ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱԼՈՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն ջանք գործադրում է, որպեսզի մակերես չելնեն Արցախում հայերի ցեղասպանության աղաղակող փաստերը: Կրկնվում է 44-օրյա պատերազմի սցենարը, երբ ադրբեջանցիները փորձում էին կոծկել Հադրութի գլխավոր հրապարակում քաղաքապետարանի աշխատակիցների զանգվածային գնդակահարության փաստը և այլ վայրագությունները խաղաղ բնակիչների նկատմամբ։

Բռնի տեղահանման զոհերը ներկայացնում են ադրբեջանցիների կողմից վեց ռուս խաղաղապահների սպանության իրենց վարկածը: Այն է՝ ռուս զինվորականներին տեղափոխող մեքենային հարված է հասցվել այն հաշվարկով, որ ոչ ոք ողջ չմնա։ Պատճառն այն է, որ խաղաղապահներն ակամայից ականատես են եղել ադրբեջանական զինվորների կողմից հայկական գյուղերից մեկի խաղաղ բնակիչների գազանային կոտորածին։ Ադրբեջանցիներն իրենց հրամանատարությանը զեկուցել են, որ խաղաղապահներն ականատես են եղել ցեղասպանության ակտին, ինչին հաջորդել է վկաներին ոչնչացնելու հրամանը։

Ցեղասպանության ներկա փուլը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակման շարունակությունն է, իսկ արևմտյան իրավական ինստիտուտները դեռևս մի բառ անգամ չեն ասել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների կազմալուծման մասին Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած թուղթը իրավական հիմքեր չունի։ Թուղթը փաստաթուղթ չէ: Այն ստորագրվել է ցեղասպանության օրերին, այսինքն ուժի կիրառման պայմաններում, երբ վտանգված էին տասնյակ հազարավոր կյանքեր, ուստի չի կարող լեգիտիմ համարվել։

Եթե Մոսկվային բավարարել են պատահական սպանության ադրբեջանական վարկածը և պաշտոնական Բաքվի «անկեղծ» ներողությունը (նույնքան «անկեղծ», որքան Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո), ապա դա իր խնդիրն է։ Իսկ հայկական կողմի խնդիրն է՝ բացատրել համաշխարհային ազդեցիկ ատյաններին, որ ընդունելով Շահրամանյանի հրամանագիրը՝ իրենք օրինականացնում են ցեղասպանության արդյունքները, արձակելով թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերը՝ շարունակելու այդ քաղաքականությունը ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Այդ շարունակությունից հայերին չեն փրկի Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացումը, Բայդենի ևս մեկ նամակը Փաշինյանին, Ալիևի կողմից անտեսվող ՄԱԿ-ի Միջազգային դատարանի մեկ այլ որոշումը, ինչպես նաև ֆինանսական ներարկումներն ու «անկեղծ կարեկցանքի» խոսքերը ԵՄ պետությունների կողմից, որոնց նավերը, ինչպեսև նախորդ դարում, չեն կարող բարձրանալ հայկական լեռները։ Ցեղասպանությունը շարունակվում է, դրան դիմակայելը յուրաքանչյուր հայի անձնական գործն է։ Առաջին քայլը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած դավաճանի ռեժիմի տապալումն է։

Փաշինյանը ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտա Արցախի Հանրապետության նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների մուտքը Հայաստանի տարածք։ Նա վախենում է, որ այդ մարդիկ անմիջապես կհամալրեն ընդդիմության շարքերը և հանդես կգան իր հրաժարականի պահանջով։

Նախկին պետնախարարի ձերբակալությունը ձեռնտու է Փաշինյանին։ Ռուբեն Վարդանյանը ոչ մի օր չի կռվել, ի տարբերություն նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, որը հանգիստ անցել է բոլոր զննումներն ու եկել Երևան: Վարդանյանի հետ միաժամանակ ձերբակալվեց Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը): Նա Վարդանյանի քաղաքական թիմակիցներից է։ Փաշինյանի անհաշտ քաղաքական հակառակորդների թվում է նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, որը նույնպես գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:

Բաբայանը վաղուց է սպասարկում Փաշինյանի շահերը, այդ իսկ պատճառով նա չկա Ալիևի սև ցուցակում, որտեղ միայն Բաքվի և Անկարայի խամաճիկի քաղաքական հակառակորդներն են: Ռեժիմի խոսափողներից մեկը՝ Գնել Սարգսյանը, իր հեղինակային հաղորդման եթերում Վարդանյանի ձերբակալությունը ներկայացրեց իբրև «իր լրտեսին հերոսացնելու» Մոսկվայի փորձ։ «Բաբայանին չեն կալանավորել, քանի որ նման խնդիր չի եղել»,- ընդգծեց նա, ակնհայտորեն աչքաթող անելով, որ նախկին պետնախարարին կալանավորել են և բնավ ոչ Կրեմլի հրահանգով:

