«ՊԱՍ ՏՎՈՑԻ»

Վալդայի համաժողովի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս Հայաստանի և Արցախի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից թերևս ամենից սենսացիոնն այն էր, երբ ՌԴ առաջնորդը խոսում էր այն մասին, որ Երևանում առանձնապես չէին ցանկանում տեսնել այժմ Բաքվում կալանքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներին...

Հիշեցնենք, որ այդ համատեքստում առաջինը արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Գեներալը կտրական և առճակատ ասաց, որ Փաշինյանը Ալիևին խնդրել է Հակարի կամրջի վրա բռնել Ռուբեն Վարդանյանին, թույլ չտալ, որ նա հասնի Հայաստան: Քանի որ Փաշինյանը, Կարապետյանի համոզմամբ, ընկալում է Վարդանյանին որպես հնարավոր ուժեղ քաղաքական ընդդիմախոս։ Դե, իսկ նրա հետ միաժամանակ ադրբեջանցիները ձերբակալեցին նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

Գեներալի հայտարարությունն, իհարկե, աղմկահարույց է, բայց կարելի էր հնարավոր համարել, թե նրա խոսքերին չի կարելի վստահել այս կամ այն պատճառով։ Ինչպես որ արդեն մեկնաբանել են Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ անվանելով Կարապետյանի հայտարարությունը անհեթեթություն: Բայց ահավասիկ՝ հիմա էլ Պուտինը… Անհեթեթություն կանվանե՞ն արդյոք Երևանում նաև նրա խոսքերը։

Այո, ճիշտ է, ի տարբերություն Արշակ Կարապետյանի՝ Պուտինը չցանկացավ խորանալ մանրամասների մեջ, և ուղիղ չխոսեց այն մասին, որ Երևանը խնդրել է Բաքվին ձերբակալել այս կամ այն արցախցուն: Դե, բա նախագահ է, պիտի զուսպ արտահայտվի։ Եվ եթե Պուտինի խոսքերից չի կարելի հետևություն անել Բաքվին Երևանից հղված անմիջական խնդրանքի մասին, ապա առնվազն չի կարելի չեզրակացնել, որ Երևանը չի գործադրել բոլոր ջանքերը, որ կարող էր գործադրել Արցախից հայտնի զինվորականների և քաղաքական գործիչների ելքն ապահովելու համար։ Ակնհայտորեն՝ այդպես է որ կա։

Երևանն այդ հարցում միանշանակ կարող էր և կարող է ավելին անել՝ թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ անմիջական շփումով, թե՛ Մոսկվայի միջոցով, թե՛հենց Բաքվի։ Փաշինյանը կարող էր և պարտավոր էր անմիջականորեն զբաղվել այդ հարցով՝ ոչ միայն ուղիղ կապ հաստատելով ՌԽԶ հրամանատարության հետ։ Կարող էր և կարող է պարզապես զանգահարել Պուտինին ու խնդրել նրա աջակցությունը։ Չէ՞ որ Փաշինյանը բազմիցս խոստովանել է, որ այս կամ այն հարցով հաճախ է զանգում Պուտինին, բայց այս անգամ ձեռնպահ մնաց։ Պուտինի ակնարկն էլ, բացի ամենից, նաև այդ մասին էր։

Վերջապես, Ալիևի հետ էլ Փաշինյանը կարող էր և պարտավոր է խոսել այդ հարցով։ Չէ՞ որ ինքն էր ասում, որ Ադրբեջանի նախագահին համարում է կիրթ, կառուցողական քաղաքական գործիչ... Բայց Պուտինը, դատելով ամենից, իրավացի է։ Հայտնի չէ, թե անձամբ է արդյոք Փաշինյանը խնդրել Ալիևին ձերբակալել Արցախի նախկին առաջնորդներին, բայց վաղուց հայտնի է, որ Նիկոլ Վովաևիչն ու Իլհամ Հեյդարովիչը լավ են հասկանում իրար և խաղում իրար «պաս տալով»։ Տվյալ դեպքում, կարծում ենք, Ալիևը գուշակում է Փաշինյանի ցանկությունը և ձերբակալում Արցախի ռազմաքաղաքական էլիտայի այն ներկայացուցիչներին, որոնք կարող են էական տհաճություն պատճառել իր երևանյան վիզավիին։

Հատկապես առանձնանում է Ռուբեն Վարդանյանի՝ արցախյան պատերազմներին չմասնակցած բացարձակ քաղաքացիական անձի ձերբակալությունը, որն Արցախ է եկել 44-օրյա պատերազմից հետո: Նա Արցախի պետնախարարի քաղաքացիական պաշտոնը զբաղեցրած անձանցից միակն է, ում ձերբակալել են Հակարի կամրջի վրա։ Դե, իսկ երբ կա մարդը, ինչպես հայտնի է, հոդվածը կգտնվի։ Եվ ադրբեջանական արդարադատությունը որոշեց մեղադրել Ռուբեն Վարդանյանին «ահաբեկչության ֆինանսավորման» մեջ

Ինչ վերաբերում է Ալիևի և Փաշինյանի «պաս տվոցի» խաղին, ապա ուշադրություն դարձնենք գեներալ Կարապետյանի ևս մեկ հայտարարությանը։ Այն մասին, որ իր հրաժարականը պայմանավորված է եղել նրանով, որ Կարապետյանը հրաման է տվել կրակ բացել Ադրբեջանի սադրանքի դեպքում, և այցելել է Արցախ:

Բազմիցս արձանագրել ենք, որ Ալիևի և Փաշինյանի միջև եղել է գաղտնի պայմանավորվածություն, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները չպետք է այցելեն Արցախ իրենց ծառայողական կարգավիճակով: Արշակ Կարապետյանը Հայաստանի կառավարության միակ ներկայացուցիչն է, որը որպես պաշտպանության նախարար այցելեց Արցախ, ինչի համար էլ շուտով ազատվեց պաշտոնից: Ճիշտ է, մի անգամ Արցախ էր մեկնել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, բայց հետո երկար արդարանում էր, որ Արցախ էր գնացել բացառապես որպես մասնավոր անձ՝ նախնիների շիրիմներին այցելելու ...

Ըստ էության, կարելի է ասել, որ Արցախի վերջնական հանձնումն Ադրբեջանին սկսվել է Ալիևի և Փաշինյանի հենց այդ անդրկուլիսային պայմանավորվածությունից։ Մնացածը ժամանակի և տեխնիկայի հարց էր: Դե, և Փաշինյանի «հանճարեղ» քայլը, երբ Արցախը հանձնելու ծրագրի ավարտին, ադրբեջանական ներխուժումից հաշված օրեր առաջ չճանաչված հանրապետությունում իշխանությունը մասամբ հանձնվեց իր քաղաքական ընդդիմախոսներին, որպեսզի հիմա հնարավորություն բացվի պնդելու, թե Ղարաբաղը հանձնել են նախկինները... Եվ, հասկանալի է, Փաշինյանին բնավ հաճելի չէր լինի լսել, թե ինչ են մտածում այդ ամենի մասին Արցախի այն ներկայացուցիչները, որոնք հիմա Բաքվի բանտերում են։

Փոխարենը՝ հիմա ի՜նչ դրամական մուտքեր են ստացվում Արևմուտքի երկրներից։ Ցանկացած քմահաճույք կկատարեն՝ Արցախը հանձնելու դիմաց։ Քանզի Արևմուտքը ազատվեց ղարաբաղյան գլխացավանքից, ստացավ Ալիևի վրա ճնշում գործադրելու գործիք, դե իսկ գլխավորը՝ ո՜նց «քաշեց» Ռուսաստանին…