Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ԱԼԻԵՎՆ ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՒ Է ԵԽ ԲԱՆԱՁԵՎԸ

Ադրբեջանն արհամարհելու է ԵԽ–ի ընդունած բանաձևը, ինչպես նախկինում ընդունած այլ որոշումները, հետևաբար ավելի լուրջ ու պարտավորեցնող որոշումներ ու սանկցիաներ են պետք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանը։

Նշենք, որ Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար:

Կարապետյանն ընդգծում է` նման պարտավորեցնող ուժ չունեցող որոշումները, ամենայն հավանականությամբ, ի կատար չեն ածվելու, հետևաբար ակնկալիք պետք չէ ունենալ դրա հետ կապված։

«Փաստն այն է, որ ԼՂ–ում տեղի ունեցածի համար Ադրբեջանի դեմ այս պահին չկա որևէ պատժամիջոց կամ իրավական ուժ ունեցող որոշում։ Ալիևը արհամարհեց նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։ Այս դեպքում էլ նույնն է լինելու»,–ասաց նա։

Նախկին հյուպատոսը կարծում է, որ ստեղծված իրավիճակում շատ ավելի լուրջ բանաձևեր են պետք Ադրբեջանի դեմ, սակայն կասկածում է, որ Արևմուտքը պատրաստ է նման որոշումներ կայացնելու` հաշվի առնելով նրանց` Ադրբեջանի հետ կապող բազմաթիվ շահերը։ Մասնավորապես խոսքը էներգակիրների մասին է, որը Արևմուտքին Ադրբեջանից կախվածության մեջ է պահում։

Այս դեպքում Եվրախորհրդարանից զատ, Կարապետյանը կարծում է, որ պետք է միջազգային ավելի կարևոր կազմակերպությունների խոսքին սպասել։ Եվ այստեղ է, որ պետք է մեր արտաքին քաղաքականությունը շատ ավելի նախաձեռնողական լինի։

«Սպասում ենք նաև ԵՄ–ի վերաբերմունքին, միջազգային ավելի կարևոր կազմակերպությունների խոսքին, որոնք պարտադիր ուժ ունեն։ ԵՄ–ն պետք է հստակ իր դիրքորոշումը ցույց տա, էթնիկ զտումների և ցեղասպանության հետ կապված գնահատական տրվի, և այդ գնահատականից բխող նաև որոշակի սանկցիաներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ։ Միակ ելքը դա է, որ մեզ կարող է գոհացնել այս իրավիճակում»,–ասաց նա։

Բացի Եվրոպայից, Կարապետյանը կարծում է, որ ԱՄՆ–ն ևս պետք է իր դիրքորոշումը ներկայացնի։ Սակայն դրա հետ կապված հույսեր, նրա կարծիքով, պետք չէ ունենալ, քանի որ ԱՄՆ–ն անգամ չի բեկանել Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ որոշումները։

Ըստ մեր զրուցակցի`այս պահի դրությամբ և՛ միջազգային հանրության գնահատականները, և՛ ՀՀ–ի վարած արտաքին քաղաքականությունը համահունչ չեն իրավիճակին։

«Ես նկատում եմ, որ հայտարարություններից այն կողմ ոչինչ չկա։ Թե հետո ինչ կլինի, դժվարանում եմ ասել, բայց առնվազն Հայաստանի կողմից շատ երկչոտ քաղաքականություն է վարվում և, հետևաբար դեռ արդյունք գոյություն չունի»,–հավելեց նա։

Նշենք, որ Եվրախորհրդարանի հոկտեմբերի 5–ի նիստում 473 կողմ, 46 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների մասին» («On the situation in Nagorno-Karabakh after Azerbaijan՛s attack and the continuing threats against Armenia») բանաձևը, որը նաև կոչ է արել հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի հանցագործությունները։

Sputnik Արմենիա