ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԱՇԽԱՏԱՆՔ, ՔԱՂՑԱԾ ՄԱՐԴԻԿ. ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ

Արցախից բռնի տեղահանված անձինք սննդի, հիգիենայի պարագաների, տաք հագուստի խնդիր ունեն, և այս ֆոնին պետության կողմից տրամադրվող միանվագ 100.000 դրամ աջակցությունն անգամ ոչ մեծ խնդիր չի լուծում, հաշվի առնելով, որ որոշ թաղապետարաններ և համայնքապետարաններ ձեռքերը լվացել են։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միասնական սոցիալական ծառայության կենտրոնում միգրացիոն ծառայության կողմից Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառում այլևս չի իրականացվում, մինչդեռ տասնյակ մարդիկ հանրապետության տարբեր կետերից շարունակում են գալ կենտրոն` հաշվառվելու և կարիքների գնահատման հույսով։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը առանց նախապես տեղեկացնելու այց է կատարել կայան` տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին։ Սակայն տեղում պարզ դարձավ, որ կայանում հաշվառման գործընթաց այլևս չի կատարվում և առկա են որոշակի խնդիրներ։

Ստեփանակերտից բռնի տեղահանված, մասնագիտությամբ տնտեսագետ–ֆինանսիստ Շողեր Ազարյանը դեռևս սեպտեմբերի 30-ին Փարաքարում հաշվառում է անցել, սակայն այսօր, երբ փորձել է իր երկու անչափահաս երեխաների տվյալներ համակարգ մուտքագրել, որպեսզի օգտվի տրամադրվող 100.000–ական դրամ միանվագ օգնությունից, պարզել է, որ իր տվյալները համակարգում չկան։

«Ամուսինս ուժային կառույցի աշխատող է, չարաբաստիկ պայթյունի հետևանքով տուժածներին ուղղաթիռով ուղեկցում էր ՀՀ։ Դա է պատճառը, որ սեպտեմբերի 27–ին Ստեփանակերտից դուրս ենք եկել մի տակ հագուստով, 28–ին հասել ենք Արմավիրի մարզի Փարաքար համայնք` բարեկամի տուն։ Հաշվառվել ենք սեպտեմբերի 30–ին։ Այսօր արդեն մեր 6 հոգանոց ընտանիքով խնդիրների առաջ ենք կանգնել »,–պատմեց կինը։

Միասնական սոցիալական ծառայությունից կնոջը տեղեկացրին, որ նրա տվյալներն իրենք ունեն, սակայն երեխաների տվյալների հետ կապված խնդիրը լուծելու համար ուղղորդեցին դիմել Էջմիածին քաղաքի միգրացիոն ծառայություն։

Դեռ սեպտեմբերի 30–ին՝ կարիքների գնահատման ժամանակ կինը նշել էր, որ տաք վերմակների, հագուստի և հիգիենայի պարագաների կարիք ունի։ Այսօր հաջողվեց ստանալ միայն հիգիենայի պարագաների մի մասը։ Կայանում այլ անհրաժեշտ պարագաներ չկային։

Շողեր Ազարյանն այժմ վարձով բնակարան է փնտրում, որ 14 և 8 տարեկան երեխաների դպրոցի հարցը կարողանա լուծել։ Բարեկամուհին, չնայած մեծ ցանկությանը, ձմռանը նրանց պահել չի կարող։

100.000 դրամ աջակցություն ստանալու հույսով այստեղ էր եկել նաև 2 անչափահաս երեխաների մայր, Արցախի Մարտունի քաղաքի արդեն նախկին բնակիչ Անուշ Սաղյանը, ամուսնու` Նորիկի հետ, որը 44–օրյա պատերազմում վիրավորվել է ու երկրորդ կարգի հաշմանդամ է։

«2020 թվականի պատերազմի օրերին ամուսինս վիրավորում է ստացել, Երևանում երեք վիրահատություն է տարել։ Պետությունը մեզ ժամանակավոր տեղավորեց Զեյթունի հանրակացարանում, մինչև ամուսնուս վիճակը կարգավորվի։ Շրջափակումից առաջ ամուսինս աղջկաս հետ գնացել էր Մարտունի` ծնողներին տեսնելու։ Ճանապարհը փակվեց, ես տղայիս հետ մնացի այստեղ, ամուսինս աղջկաս հետ՝ Մարտունիում»,–պատմեց կինը։

Նրա խոսքով` այս ամիսներին միայնակ շատ դժվարությունների միջով է անցել օրվա հացը վաստակելու համար։

