ՍԵՎ ՑՈՒՑԱԿ-ՍՊԻՏԱԿ ՑՈՒՑԱԿ. 1915 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24 - 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմա-ահաբեկչական ագրեսիայի երրորդ տարելիցի օրը, անցակետում ձերբակալեցին և Բաքու տարան Ռուբեն Վարդանյանին: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հանդես եկավ թշնամուն ինքնակամ հանձնվելու որոշման մասին հայտարարությամբ՝ շատ խոսուն բացատրությամբ. «Իմ չներկայանալը կամ, որ ավելի վատ է՝ փախուստը, լրջագույն վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ մարդկանց»:

Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Արշավիր Ղարամյանի, ՊԲ նախկին առաջին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի ձերբակալության մասին:

ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, Մնացականյանի, Մանուկյանի և Բաբայանի ձերբակալություններն ու կալանավորումները, Ղարամյանի մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան: Ռուբենին մեղադրել են «ահաբեկչության ֆինանսավորման» մեջ, և դա անում է ահաբեկչական գործունեության մեջ թաղված երկիրը, որը, ի թիվս ամենի, 3 տարի առաջ տարածաշրջան բերեց միջազգային ահաբեկիչ-վարձկանների և վճարեց նրանց հայերի սպանության համար: Դավթի դեմ, ամենայն հավանականությամբ, Բաքվի մարդակերները առանձնակի ատամ ունեն, ինչը միանգամայն հասկանալի է. Բաբայանը Արցախի ազատության և անկախության գաղափարին ամենահավատարիմ գործիչներից է, որն իր կյանքը նվիրել է Հայրենիքին ծառայությանը: Այդտեղից էլ նրա դեմ սարքված միանգամից 20 (!!) աներևակայելի և անհեթեթ քրեական հոդվածները:

Թե ինչ է սպասվում այս պահին Արցախում մնացած երկու նախկին նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին, և գործող նախագահին, ըստ մամուլի հրապարակումների, բանակցություններ են ընթանում նրանց ազատ ելքի վերաբերյալ: Միաժամանակ Բաքուն հետախուզում է հայտարարել երրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ, որը վաղուց Հայաստանում է: Արայիկի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ, ինչը հանգեցնում է այն մտքին, որ նա մեկնել է Արցախից և գտնվում է Բաքվի հասանելիության գոտուց դուրս:

Ոչ մի տարօրինակ բան դրանում չկա: Այն մասին, որ գերեվարվում են նրանք, ովքեր բացահայտ մեղադրել են ՀՀ իշխանություններին և անձամբ Փաշինյանին դավաճանության ու Արցախը հանձնելու մեջ, և հակառակը՝ հանգիստ ու ապահով անցնում են ադրբեջանական անցակետով և Հայաստան հասնում հայ ժողովրդի դեմ ուղղված այս գլոբալ ոճրագործության մեղսակիցները, արդեն խոսում են բոլորը։ Դրա ամենավառ օրինակը Սյամո անունով հայտնի կերպարն է, որի գլխի համար Բաքուն պարգև էր առաջարկում դեռևս Արցախյան առաջին ազատամարտի տարիներին, երբ Սյամոն դեռևս խիզախ գեներալ Սամվել Բաբայանն էր։

Հիմա նա վերածվել է հավատարիմ վեցնոցի՝ ՀՀ վարչապետի աթոռին նստած ոչնչության ձեռքի տակ, որը հանձնեց Արցախը թուրքերին և հարյուր հազարից ավելի մարդկանց դատապարտեց փախստականի ճակատագրի, իսկ մեզ բոլորիս՝ հայրենազրկման։ Իսկ դա նշանակում է, որ նախկին գեներալը ինքնստինքյան դարձել է նաև Իլհամ Ալիևի վեցնոցը, որը ողորմածաբար թույլ է տալիս նրան անցնել անցակետով, որովհետև Սյամոն շտապում է օգնել Նիկոլին պահպանել իշխանությունը և վերջապես նրանից ստանալ բաղձալի «պաշտոն», դե գոնե մի որևէ։

ԱՍԵՆՔ, ԲԱՎԱԿԱՆ Է ԽՈՍԵՆՔ ԱՅՍ ԿԵՐՊԱՐԻ ՄԱՍԻՆ: Սամվել Բաբայանը Ադրբեջանի «սև ցուցակից» հանվել է այն պահից ի վեր, երբ սկսել է ծառայել Փաշինյանին, նրա պարագայում ամեն ինչ հասկանալի է։ Միանգամայն այլ հարց են մարդիկ, որոնց Բաքուն մեթոդաբար ձերբակալում է՝ անհեթեթ քրեական գործեր սարքելով նրանց դեմ, որպեսզի ցուցադրաբար պատժի այն անձանց, ովքեր հայրենասիրության և Հայրենիքին նվիրվածության օրինակ են հանդիսանում։ Նրանց, ովքեր հայ ժողովրդի «սպիտակ», լուսավոր ցուցակում են, և հետևաբար՝ երկիրը բռնազավթած հակահայկական իշխանության ոխերիմ թշնամին են։ Նրանց, ովքեր սպառնալիք են ներկայացնում անձամբ Փաշինյանի համար, որովհետև կարող են առաջնորդել Հայրենիքը թուրքացումից փրկելու պայքարը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր, երբ փակվեց Բերձորի միջանցքը, և նույնիսկ ավելի վաղ՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, 20-րդ դարասկզբին տեղի ունեցածի հետ զուգահեռները չափազանց ակնբախ էին չնկատելու համար։ Սկզբում դրանք ակնհայտ էին միայն մեզ, այնուհետ հայտնի ցեղասպանագետ գիտնականները սկսեցին բացահայտ խոսել Հայոց ցեղասպանության հերթական փուլի մասին։ Հիմա, երբ Ադրբեջանը սկսել է ձերբակալել և կալանավորել ազգային-ազատագրական շարժումը գլխավորելու ունակ հայրենասերներին, ակներև է ևս մեկ բացահայտ զուգահեռ:

