ՌԴ ՆԳՆ ղեկավար. Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից

Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի հետ կապված իրավիճակը՝ Ռուսաստանի Դաշնությանը Հարավային Կովկասից դուրս մղելու համար, Միացյալ Նահանգներին հետաքրքիր չեն Հայաստանն ու հայերը, հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանցի նախարարը ուշադրություն է հրավիրել մտահոգիչ միտումների աճի վրա.

«Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանին դուրս մղելու Հարավային Կովկասից և ոչնչացնելու ռուս-հայկական կապը։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն աներեսի պես առաջարկում են իրենց բաղադրատոմսերը առանցքային ոլորտներում բարեփոխումների համար, այդ թվում՝ հատուկ ծառայություններում և իրավապահ մարմիններում, պաշտպանության և դատական ​​համակարգերում։ Իրերի այս վիճակը սասանում է մեր դաշինքը։ Ամերիկացիները միշտ հետապնդում են միայն իրենց շահերը, նրանց հետաքրքիր չեն  Հայաստանն ու հայերը»,- ասել է Կոլոկոլցևը։

Մամուլի ծառայությունը նաև նշել է, որ «Կոլոկոլցևը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև հարաբերությունները կրում են փոխըմբռնման և գործընկերային բնույթ ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ երկկողմ համագործակցության շրջանակում, և պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի ՆԳՆ-ի հետ տարբեր ձևաչափերով եւ ամենալայն շրջանակի հարցերի շուրջ, որոնց լուծումը կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։

Ռուսաստանցի նախարարն ընդգծել է, որ համակարգված մոտեցումը և նման միջոցառումների գործնական մթնոլորտը հնարավորություն են տալիս համատեղել ջանքերը անվտանգության ապահովման, քաղաքացիների պաշտպանության և հասարակական կարգի պաշտպանության համար, նշել են գերատեսչությունում։

News.am