ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ. Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

Բացահայտ տեսնում ենք թուրք-ադրբեջանական ակտիվ, ինտենսիվ նպատակների իրականացմանն ուղղած քայլեր, որտեղ Ադրբեջանը մենակ չէ, ինչպես այն տխրահռչակ երգում էր ասվում՝ «Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես․․․»։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Կարող ենք ֆիքսել, որ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ միջամտում են Հայաստանի ներքին գործերին, ոտնձգում են Հայաստանի տարածքային ամողջականությանը, նրանք այդ միջանցք եզրույթը դարձնում են սովորական՝ քաղաքական հռետորաբանության մեջ, այնինչ այն, ինչ գրված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ, տարբեր երևույթներ են։

Միջանցքը այլ կոնկրետ բան է, անընդհատ ասելով միջանցք՝ ես դրա մեջ զուգահեռ եմ տեսնում, ինչպես չեն կիրառում Լեռնային Ղարաբաղի փոխարեն Արցախ տերմինը, այնպես էլ փորձում են կիրառել միջանցք տերմինը։ Բացահայտ տեսնում ենք թուրք-ադրբեջանական ակտիվ, ինտենսիվ նպատակների իրականացմանն ուղղված քայլեր, որտեղ Ադրբեջանը մենակ չէ, ինչպես այն տխրահռչակ երգում էր ասվում՝ « Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես․․․»»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ հայտնի է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» թուրքական հարյուրամյա երազանքն է։

«Այդ պրոցեսը սկսվել է անցյալ դարի 20-ական թվականներից, և չի հասել հանգուցալուծման՝ շնորհիվ Գարեգին Նժդեհի ինքապաշտպանության։

Սյունիքը ոչ միայն տարածաշրջանային,այլև աշխարհաքաղաքական խնդիր է»,- նշել է Մելքոնյանը։

Մեր զրուցակիցն ասում է, որ տարիներ առաջ էլ, Արցախում թուրքական ներկայություն կար, որը կարճ տևեց։ Եթե պատմությունը կրկնվի, ըստ նրա, Ադրբեջանի այսօրվա ներկայությունը Արցախի Հանրապետությունում կրկին կարճ կտևի

«100 տարի առաջ թուրքական ներկայություն կար Արցախում, որը շատ կարճ տևեց և դուրս մղվեց։ Էնվեր փաշայի ու նրա եղբոր ջանքերն ենք հիշում՝ այնտեղ լինելու։ Եթե ճակատագիրը կրկնվի, այս ներկայությունն էլ պետք է շատ երկար չտևի։ Թուրքիայի վաղուցվա նպատակը մտնելն է Հարավային Կովկաս, երկար ժամանակ նրան չէր հաջողվում, հիմա հաջողվել է։

Բայց Հարավային Կովկասը շատ փոքր է երեք մեծ խաղացողների համար՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, կարծես թե այս գերտերությունների միջև ինչ-որ պահի հրմշտոց կարելի է ակնկալել։

Այս պահին Թուրքիան փորձում է ամրապնդվել։ Հատկապես Շուշիի հռչակագրից հետո թուրք-ադրբեջանական և՛ ռազմական պոտենցիալը, և՛ քաղաքական նպատակները նույնական են»,- եզրափակել է Ռուբեն Մելքոնյանը։

alphanews.am