1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեցին հայ մտավորական ընտրախավի զանգվածային ձերբակալություններն ու ֆիզիկական ոչնչացումը, ազգի փաստացի գլխատումը, ինչը դարձավ Ցեղասպանության առաջին փուլ: Այսօր հայ ժողովրդի ներունակ առաջնորդները նախևառաջ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներն են, և հենց նրանց չեզոքացմանն են ձեռք զարկել Ալիևն ու Փաշինյանը: Երկուսի համար էլ սա կարևորագույն խնդիր է, որովհետև երկուսն էլ ձգտում են կանխել իրենց համար մահաբեր գործընթացները, որոնք կարող են հանգեցնել ժողովրդի համախմբմանը նոր առաջնորդների շուրջ և Հայաստանում ներկա իշխանության փոխարինմանը ազգայինով՝ դրանից բխող և հանցավոր տանդեմի համար խիստ վտանգավոր հետևանքներով։

Հենց այդ պատճառով էլ Հայաստանի իշխանությունները մի բառ անգամ չեն ասում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալությունների և Բաքվի ձեռնարկած նողկալի գործընթացի մասին՝ դատապարտելու և ցուցադրաբար «պատժելու» նրանց, ովքեր ամբողջ կյանքում պայքարել են իրենց Հայրենիքի ազատության և անկախության համար։ Առաջին հերթին՝ մարտական գեներալներին, որոնք իրենց զինվորական երդմանը հավատարիմ՝ ակնհայտ հակապատկերն են դավաճանին ծառայող այսօրվա ՀՀ ԶՈՒ ծախված գեներալների։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը իշխանությունների ձևական արձագանքին, ապա դրանից մի մղոնի վրա կեղծավորության ու ձևականության հոտ է փչում. ԱԳՆ հայտարարություններն ու ՄԻԵԴ դիմելը հարկադրված քայլեր էին, որոնք թելադրված էին գործարարի ու բարերարի համբավով և ոչ տեղային նշանակությամբ։

... Ադրբեջանի «սև ցուցակի» թեման դեռ նոր է սկսում ծավալվել գործնականում։ Չափազանց շատ բան է վկայում այն մասին, որ այդ մարդիկ գիտակցաբար են նման քայլի դիմել ուրիշներին փրկելու համար. Դավիթ Բաբայանի հայտարարության ենթատեքստը, ինչպեսև մյուս տեղեկությունները հենց այդ մասին են վկայում: Անհասկանալի է մնում երեք նախագահների՝ Ղուկասյանի, Սահակյանի և Շահրամանյանի, ինչպես նաև գեներալ Վիտալի Բալասանյանի, Դավիթ Իշխանյանի և արցախյան մյուս առաջնորդների ճակատագիրը։

Այս ամենի մեջ ապշեցնում են բնավ ոչ Բաքվի և թուրքական կամակատարի գործողությունները Երևանում։ Ապշեցնում է հայ հասարակության գործնական անտարբերությունը ազգի փառքն ու պատիվը անձնավորողների, արժանապատվությունը բարձր պահած և հազվագյուտ նվիրում ցուցաբերած մարդկանց ճակատագրի նկատմամբ: Եթե այդ ցուցակում չլիներ Ռուբեն Վարդանյանը, դժվար թե տեղի ունենար շաբաթօրյա բազմամարդ երթը, թեև դեռևս 2020-ի դեկտեմբերին հենց հայ մտավորականությունն էր զանգվածային ակցիաներ կազմակերպում ի պաշտպանություն մեր ռազմագերիների։

Եվ եթե 108 տարի առաջ թուրքերը ձերբակալում ու սպանում էին հայ մտավորականության ներկայացուցիչներին, ապա այսօր Հայաստանի մտավորական ընտրախավը, հատուկենտ բացառությամբ, ոչնչացրեց ինքն իրեն՝ սողալով թուրքական վիժվածքի իշխանության առջև։ Թե կա արդյոք դրանում օրինաչափություն և համապատասխանություն դարաշրջանին՝ առանձին և մասնագիտական հետազոտության թեմա է, իսկ փաստն այն է, որ այսօր խոր ջրբաժան է անցնում նաև էլիտաների միջև՝ բացահայտելով դրա իրական ներկայացուցիչներին և նրանց, ովքեր վախկոտաբար գերադասեցին ողորմելի երեսուն արծաթը:

Ալիև-Փաշինյանի սև ցուցակը հայ ժողովրդի սպիտակ ցուցակն է, նրա ազգային էլիտայի, որն այսօր ահավոր վտանգի մեջ է հայտնվել ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականի ապրիլ-մայիսին: Թե ինչ կատարվեց հետո, շատ լավ հայտնի է։