ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԱՂԹԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱՆՔ Է, ԱՍԵԼ ԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային գաղթը համապատասխանում է «արտաքսման կամ բռնի տեղահանության» ռազմական հանցագործության պայմաններին։

Այս մասին Reuters-ին հայտնել են իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Պրիյա Պիլայը եւ Մինեսոտայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր, Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ'Բրայենը:

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր փաստաթղթերում բռնի տեղահանման կամ արտաքսման մասին ասվում է, որ «բռնի» եզրույթը չի սահմանափակվում միայն ֆիզիկական ուժով, այլ կարող է ներառել ուժի կամ հարկադրանքի սպառնալիք կամ հոգեբանական ճնշում»:

Պրիյա Փիլայը եւ Մելանի Օ'Բրայենը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում նման «հարկադրանքի միջավայրը» ստեղծվել էր ադրբեջանական հարձակումից առաջ, քանի որ Բաքուն 9 ամիս արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ խոչընդոտելով սննդի, վառելիքի եւ դեղորայքի մատակարարումը։

Reuters-ը նշում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Միջազգային քրեական դատարանի անդամ չեն, որը հետաքննում է ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները եւ ցեղասպանության հանցագործությունները։

Օ՛Բրայենը կարծում է, որ շրջափակումը փաստացի ցեղասպանության սկիզբ հանդիսացավ, քանի որ նպատակ ուներ «պայմաններ ստեղծել թիրախային խմբի ֆիզիկական ոչնչացմանը հանգեցնելու համար»:

ՄՔԴ-ի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համաձայնել է Օ՛Բրայենի փաստարկների հետ՝ նշելով, որ ցեղասպանություն սահմանումը միայն զանգվածային սպանություններ չի ենթադրում։

«Ինձ համար սա ակնհայտ ցեղասպանություն է», - ասել է նա:

mediamax.am