ԳԻՇԱՆԳՂՆԵՐ

Տանջահար, արյունաքամ, բոլորի կողմից մարդակերների երախը նետված հայկական Արցախը հանկարծ հայտնվեց տխրահռչակ միջազգային հանրության հոգացողության ու սրտաթրթիռ ուշադրության կենտրոնում։ Բոլորը, իրար հերթ չտալով, մրցում են «գլխավոր մարդասերի» կոչման համար։ Ոմանք շտապ Երևան ուղարկեցին իրենց բարձրաստիճան պաշտոնյաներին, մինչդեռ նրանց ընդդիմախոսներն ամեն կերպ ցանկանում են չքմեղանալ ու մեղավորների դերում ներկայացնել ուրիշներին։ Այստեղ նույնիսկ հարկ չկա նշել երկրներն ու անունները, այնքան բացահայտ, երեսպաշտ ու անթաքույց ցինիկ է ամեն ինչ վերջին օրերին։

ԱՄՆ-ը 11,5 մլն դոլար կհատկացնի որպես մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Բորելը հայտարարել է դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար ուղի ապահովելու անհրաժեշտության մասին։ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախի բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում։ ԵՄ-ն 5 մլն եվրո կհատկացնի արցախահայության կարիքների համար։ Շվեդիան 1,36 մլն դոլար կտրամադրի ԿԽՄԿ-ին՝ արցախցիներին օգնելու համար։ Գուտերեշը մտահոգ է արցախցի փախստականների հարցով։ ՌԽԶ-ի տեղակայման վայրում պատսպարված են 522 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 293 երեխա, կազմակերպված է նրանց տեղավորումը, սնունդը և բուժօգնության ցուցաբերումը…

Այսպիսի և նմանատիպ վերնագրերով բառացիորեն հեղեղվեց լրահոսը անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի հանցավոր ռազմական ագրեսիայի և Հայաստանի իշխանությունների ոչ պակաս հանցավոր դավաճանության արդյունքում Արցախը վերջնականապես հանձնվեց և սկսվեց Գաղթը։ Հայկական հերոսական երկրամասը, որն ավելի քան 9 ամիս շարունակ աննախադեպ խիզախությամբ ու տոկունությամբ դիմադրում էր ցրտին, սովին, զրկանքներին, տառապանքներին ու հոգեբանական տեռորին, ընկավ ագրեսորի բազմապատիկ գերազանցող ուժերի դեմ մարտում:

Պաշտպանության բանակը կռվել է մի ամբողջ օր, սոված, վատ զինված և չնչին իսկ աջակցություն չունենալով, բայց թշնամուն հսկայական կորուստներ պատճառելով. 200 սպանված ճիվաղներ՝ ըստ ոչ ամբողջական նախնական հաղորդագրությունների: Սոցցանցերը լի են մինչ ի մահ պաշտպանված և իրենց կյանքի գնով համագյուղացիներին փրկվելու հնարավորություն ընձեռած հերոսների մասին հաղորդագրություններով ու լուսանկարներով: Եվ երբ ռմբակոծությունների, գնդակոծությունների և խաղաղ բնակիչների նկատմամբ վայրագությունների հետ կապված այդ մղձավանջը կարծես թե ավարտվեց, դղրդած պայթյունը, և եկավ ապոկալիպսիսը…

Հենց այդ պահից ի վեր թռան-եկան գիշանգղները: Եվ իրար ձայն խլացնելով՝ սկսեցին կռնչալ «մարդասիրական օգնության» մասին. միլիոնավոր եվրոների ու դոլարների, դեղորայքի, սննդամթերքի և այլն…

Ոչ, մենք իհարկե շատ շնորհակալ ենք թե՛ ժողովրդավարական, թե՛ ոչ այնքան ժողովրդավարական երկրների, հեղինակավոր և ոչ այնքան հեղինակավոր կազմակերպությունների ցանկացած օգնության համար։ Միայն թե սաստիկ ցանկություն է առաջանում հարցնել. իսկ ո՞ւր էիք դուք 9 ամիս և յոթ օր շարունակ, երբ արցախահայությունը հյուծվում էր շրջափակման մեջ, երբ մահանում էին երեխաներն ու մեծահասակները, երբ հղի կանայք ու տարեցները ուշաթափվում էին հացի հերթերում։

Ո՞ւր էիք, երբ փորձում էինք ձեզ հասցնել մեր ձայնը, պահանջելով ու խնդրելով գործողություններ՝ հազարավոր դատարկ բառերի փոխարեն: Ո՞ւր էիք, երբ հիվանդ մարդկանց և ուսանողներին առևանգում էին ապօրինի տեղադրված անցակետում, երբ ծաղրում ու նվաստացնում էին հայերին՝ խուզարկելով նրանց, ոտնահարելով ազգային ու մարդկային արժանապատվությունը:

Ավելի քան 9 ամիս շարունակվում էր 120 000 հայերի բացարձակ անհավասար դիմակայությունը ահաբեկչական պետությանը, որը պաշարել էր անառիկ Արցախ ամրոցը և փորձում էր ստիպել նրան հանձնվել։ Երբ չստացվեց, ահաբեկիչներն ու մարդասպանները գործի դրեցին իրենց սովորական զենքը. արկերը, ռումբերը, անօդաչու թռչող սարքերը, աննախադեպ դաժանությունն ու անմարդկայնությունը, չխնայելով ո՛չ երեխաներին, ո՛չ ծերերին, ո՛չ էլ կանանց: Ու կրկին ամեն կողմից հնչեցին «մտահոգների» ու «խորապես անհանգստացածների», բայց ազատատենչ, հերոսական ժողովրդին փրկելու համար մատը մատին տալ չցանկացողների հեծեծանքները։

