ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 4 ԶԱՎԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՋԱԿՑԵԼ ՀՈՐ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆԸ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները, ով Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել էր Արցախից հեռանալու փորձի ժամանակ, կոչ են անում համաշխարհային առաջնորդներին աջակցել իրենց հոր ազատ արձակմանը։
Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք համաշխարհային առաջնորդներին, իրավապաշտպաններին և լրատվամիջոցներին՝ խնդրելով օգնել մեր հորը Ադրբեջանում ապօրինի բանտարկությունից ազատելու համար։ Նրան բերման ենթարկելու պահից մենք ոչ մի կերպ հնարավորություն չենք ունեցել նրա հետ կապ հաստատելու և նրա վիճակի մասին տեղեկանալու։ Մենք չգիտենք, թե ինչպես են նրա հետ վարվում և վախենում ենք նրա կյանքի և առողջության համար։
Ավելի քան մեկ տարի առաջ մեր հայրը Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հաստատվելու դժվարին որոշում կայացրեց, քանի որ ցանկանում էր ապրել արցախցիների հետ և պաշտպանել նրանց ու նրանց իրավունքները։ Արցախահայությանը օգնելու այս ցանկությունն այնքան մեծ էր, որ նա թողեց ամեն ինչ, անտեսեց հարմարավետությունն ու գնաց այնտեղ՝ շրջափակման ու պատերազմի դժվարությունները կիսելու արցախցիների հետ։
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հումանիտար ճգնաժամը վերաճեց իսկական աղետի, և սկսվեցին տեղի բնակիչների հարկադիր զանգվածային տեղահանումները։ Հայաստան մեկնող խաղաղ մարդկանց թվում էր մեր հայրը։ Ադրբեջանական անցակետով անցնողներից նրան հատուկ առանձնացրել են և կալանավորել։
Մենք չենք ցանկանում, որ մեր հայրը դառնա տարածաշրջանում քաղաքական հակամարտության հերթական զոհը։ Նրա առաքելությունը միշտ եղել է այս հակամարտությունը լիցքաթափելն ու տասնամյակներ շարունակվող թշնամանքին խաղաղ լուծում գտնելը:
Մեր հայրը հումանիստ է և երբեք ռազմական գործողությունների չի մասնակցել։ Իր գործընկերների հետ նա հիմնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մեկը, որը նվիրված է խաղաղության խթանմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Վերջին տասնամյակների ընթացքում նա մեր ընտանիքի և իր գործընկերների ու համախոհների միջոցները ներդրել է կրթության զարգացման և տարածաշրջանի ժողովուրդների մշակույթի պահպանման գործում՝ անկախ նրանց դավանանքից։ Այսպիսով, նրա ջանքերով, ի թիվս այլոց, վերականգնվել են Շուշիի եկեղեցիներն ու մզկիթը։
Ակտիվ և հայտնի հայ մարդասիրական գործիչն ու հասարակական առաջնորդն այսօր դարձել է տեւական քաղաքական կոնֆլիկտի և արդարադատության ոչ թափանցիկ համակարգի զոհ:
Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, որոնք մեզ օգնության հասան և աջակցեցին մեզ այս դժվարին պահին։ Այս աջակցությունը մեզ ուժ է տալիս, բայց մենք չենք կարող հանգստանալ, քանի դեռ մեր հայրը և մյուս բանտարկյալները չեն ազատվել: Ամեն օր մեծանում է ռիսկը, որ նա երբեք չի վերադառնա մեզ մոտ, և մենք նրան այլևս չենք տեսնի։
Մենք՝ Ռուբեն Վարդանյանի զավակներս, կոչ ենք անում տեր կանգնել մեր հոր և անարդարացիորեն կալանավորված բոլոր հայերի իրավունքներին և հասնել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը։ Ոչ մի մարդ չպետք է հետապնդվի կամ զրկվի ազատությունից՝ իր համոզմունքների, կրոնի կամ ազգության պատճառով:
Աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար և խնդրում ենք ձեր օգնությունը:
News.am