«ԱՆԿԼԱՎՆԵՐԸ»՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՆՈՐ ՄԵԾ ԱԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

 


Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ հանդիպմանը ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.6. հազար քառ. կմ. շրջանակներում:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Գրանադայի գագաթնաժողովին և այդ պատճառով էլ իր ստորագրությունը չի դրել Հայաստանի տարածքը 29,8 հազար քառ. կմ. շրջանակներում ճանաչման մասին և նշենք, որ ադրբեջանական նշված 86,6 հազ. կմ շրջանակներում, բացի Լեռնային Ղարաբաղից, կան նաև այսպես կոչված «անկլավներ», որոնք Հայաստանի Հանրապետության կազմում են անցյալ դարի 1990-ական թվականներից։

Հայաստանի կողմից «անկլավները» Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին թեզը անմիջապես փորձ է արվել հերքել դե-ֆակտո իշխանությունների քարոզչամեքենայի կողմից (շարքային ֆեյքերից մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավար), սակայն Նիկոլ Փաշինյանն՝ ինքը, դեռ 2023 թվականի մայիսի 21-ին, իր ասուլիսի ժամանակ, միանշանակ հայտարարել էր, որ «Ադրբեջանում 86,6 հազ. կմ. ներառում է նաև «անկլավներ»:

Փաշինյանի կողմից «անկլավները» Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու օր անց Իլհամ Ալիևը զանգահարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նշել, որ «Ադրբեջանի ութ գյուղ դեռ գտնվում է Հայաստանի «օկուպացիայի» տակ»։ Ալիևը նաև խոսել է այս գյուղերի «ազատագրման» անհրաժեշտության մասին։ Ինչպես տեսնում եք, Փաշինյանի քարոզչամեքենայի բացահայտ սուտը մեկ շաբաթ էլ չապրեց, և պաշտոնական Բաքուն հաստատեց իր հավակնությունները Հայաստանի մի շարք տարածքների նկատմամբ։

1990-ականների պատերազմի ժամանակ Հայաստանին հաջողվել էր Ադրբեջանից ազատագրել մոտ 60 քառակուսի կիլոմետր տարածք, ներառյալ Վերին Ոսկեպար, Տիգրանաշեն, Սոֆուլու և Բարխուդարլու «անկլավները» , նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարևանությամբ ադրբեջանաբնակ մի քանի գյուղ ու Սարիգյուղի հարևանությամբ մի փոքրիկ տարածք։

Նույն ժամանակ Ադրբեջանը Հայաստանից գրավել էր մոտ 71 ք կմ տարածք, որի մեջ մտել են Արծվաշենը (51ք կմ), Բերքաբերին պատկանող տարածքը (12 ք կմ), ինչպես նաև Տավուշի մարզի Սևքարի մոտակա տարածքը (մոտ 5 ք կմ) և այլ որոշ վայրեր։

Փաշինյանի կողմից Գրանադայում հռչակագրի ստորագրումը և Միշելի հետ զրույցում Ալիևի հայտարարությունը հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի անոնս են։

Ժամանակակից հայկական պետության համար Երևանի վերահսկողության տակ գտնվող «անկլավները» ռազմավարական տեսանկյունից շատ ավելի կարևոր են, քան Արծվաշենը։ Հայկական Տիգրանաշենով է անցնում Հայաստանի կենտրոնական հատվածը Սյունիքի, Արցախի և Իրանի հետ կապող կարևորագույն միջպետական մայրուղին։

Եթե Տիգրանաշենը հանձնվի, Հայաստանը միայն մեկ ճանապարհ կունենա դեպի Արցախ և Իրան՝ Վեդի գյուղով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կստանա Հայաստանի կենտրոնական հատվածի վրա հարձակման անհրաժեշտ ցատկահարթակ և իր համար նվազագույն սպառնալիքի դեպքում (նույնիսկ մտացածին սպառնալիքի դեպքում) կկարողանա կտրել Սյունիքը երկրի մնացած հատվածից։

Ինչ վերաբերում է Ոսկեպարին, ապա դրանով է անցնում դեպի Վրաստան մեր միջպետական ճանապարհը, որի տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը սպառնում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ գծով Վրաստանից Հայաստան գազատարի ֆիզիկական գոյությանը։ Խողովակը կլինի ադրբեջանական հրթիռային համակարգերի անմիջական հասանելիության սահմաններում։ Այդ տարածքների կորուստը հսկայական ռիսկեր է պարունակում և նվազեցնում է հայկական պետության համար կանխատեսելիության հորիզոնը՝ լոգիստիկ քաղաքականության կառուցման, տրանսպորտային հանգույցների կառուցման գործում, ինչպես նաև կարող է հանգեցնել էներգետիկ շրջափակման։

Ալիևին «անկլավներ» են պետք, որպեսզի Հայաստանը դնի նույն շրջափակման մեջ, որում նա 10-ը ամիս պահեց Արցախը։ Փաշինյանը շտապում է ազատվել դրանցից՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական տեսքը փոխելու գործընթացն ավարտին հասցնելու ցանկությամբ։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ եթե շուտով խաղաղ ճանապարհով չստանա «անկլավները», կարող է ռազմական ուժ կիրառել Հայաստանի դեմ (ինչը փաստացի բացահայտ կերպով հաստատեց ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որը հայտարարեց, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան): Ակնհայտ է, որ իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում Նիկոլ Փաշինյանը կրկին չի ընդունի նոր ողբերգության պատասխանատվությունը և կատարվածի մեղավոր «կնշանակի» Ռուսաստանի Դաշնությանն ու ՀԱՊԿ-ին։

Փաշինյանը և իր քարոզչամեքենան կհայտարարեն, որ «դաշնակիցները չեն օգնել Հայաստանին պաշտպանել Երևանի կողմից Ադրբեջանի կազմում ճանաչված տարածքները», որից հետո ՀԱՊԿ-ից դուրս գալու ավելի բաց և արագ գործընթաց կսկսվի: Բայց գործընթացն այսքանով չի դադարի, և շուտով երկրից կարող են դուրս բերվել 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները։
Երբ այս գործընթացն ավարտվի, և Հայաստանի «անվտանգության գմբեթն» ամբողջությամբ քանդվի, այն ժամանակ ոչինչ չի խանգարի Բաքվին և Անկարային ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա՝ ստորագրելու համար նույնաբովանդակ փաստաթուղթը, որը սեպտեմբերի 28-ին ստորագրել էր Սամվել Շահրամանյանը։ Այսինքն՝ փաստաթուղթ պետականության լուծարման մասին, բայց արդեն Հայաստանի Հանրապետության պետականության մասին է խոսքը։

Ահա, թե՛ ինչու «անկլավների» պատմությունը ական է հայոց պետականության տակ…

Alpha news