Երևանում նստած դավաճանի հասցեին կրկին մեղադրանքներ հնչեցին նրանց կողմից, ում 3 տարի առաջ արցախցիները հավատացին, վստահեցին և Պուտինի անձնական երաշխիքներով վերադարձան իրենց Հայրենիք... Իսկ ԱՄՆ-ի՝ Մարդու իրավունքների և ազատությունների իբր մունետիկ ու պաշտպան և ժողովրդավարության իբր գլխավոր ջատագով երկրի ներկայացուցչի լեզուն պտտվեց մի քանի ամիս առաջ գովելու բռնապետին ու բարբարոսին՝ տասնամյակներ շարունակ իրենց Հայրենիքի ազատության ու անկախության համար անձնվիրաբար պայքարողներին «համաներում» շնորհելու պատրաստակամության համար։

Հետաքրքիր է, ի դեպ, ինչպե՞ս է այսօր, Արցախում ծավալված մարդկային վիթխարի ողբերգության խորապատկերին, զգում իրեն ԱՄՆ դեսպան Քվինը, որը մի քանի ամիս առաջ երեսպաշտորեն հայտարարեց, թե «Ադրբեջանը կարող է ապահովել Արցախի բնակիչների անվտանգությունը»: Կասկած չունենաք. նա իրեն հիանալի է զգում և բոլորովին չի ամաչում, ավելին, նա նույնպես պատրաստ է մարդասիրական օգնություն ուղարկել:

Եվ այդ գիշակերներից ոչ մեկը ինքն իրեն չի տալիս այն պարզ հարցը, թե ինչո՞ւ արցախցիներին այդքան շտապ անհրաժեշտ եղավ այդ օգնությունը։ Իհարկե, հաստատ ոչ միայն անիծյալ պայթյունի հետևանքով։ Ասենք, այդ պայթյունն էլ բնավ պարզապես ողբերգական պատահականություն չէր, այլ Արցախի հանդեպ հանցավոր գործողությունների մի ամբողջ շղթայի հետևանք։ Այդ թվում՝ «միջազգային հանրության» հանցավոր պահվածքի։ Ե՛վ նրանց, ովքեր տեղում դավաճանեցին արցախցիներին, և՛ նրանց, ում մտքով անգամ չանցավ գոնե մեկ գործնական քայլ ձեռնարկել շրջափակումը դադարեցնելու համար։

Մինչդեռ անձամբ Ալիևի կամ նրա ընտանիքի դեմ մեն մի հատիկ պատժամիջոցը կարող էր արդյունք տալ և ստիպել արնախումին փոխզիջման գնալ։ Բայց պատժամիջոցների ակնարկ անգամ չկար, իսկ առանձին անձանց առանձին կոչերն այդպես էլ մնացին ձայն բարբառոյ հանապատի, դե, կամ էլ անխտիր բոլորի ցինիկ քմծիծաղը փոքր-ինչ մեղմելու միջոց։ Նույնիսկ բարձրագույն դատական ատյանների՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի և Եվրադատարանի որոշումները մնացին անկատար, ասես ծաղրելով արդարադատության ու արդարության համաշխարհային ողջ համակարգը, որը կապիտուլյացիայի ենթարկվեց նավթի, գազի և փողի առջև։

Ուրեմն ինչո՞ւ եք այսօր թռել-հավաքվել Հայաստան անունով այս դժբախտ, ահա արդեն հինգ տարի շարունակ ներքին ու արտաքին սպառնալիքներից ու հարվածներից ծվատվող հողակտորում, որը դեռ բոլորովին վերջերս կարծես թե առանձնապես հետաքրքիր չէր ոչ մեկին:

Իսկ հավաքվել են գիշանգղները աճուրդի, որի գլխավոր վաճառանմուշը հայոց հողն է։ Մեկը՝ Արցախը արդեն վաճառել են, հիմա ահավասիկ սկսվում է սակարկումը հաջորդի՝ Սյունիքի համար։ Դիտորդական առաքելություններ, հյուպատոսություններ մեկը մյուսի հետևից, դեսպանների արշավանքներ, բարձրաստիճան չինովնիկների այցեր, որոնք դեռ երեկ լսած անգամ չկային Կապանի, Գորիսի, Կոռնիձորի մասին... Եվ բոլորը «մտահոգ» են արցախցիների վշտով և բռնված իրենց իսկ մեղքով Հայրենիք կորցրած մարդկանց «մարդասիրական օգնություն» ցուցաբերելու մարմաջով։

Հերթական անգամ «կերոսինի դույլը գերակշռեց հայկական արյունից»։ Հերթական անգամ աշխարհը ցույց տվեց, որ ոչ մի տեխնոլոգիա և ոչ մի առաջընթաց չի կարող ապահովել իրական մարդասիրության, իրավունքի և բարոյականության հրամայականը այն աշխարհում, որը համակված է և առաջնորդվում է բոլորովին այլ, շատ ավելի նսեմ դրդապատճառներով: Արցախի անկմամբ պայմանավորված քաղաքակրթական ճգնաժամը ոչ մեկին չի հուզում, քանզի քաղաքակրթությունն այժմ ամենևին էլ արդիական չէ. այն պարզապես վերանում է։

Այնպես որ ձեզ պահեք ձեր հումանիստական մղումներն ու ցանկությունները և մի փորձեք կեղծ մարդասիրությամբ սքողել շահադիտական, արատավոր, սատանայական շահերն ու նպատակները. չի՛ ստացվի։