Արգիշտի ԿԻՎԻՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆԸ ՄԵՐԺԵՐ ԳՐԱՆԱԴԱՆ ՈՒ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է

«Լավ, եկեք կարճ բացատրեմ վերջին քաղաքական իրավիճակը, որ պարզ լինի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ազգային պատուհաս ու սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Նայեք՝ ինչ է անում Ադրբեջանը նա Նիկոլի ձեռքերով դրդեց Հայաստանին Արևմուտքի գիրկը, ինչի արդյունքում բնականաբար փչացան Երևանի հարաբերությունները ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Իրանի հետ։

Դրանից հետո Բաքուն ինքը հրաժարվեց Գրանադայի հանդիպումից՝ դրանով ռևերս անելով Մոսկվային, որովհետև պարզ է, որ դա բխում է ռուսների շահերից, ինչպես նաև հայտարարեց, որ Կասպիցի վրա կանցկացվեն իրանաադրբեջանական համատեղ զորավարժություններ, այն պարագայում, երբ Թեհրանը երկար ժամանակ այդպես էլ չի կարողանում պաշտոնական Երևանին համոզել անցկացնել համատեղ զորավարժություններ։

Ու այս պարագայում ինչպիսի պատկեր ստացվեց Բաքուն չունի ոչ մի վախ Արևմուտքից, քանի որ նրանք կախված են իր էներգակիրներից, իսկ անգամ շատ սուր խնդիրները իր փոխարեն միասնական Արևմուտքի հետ կլուծեն Թուրքիան, Բրիտանիան ու Իսրայելը, ու դրա համար ինքը գիտի, որ և Եվրոպան, և ԱՄՆ-ն դատարկ հայտարարություններից զատ ոչինչ չեն անելու Հայաստանի համար, ինչքան ուզում է՝ Հայաստանը խորացնի Արևմուտքի հետ իր հարաբերությունները:

Ի տարբերություն հայերի, Բաքուն շատ լավ գիտի, որ հողի վրա լավ, թե վատ, Հայաստանի միակ բնական դաշնակիցները կարող են լինել Ռուսաստանը ու Իրանը։ Դրա համար Բաքուն մի ձեռքով մտցնում է Հայաստանին Արևմուտքի գիրկը, մյուս ձեռքով ռևերսներ անելով Մոսկվայի ու Թեհրանի նկատմամբ, Հայաստանին զրկում պոտենցիալ դաշնակիցներից ու շարունակում խժռել Հայաստանին։ Ու այդ ամենը արվում է Նիկոլ Փաշինյանի գիտակցված կամ անգիտակից օգնությամբ։

P.S. Եթե Հայաստանը ունենար սթափ արտաքին քաղաքականություն, ինքը պետք է առաջինը մերժեր Գրանադան ու Թեհրանի հետ Սյունիքում անցկացներ զորավարժություններ»:

News.am