Վլադիմիր ՊՈՒՏԻՆ․ ՍԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ Է։ ԴԵ, ԻՍԿ ՄԵՆՔ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ...
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ի՞նչ պետք է աներ Ռուսաստանն այս դեպքում։ Այս մասին Валдай միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«2022 թվականի աշնանը Պրահայում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հովանավորությամբ՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ, հավաքվել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
Իսկ այնտեղ ստորագրեցին հայտարարություն, գիտեք... Հայտարարություն, որից հետևում է, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։ Ավելին, Հայաստանի ղեկավարներն ուղղակիորեն քառակուսի կիլոմետրերով անվանեցին Ադրբեջանի տարածքը, որն անշուշտ ներառում է Ղարաբաղը, և ընդգծեցին, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունն Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում, որը ժամանակին ԽՍՀՄ կազմում էր։ Եվ ինչպես գիտեք, Ղարաբաղը նույնպես Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։
Այսինքն, ըստ էության, լուծվեց Ղարաբաղի կարգավիճակի հիմնական, բացարձակապես առանցքային հարցը։ Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը։ Ինչն, անկեղծ ասած, տարօրինակ է ինձ համար։ Սակայն, այդպիսի որոշում եղավ, նրանք չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը։ Բայց այստեղ՝ Պրահայում, ճանաչեցին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Իսկ հետո 2023-ի սկզբին նույն բանը կրկնեցին երկրորդ անգամ՝Բրյուսելում նմանատիպ հանդիպման ժամանակ… Ի դեպ, այս մասին մեզ ոչ ոք չի ասել։ Այս մասին ես անձամբ իմացել եմ մամուլից։ Ադրբեջանը միշտ Ղարաբաղը համարել է իր տարածքի մաս։ Բայց, սահմանելով Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, Հայաստանը որակական փոփոխություններ կատարեց իր դիրքորոշման մեջ։ Սրանից հետո հանդիպումներից մեկում նախագահ Ալիևը մոտեցավ ինձ և ասաց. «Տեսնում եք, բոլորն ընդունեցին, որ Ղարաբաղը մերն է։ Ձեր խաղաղապահներն այնտեղ մեր տարածքում են գտնվում»… Հասկանում եք, նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակը որակական փոփոխությունների ենթարկվեց Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում որոշելուց հետո։ Նա (Ալիևը – խմբ.) ասում է՝ ձեր զինվորականները մեր տարածքում են, եկեք որոշենք երկկողմանի հիմքով։ Դե, իսկ վարչապետ Փաշինյանը հաստատեց. «Այո, հիմա դուք պետք է երկկողմանի բանակցություններ վարեք»։ Այսինքն՝ Ղարաբաղը գնաց։ Ղարաբաղի կարգավիճակի մասին ինչ ասես կարելի է ասել։ Բայց սա Ղարաբաղի կարգավիճակի առանցքային հարցն էր, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում տասնամյակներ շարունակ՝ ինչպես, երբ, ով է որոշելու նրա կարգավիճակը։ Վե՛րջ։ Հայաստանը որոշեց դա՝ Ղարաբաղը պաշտոնապես անցավ Ադրբեջանի կազմ։ Սա ժամանակակից հայկական պետության դիրքորոշումն է։ Դե, իսկ մենք ի՞նչ անենք...
Խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020-ի հայտարարության վրա
Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020 թվականի նոյեմբերի հայտարարության վրա։ Խաղաղապահների ոչ մի կարգավիճակ այդպես էլ չի առաջացել,- հայտարարել է ՌԴ նախագահը։
«Հայտնի իրադարձություններից եվ ԽՍՀՄ փլուզումից հետո մենք գիտենք, որ ծագել է ազգամիջյան հակամարտություն, բախումներ են սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև, դրանք սկսվել են Սումգայիթից, հետո տարածվել են Ղարաբաղում։ Սա բերեց նրան, որ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները... Ադրբեջանի յոթ շրջանները: Սա, կարծում եմ, Ադրբեջանի տարածքի գրեթե 20 տոկոսն է։ Այս ամենը շարունակվում էր շատ տասնամյակներ: Պետք է ասեմ, և ես այստեղ որևէ գաղտնիք չեմ բացահայտի, վերջին 15 տարիների ընթացքում մենք մեր հայ ընկերներին բազմիցս առաջարկել ենք գնալ փոխզիջումների՝ Ղարաբաղի շուրջ 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ժամանակ առ ժամանակ մեզ ասում էին. «Ոչ, սա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»: Մենք էլ մեր հերթին նրանց ասում էինք՝ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոնից ավելի մարդ կա, եկեք համեմատենք պոտենցիալները... Քանի դեռ կա նման հնարավորություն, պետք է գտնել այդ փոխզիջումը: Մենք մեր կողմից այս որոշումը կիրականացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, երաշխավորելու ենք Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ձևավորվող Լաչինի միջանցքի անվտանգությունը, երաշխավորելու ենք այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը։ Բայց ոչ, մեզ ասացին. «Ոչ, մենք չենք կարող սրան համաձայնել», իսկ դուք ի՞նչ եք անելու. «Մենք կկռվենք»։
Բանն, ի վերջո, հանգեցրեց զինված բախումների 2020 թվականին։ Այդ ժամանակ, ես էլի առաջարկեցի մեր ընկերներին և գործընկերներին։ Ի դեպ, նախագահ Ալիևը, հավանաբար, ինձանից չի նեղանա, բայց ինչ-որ պահի պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ադրբեջանական զորքերը կանգ կառնեն։ Անկեղծ ասած, ես կարծում էի, որ հարցը լուծված է։ Զանգեցի Երևան և հանկարծ լսեցի. «չէ, թող գնան Ղարաբաղի այն աննշան հատվածից, ուր հասել են ադրբեջանական զորքերը»... Ասում եմ՝ լավ, ի՞նչ եք անելու, էլի նույն արտահայտությունը՝ «կռվելու ենք»…Դե, լսեք, հիմա մի քանի օրից նրանք կհասնենք ձեր թիկունք՝ Աղդամի տարածքում գտնվող ձեր ամրությունները, և ամեն ինչ կավարտվի։ Դուք հասկանո՞ւմ ես։ Այո՛։ Իսկ դուք ի՞նչ եք անելու՝ մենք կկռվենք։ Լավ…
Դե, ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Ի վերջո, մենք, այնուամենայնիվ, պայմանավորվեցինք Ադրբեջանի հետ, որ Շուշիի գիծ և բուն Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները կդադարեցվեն։ Համապատասխան հայտարարություն ստորագրվեց 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման և մեր խաղաղապահների տեղակայման մասին։ Եվ, ահա, հաջորդ շատ կարևոր կետը՝ մեր խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես այս հայտարարության վրա։ Խաղաղապահերի որևէ կարգավիճակ այդպես էլ չի առաջացել։ Չեմ ասի, թե ինչու։ Ադրբեջանը համարում էր, որ դրա կարիքը չկա, բայց առանց Ադրբեջանի ստորագրելն անիմաստ էր։ Ուստի, կրկնում եմ, խաղաղապահների ողջ կարգավիճակը հիմնված էր բացառապես այս հայտարարության վրա։ Եվ խաղաղապահների իրավունքները միայն հրադադարի պահպանման մշտադիտարկման մեջ էին։ Այդքանը։ Այնտեղ խաղաղապահներն այլ իրավունքներ չունեին։ Այս անկայուն վիճակը որոշ ժամանակ շարունակվում էր»,- նշեց նա։
Շառլ Միշելին՝ ո՞ւմ կովն էլ բառաչի, քոնը լավ կանի լռի
Մեր ժողովուրդը ասում է՝ ո՞ւմ կովն էլ բառաչի, քոնը լավ կանի լռի,- մեկնաբանեց Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին։
«Մեզ մոտ այսպիսի արտահայտություն կա՝ ում զամբիկն էլ․․․ բառաչի՝ քոնը լավ կանի՝ լռի... Դե, կով, ձի, միևնույն է, կենդանի, մի խոսքով»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին՝ «Վալդայ» միջազգային ակումբում։
News.am-ի նյութերով