2023-09-29 19:51
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի հարձակման հետևանքով սպանված 2 երեխաներին կհուղարկավորեն Մասիսում
Ադրբեջանի հարձակման հետևանքով սպանված երեխաներից երկուսին կհուղարկավորեն Մասիսի քաղաքային գերեզմանատանը։ Տեղեկությունը հայտնում է Մասյացոտն թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը։
«Սեպտեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, Մասիսի քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա Ադրբեջանի հարձակման հետևանքով սպանված երեխաների՝ 10 տարեկան Միքայել Ղազարյանի և 8 տարեկան Նվեր Ղազարյանի հուղարկավորության արարողությունը»,– նշել է նա:
Միքայել և Նվեր Ղազարյանները բնակվում էին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում, որն ադրբեջանական հարձակումից առաջ 76 բնակիչ ուներ։ Նրանցից 5-ը զոհվել են, 15–ը` վիրավորվել, 4-ը` գերեվարվել։ Միքայելն ու Նվերը զոհերի թվում են եղել։