ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԱԺԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ. The New Yorker

Անցած շաբաթ նորից բռնկվեց երեսունհինգամյա պատերազմը։ Հարյուրավոր մարդիկ զոհվեցին։ Այս մասին «Արցախի անկախության պայքարի դաժան վերջաբանը» հոդվածում գրել է The New Yorker պարբերականի սյունակագիր Մաշա Գեսենը։

«Աշխարհը, որը կենտրոնացած էր ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի եւ Ուկրաինայում պատերազմի վրա, գրեթե ոչինչ չնկատեց։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն սկսեց գնդակոծել քաղաքներն ու ռազմակայաններն Արցախում՝ հայկական անկլավ, որը վաղուց պայքարում է անկախության համար։ Մեկ օրից էլ պակաս ժամանակում ինքնահռչակ հանրապետությունը փաստացի զինաթափվեց եւ ստիպված եղավ կապիտուլացվել։ Ռուսական զորքերը, որոնք իբր այնտեղ են գտնվում նման ելքը կանխելու համար, գրեթե դիմադրություն չցուցաբերեցին։ Իրավիճակի առավել շռայլ մեկնաբանությունն այն է, որ նրանք հանկարծակիի են եկել։ Առավել քիչ քննակվող տարբերակը՝ Ռուսաստանը տվել էր իր համաձայնությունը հարձակմանը, գուցե, տարածաշրջանում ռազմական ներկայության դիմաց»,- նշել է հոդվածագիրը։

Գեսենը գրել է նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին։

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կալանավորեց Ռուբեն Վարդանյանին, հայ գործարարին եւ մարդասերին, որը միլիարդներ է վաստակել Ռուսաստանում՝ մինչեւ Արցախ տեղափոխվելը, որպեսզի գլխավորի նրա կառավարությունը 2022թ.»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։

Երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի՝ երկու հարեւանների քաղաքական ուղիները, որոնք անխզելիորեն կապված են արյամբ ու պատերազմով, բաժանվեցին, գրել է պարբերականի սյունակագիրը։

«Ադրբեջանը խորհրդային տոտալիտարիզմից անցավ հետխորհրդային բռնապետության՝ կառավարող դինաստիակով, գրաքննությամբ եւ լայնորեն տարածված քաղաքական բռնաճնշումներով։ Ադրբեջանը՝ աշխարհում առաջին նավթային տերություններից մեկը, դարձավ նաեւ համեմատաբար հարուստ։ Նա դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական կապեր հաստատեց հարեւան Թուրքիայի եւ Իսրայելի հետ, որն Ադրբեջանը դիտարկում է որպես դաշնակից ցանկացած առճակատման մեջ Ադրբեջանի մերձավոր հարեւան Իրանի հետ։ Հայաստանը, գոնե ձեւականորեն, անցում իրականացրեց դեմոկրատիային»,- նշել է Գեսենը։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ այժմ Արցախի «անկախության նախագիծն» ավարտվեց, սակայն Հայաստանում նրան հայտնել են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված չէ։

News.am