ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՆ Է ԱՅՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ, ՈՐ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԳԼԽԻՆ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
Եթե Հայաստանում շատ մոտ ապագայում քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա շուտով հայ ժողովուրդը կտեսնի նաև Հայաստանի լուծարման մասին ստորագրված փաստաթուղթ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով Արցախի լուծարմանը և այն ամենին, ինչ սպասվում է Հայաստանին այդ ամենից հետո։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանրապետությունում բոլոր պետական հիմնարկների և կազմակերպությունների լուծարման մասին հրամանագիր է ստորագրել։ Համաձայն այդ փաստաթղթի` 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
«Շատ մոտ ապագայում եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա վստահաբար շուտով կլինի նաև Հայաստանի լուծարման մասին ստորագրված փաստաթուղթ։ Հեռու չէ այդ օրը։ Ես, առհասարակ, չեմ դրամատիզացնում իրավիճակը։ Արցախի հանձնումն առաջին արարն է այն ողբերգության, որ բերում են մեր գլխին։ Լուծումը տեսնում եմ Հայաստանում, Երևանում և քաղաքական գործընթացներում։ Այն իրավիճակը, որ մենք հիմա տեսնում ենք Արցախում, թող ոչ ոք չզարմանա, եթե մի օր նմանատիպ շարասյուներ էլ տեսնեն արդեն ոչ թե Ստեփանակերտից Երևան, այլ Երևանից Թբիլիսի»,– նշեց Մաթևոսյանը։
Նրա խոսքով` պետք է հստակ մատնանշվեն անվտանգային խնդիրները, ընդգծվի ճանապարհային քարտեզը, ներգրավվի հասարակության հնարավորինս լայն շերտ` ստիպելով իշխանությանը համակերպվել քաղաքական փոփոխության հետ։
Քաղաքագետը վստահ է` իշխանափոխություն պետք է լինի, քանի որ այսօր Հայաստանի պետականությունը «մազից է կախված»։
Վերջինս սխալ է համարում հնչեցվող գնահատականները, թե ելնելով երկրում ստեղծված իրավիճակից` չի կարելի քաղաքական փոփոխության գնալ։ Ըստ Մաթևոսյանի` այդ թեզի հեղինակներն այն նույն մարդիկ են, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո համոզում էին հասարակությանը, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա, հակառակ պարագայում մեծ խնդիրներ կունենանք։
«Ոչ ոք չի կարող բացառել, որ եթե այդ ժամանակ Փաշինյանը հեռանար, ապա 44-օրյա պատերազմը, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի, հոկտեմբերի 19-ին կարող էր կանգնեցվել։ Ո՞վ կարող է նաև բացառել, որ դրանից հետո Շուշին, Հադրութը հայկական կմնային, Արցախի կարգավիճակի հարցն էլ կմնար ապագա սերունդներին, մենք էլ չէինք լինի այս սարսափելի իրավիճակում»,– ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանը խոսեց նաև ՀՀ–ի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակի մասին, որը շարունակում է լարված մնալ` ադրբեջանական զինտեխնիկան մնում է կուտակված ՀՀ սահմաններին, երկրի իշխանությունն էլ միտումնավոր փչացնում է հայ–ռուսական հարաբերությունները։ Եթե դրանք վերջնական ոչնչացվեն և ստեղծվի մի իրավիճակ, որ Հայաստանի գոյությունը կախված լինի միայն Իրանից և դրան զուգահեռ փորձ արվի տարածաշրջան բերել արևմտյան ուժեր, ապա կկորցնենք նաև իրանական աջակցությունը։
Քաղաքագետի խոսքով` այն Հայաստանը, որը չի ունենա Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը, թեթև և հեշտ որս կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի համար։
Մաթևոսյանը շեշտեց` անմեղսունակ են բոլոր նրանք, ովքեր հասարակությանը փորձում են համոզել, թե տարածաշրջան է գալու ամերիկյան զորքը։
Մաթևոսյանը վստահ է` նույնիսկ ռազմական լոգիստիկայի տեսանկյունից Հայաստանը որևէ հնարավորություն չունի Արևմտյան զորք և զինամթերք բերելու համար։