Վարդան ԱՅՎԱԶՅԱՆ․ ՊԵՏՔ Է ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼ

Հայ ժողովուրդը Արցախ պետության բաղադրամասերից կորցրել է տարածքը, սակայն գոյություն ունի վտարանդի կառավարության ինստիտուտ, և պետք է իրավական դաշտում արվեն քայլեր Արցախի նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Այվազյանի գնահատմամբ՝ թեպետ չկա Արցախի տարածքը, բայց դեռևս գործում է Արցախի Հանրապետության սահմանադրությունը, քանի որ այն ընդունվել է հանրաքվեով, և այն կարող է դադարել միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովուրդը հանրաքվեով նոր սահմանադրություն ընդունի։

«Արցախի սահմանադրությամբ կառուցակարգը հետևյալն է` ԱՀ ԱԺ պատգամավորները 1/5–րդով դիմում են Արցախի գերագույն դատարանին Արցախի նախագահի հրամանագիրը անվավեր, հակասահմանադրական և ուժը կորցրած ճանաչելու դիմումով։ Եթե մենք ունենում ենք Արցախի Հանրապետության գերագույն դատարանի որոշումը, դրանով կանգնեցնում ենք այս հակասահմանադրական ակտը»,–ասաց նա։

Հայաստանի Հանրապետությունը պետք է ամենաակտիվ գործողություններով աջակցի, որպեսզի Արցախի իշխանություններին ապահովեն բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով և կապի միջոցներով։ Խոսքը հենց վտարանդի կառավարության մասին է։ Այդ կերպ իշխանությունները կկարողանան ակտիվ կերպով հարաբերվել միջազգային հանրության, բարեկամ պետությունների հետ։ Խոսքը պայմանագրային, դիվանագիտական հարաբերությունների մասին է։

Միևնույն ժամանակ նույն Արցախի իշխանությունները պետք է դիմեն Միջազգային քրեական դատարանին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, գործողությունները դատապարտելու համար։

«Պարտադիր չէ դիմել ու ստանալ որոշում, այստեղ գործընթացի խնդիրն է, որ ցանկացած նման գործողություն իրավական հիմք է, որպեսզի մեկ անգամ ևս և՛ առանձին պետությունների մակարդակով, և՛ միջազգային հանրության մակարդակով ճանաչվի Արցախ պետության իրավասուբյեկտությունը։ Բացի դա, հաջորդ էֆեկտը կայանում է նրանում, որ այս քայլով մենք խոչընդոտում ենք այն ահռելի գումարների հասնող ադրբեջանական կողմի հայցին, որով նա պատրաստվում է կամ արդեն դիմել է միջազգային ատյաններին (տարբեր տեղեկատվական աղբյուրներից հասած տվյալներով՝ մինչև 200 միլիարդ դոլարի հասնող գումարի մասինէ խոսքը)»,–նշեց սահմանադրագետը:

Հակառակ պարագայում, եթե Արցախ պետության հակասահմանադրական ճանապարհով լուծարելու գործընթացը մնա ուժի մեջ, կստացվի ՀՀ–ի կողմից ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին։

«Որքան մենք զիջում ենք, հրաժարվում ենք մեր նկրտումներից, այդքան ադրբեջանական կողմը ավելի շատ պահանջներ է ներկայացնում, և եթե մենք այս միջոցով վերականգնենք Արցախի սահմանադրական կարգը և Արցախ պետության իրավասուբյեկտությունը, սրանով մենք կխոչընդոտենք ադրբեջանական իշխանությունների՝ արդեն անկլավների, Սյունիքով միջանցքի պահանջներին»,–նշեց նա։

Սահմանադրագետը ընդգծեց` այս պահին անհրաժեշտ է քաղաքական գործընթացները բերել լեգիտիմության շրջանակ, որպեսզի լինեն իրավական լեգիտիմ հիմքեր հայության խնդիրներն առաջ մղելու առումով։

Sputnik Արմենիա