ՊԱՇՏՊԱՆ ԿԱՆԳՆԱԾ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
Մարտակերտի վրա ադրբեջանական դրոշ է ծածանվում: Մարտունիում ապամոնտաժում են Մոնթե Մելքոնյանի արձանը։ Թե՞ մենք սխալ ենք անվանում այդ բնակավայրերը։ Արդեն պետք է ասել «Աղդերե» և «Խոջավե՞նդ»։
Պետք է ենթադրել, որ ինչպես Զեյթունը, Արաբկիրը, Արեշը՝ շուտով Երևանում նոր թաղամասեր կհայտնվեն. Նոր Մարտակերտ, Նոր Մարտունի... Թեպետ, դժվար թե։ Ինչպես գրում են տարբեր աղբյուրներ, թեև արցախցի փախստականները չեն ցանկանում տեղավորվել Հայաստանի սահմանամերձ գյուղերում, քանի որ շատերն արդեն երրորդ անգամ են ստիպված լքել իրենց տները, ուստի նախընտրում են անվտանգ բնակավայրեր, և շատերն ուզում են գալ Երևան, այդուհանդերձ իշխանություններն այնքան էլ տրամադրված չեն տեղավորելու նրանց հենց մայրաքաղաքում: Փաշինյանի ինչի՞ն է պետք դա։ Ավելի լավ է Նոր Մարտակերտն ու Նոր Մարտունին հայտնվեն մեր անծայրածիր Հայրենիքի ծայրամասերում ինչ-որ տեղ։
Ալեն Սիմոնյանը Պետրոսի եթերում ուրախությամբ ասում է, թե հիմա՝ այս անգամ Գրանադայում հոկտեմբերի 5-ին Ալիևի և Փաշինյանի հերթական բանակցությունների նախաշեմին, Ադրբեջանի հետ խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել: Հետաքրքիր է. ինքն անձամբ հասկացա՞վ, թե ինչ ասաց: Որ «Սիմոնյանի պատմական հնարավորությունը» ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Հայաստանը հանձնեց Արցախը Ադրբեջանի՞ն։
Որքան ավելի հաճախ է Փաշինյանը խոսում այն մասին, թե ինչպես է մտադիր հերոսաբար պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, այնքան քիչ բան է մնում այդ ինքնիշխանությունից։ Այսօր Հայաստանը վերածվել է Ուկրաինայից հետո Արևմուտքի և Ռուսաստանի գրեթե բացահայտ առճակատման երկրորդ թատերաբեմի։ Իսկ «Փաշինյանի ինքնիշխանության» գինը վճարեցին Արցախի հայերը։ Իրենց կյանքով, տներով, իրենց Հայրենիքով։ Իսկ մենք հերթական անգամ դարձանք եզակի երկիր, քանի որ չկա այդպիսի երկրորդը, որը շատ գթասրտորեն, բայց կողքից նայի իր համաքաղաքացիների գաղթին պատմական Հայրենիքից։ Արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են, եկեք չմոռանանք։
Ամենաանհեթեթն այն է, որ այսօր Փաշինյանի թիմը նետվում է արդարանալու, թե ինքը ոչինչ չի արել Ռուսաստանի շահերի դեմ, թե Կրեմլում իրենց քաղաքականությունը պարզապես սխալ են հասկացել։ Իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ թեզերի պաշտպանությունը իշխող թիմը վստահել է արևմտամետ քաղաքականության գլխավոր ջատագովներին։ Ռուբեն Ռուբինյանը. նույն ինքը՝ Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հաշտության պատասխանատուն, նույն ինքը, ով ասում էր, թե երկու երկրների միջև սահմանների բացումը սպասվում է արդեն ավարտվող զբոսաշրջային սեզոնի նախաշեմին, նույն ինքը, որ վերապատրաստվել է թուրքական ուսումնական կենտրոններում և որին ռուսական փորձագիտական հանրությունում բացահայտորեն համարում են Թուրքիայի ազդեցության գործակալ, Պետրոսի եթերում երդում-պատառ է ուտում, թե Փաշինյանի կառավարությունը հակառուսական քաղաքականություն երբեք չի վարել։
Նրա ասածները կրկնում է հայացքը մշտապես փախցնող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իսկ ինչո՞ւ պիտի այդ հայացքը չփախչի, երբ Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, թե Երևանը միշտ հավատարիմ է եղել Մոսկվայի հետ իր դաշնակցային պարտավորություններին: Պետք է ենթադրել, որ հենց այդ պատճառով էր Արմեն Գրիգորյանն այդքան սիրում այցելել Ռիչարդ Մուրին Լոնդոնում, իսկ Ռիչարդ Մուրը՝ այնքա՜ն սիրում այցելել Արմեն Գրիգորյանին Երևանում: Նույն այն Մուրը, որը ղեկավարում է անգլիական հետախուզությունը և որը հայտնի է թուրքական հետախուզության հետ իր սերտ կապերով:
Բրավո՛, տղերք: Մոսկվայում ձեզ հաստատ կհավատան։