանության հավերժական մեղադրանքից։ Երկրորդ՝ նրան ձեռնտու է Արցախում հայերի առկայությունը, քանի որ նրանք կլինեն պատանդի կարգավիճակում, խաղաքարտի կարգավիճակում, որը Իլհամը կարող է բանեցնել իր հայեցողությամբ։ Դա նրան շատ ավելի ձեռնտու է, քան եթե արցախցիները լքեն իրենց հայրենիքը, քանզի այդ դեպքում Ալիևը ոչ միայն կմեղադրվի մարդկության դեմ հանցագործության մեջ, այլև կապրի՝ գիտակցելով, որ ռևանշի սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել։ Փաշինյանը հո հավերժ չէ, Ալիևը դա հասկանում է, ՄՀՄՊԻէ ավարտել։

9.11.2020թ. հայտնի եռակողմ հայտարարության մյուս ստորագրողին՝ Մոսկվային նույնպես արցախահայության զանգվածային տեղահանումը կամ տարհանումը, անվանեք՝ ինչպես կամենաք, պետք չէ։ Եթե դա տեղի ունենա, ապա որքան էլ Մոսկվայում ամեն ինչ բարդեն Փաշինյանի վրա, տեղին թե անտեղի, բայց դա կնշանակի ռուսական խաղաղապահ առաքելության ձախողում։ Փաստացիորեն։ Քանզի 44-օրյա պատերազմից հետո արցախցիները վերադառնում էին իրենց տները՝ հավատալով ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության երաշխիքներին։ Չենք խոսում արդեն արցախցիների համատարած գաղթի դեպքում Մոսկվայի հեղինակության անդառնալի անկման մասին՝ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև ողջ հայության աչքում։ Ինչպեսև մնացյալ ողջամիտ աշխարհի:

Նույն այդ պատճառով Արցախից հայերի տեղահանումը կամ տարհանումը ձեռնտու չէ նաև արևմտյան դերակատարներին։ Չէ՞ որ դա կնշանակի միջազգային իրավունքի և միջազգային կառույցների անզորություն։

Վերջապես, իսկ գուցե ամենաառաջին հերթին, արցախցիների զանգվածային տեղափոխումը Հայաստան ձեռնտու չէ նաև Նիկոլ Փաշինյանին, որի իշխանությունն առանց այդ էլ երերում է, իսկ թե ինչ կլինի արցախցիների զանգվածային ներհոսքի դեպքում, որոնք մեծամասամբ հենց նրան են մեղադրում իրենց դժբախտությունների մեջ, լոկ պատկերացնել կարելի է։ Ճիշտ է, խորամանկ Փաշինյանը, ինչպես սովորաբար անում է, կփորձի այս անգամ էլ գլուխը պրծացնել։ Այս անգամ՝ արցախցիներին սոցիալական արտոնություններ տալով, «Քաղաքացիական պայմանագրի» աղայական սեղանից կրճոններ նետելով։ Բայց դժվար թե կաշառքներն արմատապես ազդեն իրենց Հայրենիքից զրկված մարդկանց տրամադրության վրա։ Այնպես որ արցախցիների զանգվածային գաղթը Հայաստան Նիկոլ Փաշինյանին բացարձակապես պետք չէ։ Ինչը նա, ըստ էության, անուղղակիորեն խոստովանեց իր վերջին ելույթներից մեկում։

Դրա համար էլ Փաշինյանը պնդում է, թե իր ունեցած տեղեկություններով՝ արցախահայության կյանքին այսօր վտանգ չի սպառնում։ Եվ, կարելի է չկասկածել, Նիկոլը հուսով է, որ Իլհամ Ալիևն այդ հարցում կսատարի իրեն։ Ըստ էության, արդեն սատարում է՝ ջանալով ցուցադրել, գոնե սկզբնական շրջանում, իր «մարդասեր դեմքը»։

Հայաստանում արցախցիների վերաբնակության թեման բանավեճի համար հանրությանը պարտադրելու իշխանությունների ձգտումը բացատրվում է Արցախը լքողների նկատմամբ քննադատական մոտեցում ձևավորելու ցանկությամբ։ Իսկ դա էլ, իր հերթին, պետք է, որպեսզի չապրեն արցախյան Նեմեսիսի հավերժական վախի մեջ։