ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՅՍՕՐՎԱ ԹՈՓ ԹԵՄԱՆԵՐԻՑ Է
Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուրը միջազգային մամուլի այսօրվա թոփ թեմաներից է։ Աշխարհի առաջատար պարբերականները լայնորեն անդրադարձել են Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից ձերբակալմանը։
Բրիտանական Guardian գրում է, որ Հայաստանի սահմանը հատելիս՝ Ադրբեջանը ձերբակալել է առաջին բարձրաստիճան պաշտոնյային։ Պարբերականը մասնավորապես նշում է, որ Վարդանյանը հարուստ գործարար է, հարստությունը կուտակել է Ռուսաստանում՝ բանկային ոլորտում ներդրումների արդյունքում։ Լեռնային Ղարաբաղ է եկել անցած տարի, որտեղ էլ նշանակվել է պետնախարար։ Այս տարվա փետրվարին պաշտոնանկ է արվել, սակայն մնացել է Արցախում՝ որպես նշանավոր ֆիգուր»։
Անցած շաբաթ Guardian-ի հետ զրույցում Վարդանյանն ասել էր՝ գիտի, որ ինքը ևս Ադրբեջանի թիրախներից մեկն է։
«Սա կյանք է, եթե դու պատրաստ ես մեռնելու քո երկրի համար, ուրեմն դա օկեյ է։ Սա վատ է, բայց դու պիտի պատրաստ լինես, եթե ինչ-որ կարեւոր բան ես անում․․․պատմությունը կարող է շատ վատ ավարտ ունենալ։ Եւ ես դրան պատրաստ էի հենց առաջին օրվանից, ես գիտեի դա»։
Պարբերականը հիշեցնում է, որ Վարդանյանը մեղադրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար եւ կոչ էր արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
Guardian-ը մեջբերում է արել նաև Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի, այսօրվա ուղերձից, ինչպես նաև զրուցել է նրա հետ։ Զոնաբենդը պարբերականին ասել է, որ ամուսնու ձերբակալման մասին իմացել է լրատվամիջոցներից։
«Նա երեկ էր հաղորդագրություն թողել՝ ասելով, որ ինքն անվտանգ է, բայց ես չգիտեի նրա հստակ պլանների մասին։ Ամսի 19-ից սկսած նա զանգում էր, որ ասի՝ ողջ եմ»,-ասել է Վարդանյանի կինը։
Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանն անդրադարձել են նաև բրիտանական Independent, BBC, արբերականները, Politico Europe-ը, independante, CNN, որոնք հաղորդել են ադրբեջանական անցակետում Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին:
News.am