ԹՇՆԱՄԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏՆՏԵՍԱԳԵՏԸ՝ ԵԱՏՄ–ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալը ինքնասպանություն է. տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կերպ որակեց տնտեսական միությունից դուրս գալու մասին մերձիշխանական շրջանակներից հնչող հայտարարությունները։

«Հայաստանի այսօրվա իշխանությունը չի կարող ներկայացնել Հայաստանի ամբողջ հանրապետությանը` քաղաքացիական հասարակությանը, տնտեսությանը, գործարարներին, գյուղացիներին, որոնք վերջին 10 տարիների ընթացքում գոյատևել և զարգացել են հենց ԵԱՏՄ–ի հաշվին։ Ես կարծում եմ, որ սա բառացիորեն ինքնասպանություն է` և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով»,– ասաց Մանասերյանը` հավելելով, որ միջպետական հարաբերություններում գուցե կան խնդիրներ, սխալներ, բայց դա չի նշանակում, որ պետք է բոլոր կամուրջներն այրել` չունենալով այլընտրանք։ Դա այսօր, նրա բնորոշմամբ, կնաշանակի, երկիրը զրկել վերջին հնարավորությունից։

Նման քաղաքականության արդյունքում տնտեսագետը չի բացառում, որ ՀՀ իշխանությունը շուտով ի վիճակի չլինի նույնիսկ կերակրել ժողովրդին, քանի որ չի կարողանալու ամենաչնչին ռեսուրսն իսկ հայթայթել։

«Այս իրավիճակում ասել, թե պատրաստվում են դուրս գալ տարբեր կառույցներից, հատկապես` Եվրասիական տնտեսական միությունից, դա անհեթեթության գագաթնակետն է, թշնամական վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ։ Ինչո՞վ են ապրելու այդ մարդիկ, սրա մասին պետք է մտահոգվել։ Այս խնդիրներին պետք է շատ լուրջ վերաբերվել, և քաղաքացիական հասարակությունը, առաջին հերթին, չպետք է թույլ տա, որ իր անունից մի խումբ պատեհապաշտներ այդպիսի որոշումներ կայացնեն»,– ասաց տնտեսագետը հավելելով, որ ԵԱՏՄ–ից բացի որևէ այլ երկիր կամ տնտեսական միավոր այսօր Հայաստանին որևէ տնտեսական կամ մաքսային արտոնություններ չի առաջարկել, որը կարող է դիտվել որպես այլընտրանք գոյություն ունեցող միությանը։

«Այս պայմաններում հրաժարվել եղածից՝ երբ մենք արդեն ունենք տնտեսական աճի դանդաղում և անկում... Անցյալ տարվա երկնիշ տնտեսական աճը իրականում դեպի ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրներ մեր արտահանման աճի, ռելոկանտների, անշարժ գույքի շուկայում գների բաձրացման արդյունք էր, ու հույս փայփայել, թե այն կպահպանվի, ուղղակի միամտություն է։ Եվ այս պայմաններում հրաժարվել եղածից` չունենալով դրա դիմաց ոչինչ, ես պարզապես թշնամանք եմ համարում»,– նշում է տնտեսագետը։

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանի բացասական միտումներն ակտիվացրել են խոսակցությունները պաշտպանական և տնտեսական ինտեգրման նոր հարթակներ փնտրելու վերաբերյալ։ Արդեն խոսում են ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլև ԵԱՏՄ-ից դուրս գալու, անգամ՝ ռուսական գազից հրաժարվելու մասին։

Անդրադառնալով գազի թեմային` Թաթուլ Մանասերյանը չբացառեց, որ Ռուսաստանը հաջորդ տարի Հայաստանին մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու հայտ կներկայացնի։

«Եվ դա բնական է, որովհետև գազը քաղաքական–տնտեսական կատեգորիա է»,– արձանագրում է մեր զրուցակիցը։

ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն օրերս լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ եթե նույնիսկ Ռուսաստանը գազը կտրի, ժողովուրդը կդիմանա։ Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը «հարյուր տեղից գազ կստանա»։

Արձագանքելով իշխանական պատգամավորի այս հայտարարությանը` Թաթուլ Մանասերյանն առաջարկեց այդ պատգամավորի գազը ձմռանն անջատել ու ասել տաքացիր` առանց զարտուղի ճանապարհներով ձեռք բերած փողերի ու պետության բյուջեի հաշվին արվող անձնական ծախսերի։

«Դա առնվազն տգիտություն է, որ մարդն առանց տեղյակ լինելու կամ անտեղյակ ձևանալով ասի, որ առանց գազի կարող ենք ապրել։ Ուրեմն ամբողջ աշխարհն այդ պատգամավոի չափ խելք չունի, որ այս պայմաններում անգամ գազ են ներկրում և՛ Ռուսաստանից, և՛ այն երկրներից, որոնց հետ առանձնապես բարեկամական կապեր չունեն, բայց իրենց բնակչության կարիքները հոգալու համար ամեն ինչի գնում են։ Անգամ ագրեսոր Ադրբեջանից են նավթ ու գազ ներմուծում, որը Ռուսաստանինն է, բայց գնում է Ադրբեջանի ճանապարհով»,– շեշտում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք` 2022 թվականին ռուս–ուկրաինական հակամարտության ու ՌԴ–ից Հայաստան տեղափոխված ռելոկանտների ներհոսքի արդյունքում Հայաստանի տնտեսությունն աճի տեմպերով դարձավ առաջատար ԵԱՏՄ–ում։ ՀՀ տնտեսությունը տարեկան կտրվածքով 14,2%-անոց աճ գրանցեց։

Արագ աճը շարունակվեց նաև 2023-ին` առաջին կիսամյակում կազմելով 11,2 տոկոս։

Sputnik Արմենիա