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ուղղակիորեն մատնանշեց, որ Ալիևը գերեվարում է Փաշինյանի քաղաքական հակառակորդներին։ Այսօր դա տեղի է ունենում Արցախում, իսկ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպումից և այնուհետ խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումից հետո կգա Հայաստանի հերթը։ Հնարավոր է, որ արդեն հոկտեմբերի 5-ին Գրանադայում Փաշինյանը Ալիևին փոխանցի այն թշնամիների ծավալուն ցուցակը, որոնք խանգարում են հանձնել «Զանգեզուրի միջանցքը», թեև Ալիևին առանց այդ էլ հայտնի են նրանց անունները, ովքեր խանգարում են իր ու Նիկոլի ընդհանուր գործին։ Չի բացառվում, որ տեսանելի հեռանկարում Նիկոլի քաղաքական հակառակորդներին առևանգեն ՀՀ տարածքից և ձեռնաշղթաներով տեղափոխեն Բաքու…

Ինչ վերաբերում է «Մոսկվայի ցուցանող և ուղղորդող ձեռքին», ապա վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նրա դերը տարածաշրջանային իրադարձություններում չափազանց ուռճացված է, իսկ ՌԴ քաղաքացիությունից Վարդանյանի հրաժարվելու մասին հիշատակումները լոկ առիթ են Կրեմլի կողմից սեփական անզորությունն արդարացնելու համար։ Ապշերոնի սուլթանը ցույց է տալիս հավաքական Արևմուտքին, որ Պուտինն անզոր է իր առջև, և միայն Բաքվի կամքից է կախված, թե որքան կմնան խաղաղապահները Արցախի տարածքում…

Նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ինքը մեկնեց Շուշի, քանի որ նրան շանտաժի էին ենթարկել հայրենակիցներին ուղղված սպառնալիքներով: Նա կալանավորված է: Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ վերաբերմունքը ստիպում է մտորել Հայաստանում գալիք քաղաքական զտումների մասին. Փաշինյանը հաղորդում է ժամն ու վայրը, իսկ Ալիևը՝ առևանգում ու «փակում»։ Մինչ այդ կար միայն հետադարձ կապ. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանին և 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին մտացածին մեղադրանքներով կալանավորել են Ալիևի անձնական հրամանով:

Ալիեվն ուներ միլիարդատեր Վարդանյանին ձերբակալելու իր դրդապատճառները, բայց նա շատ ավելի մեծ դրդապատճառներ ուներ նախկին հրամանատարին ձերբակալելու համար, որն անցկացրել է Առաջին ազատամարտի մի շարք փայլուն ռազմական գործողություններ, սակայն Ս.Բաբայանը, կրկնում եմ, հանգիստ անցել է անցակետով։ Իսկ հետո Հանրային հեռուստաընկերության եթերում պարծենում էր դրանով, կարծելով, թե հեռուստադիտողները խոտակեր են, ուստի չեն հասկանա, որ Արցախից իր անարգել փախուստի պատճառը քաղաքական հաճկատարությունն է։ Դատեք ինքներդ. Վագիֆ Խաչատրյանին ձերբակալում են այն կասկածանքով, որ նա Բաբայանի վարորդն է եղել, իսկ Բաբայանին բաց են թողնում՝ նույնիսկ չստուգելով փաստաթղթերը։ Ամենազավեշտալին այն փաստարկն էր, թե իրեն «չեն ճանաչել», քանի որ անցակետում կանգնած էին ադրբեջանցիներ, որոնց տարիքը չէր անցնում 30-35-ից։ Դե, պարզապես «երկաթե փաստարկ» է. Վագիֆին «ճանաչել են», իսկ իրեն՝ ոչ

Ս.Բաբայանը, ավաղ, վաղուց ջնջել է սեփական մարտական անցյալը և ընդ որում ներկայացել որպես սուբյեկտ, որը սեպարատ բանակցություններ է վարել ադրբեջանցիների հետ՝ դրա համար չունենալով պաշտոնական լիազորություններ։ Գլխավոր դատախազությունն այդ բանակցություններում հանցակազմ չտեսավ, ինչը ևս մեկ ապացույց է, որ Բաբայանը գտնվում է իշխող ռեժիմի պաշտպանության տակ:

Որտեղ էլ որ լինեն Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, մաղթում ենք նրանց տոկունություն և արիություն: Եվ էլի մի բան. ռեժիմի վերոնշյալ խոսափողն իր հաղորդման եթերում արտաբերեց մի խորհրդանշական արտահայտություն. «Արցախի բնակիչները միշտ ավելի ռուսամետ են եղել և ավելի շատ հավատացել Ռուսաստանին, քան Մոսկվայի և Պետերբուրգի բազմաթիվ բնակիչներ»: Ռուսաստանի մասին այսօր շատերն են խոսում անցյալ ժամանակով…