«Հիմա ուզում եմ հասկանալ՝ ես ու որդիս այս դրամական օգնություններից կօգտվե՞նք, թե՞ ոչ։ Չէ որ իմ տունն էլ մնաց թուրքին։ 2020 թվականին երբ ես տարհանվել էի, Մարտունին մերն էր, Շուշին ու Հադրութն էր թուրքինը»,–ասում է կինը՝ տեսնելով սոցիալական աշխատողի բացասական գլխի շարժումը։

Կնոջը բացատրում են. կապ չունի, որ նա տուն ու տեղ է կորցրել, բռնի տեղահանված չեն, ուրեմն ծրագրի շահառու չեն։

Ամուսիններն այժմ վարձով բնակարան են փնտրում, նաև աշխատանք՝ գոյատևելու համար։

«Կապ չունի, որ հաշմանդամ եմ, կաշխատեմ, ինչ գործ էլ որ տան, հո ընտանիքիս սոված չեմ թողնելու։ Անուշ, ընկի առաջ, գնացինք»,–ճարահատված ասում է տղամարդն ու քայլերն ուղղում դեպի դարպասը։

Մարտունու շրջանի Հացի գյուղից բռնի տեղահանված Նունե Բալայանն էլ այստեղ է եկել Աջափնյակի համայնքապետարանի ուղղորդմամբ։

Երբ գնացել է թաղապետարան, սնունդ ու հիգիենայի պարագաներ չեն տվել, ասել են չկա, ուղղորդել են, որ գնա Փարաքար։

Կնոջն ու անչափահաս աղջկան այստեղ ևս մերժեցին, ասացին՝ իրենց մոտ հաշվառված չեն, ոչնչով չեն կարող օգնել։

«Մեր 3 հոգանոց ընտանիքից միայն ես եմ պետությունից 100.000 դրամ ստացել, մյուս երկուսի համար դիմում գրել եմ։ Բոլոր տեղերում գրանցումներն արել են, բայց 2 շաբաթից ավել ոչ մի տեղից օգնություն չեմ ստացել։ Ուտելու ոչինչ չունենք, շրջափակման պես մի բան է»,–ասում է կինը։

Փարաքարի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ մարդիկ ` ըստ բնակության վայրի, պետք է դիմեն միասնական սոցիալական ծառայություն։

«Այժմ մենք զբաղվում ենք միայն Փարաքար համայնքում ժամանակավոր կացարան ստացած անձանց հարցերով։ Փարաքար համայնքում հաշվառվել է շուրջ 200 ընտանիք ` 800 բնակիչ»,–ասաց նա։

Խնդրի վերաբերյալ Sputnik Արմենիան պարզաբանում խնդրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։

«ՀՀ կառավարության ընդունած որոշման հավելվածում հստակ նշվում է, որ ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են և Հայաստանի սահմանը հատել են սեպտեմբերի 24–ի ժամը 12–ից հետո։ Սրանով է շատ դեպքերում պայմանավորված այն խնդիրը, երբ ընտանիքի անդամներից ոմանք ժամանել են և ստանում են այդ գումարը, ոմանք, որոնք ավելի վաղ են տեղափոխվել Հայաստան, չեն ստանում»,–ասաց նա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ տեղեկացրեց, որ Փարաքարի միասնական սոցիալական կայանում միգրացիոն ծառայության կողմից հաշվառում չի իրականացվում, քանի որ քաղաքացիների հոսք այլևս չկա։

«Կառավարության «Իրազեկում» հարթակում հրապարակված են միասնական սոցիալական ծառայության բոլոր այն կենտրոնները, որոնք շարունակում են միգրացիոն ծառայություն իրականացնել։ Համակարգային խնդիր չունենք։ Տեխնիկական ցանկացած խնդրի պարագայում ուղղորդում ենք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ աշխատողները տվյալ դեպքով կզբաղվեն»,–ասաց նա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ շուրջ 52.600 անձ ստացել են իրենց 100.000–ական դրամական աջակցությունները։

«Ընդհանուր առմամբ 25963 անչափահասների վերաբերյալ տվյալներից 17139 անչափահասի մասով դիմում ենք ստացել։ 1005 երեխայի մասով կատարվել է նույնականացում, 306–ը մերժվել են, և 15828–ը գտնվում են մշակման փուլում, որը 1-2 օրվա ընթացքում պետք է ավարտվի»,–ասաց նա։

Խաչատրյանի խոսքով` ծրագրի մերժման գլխավոր հիմքն այն է, որ անձինք չեն հանդիսանում շահառու, այսինքն բռնի չեն տեղահանվել սեպտեմբերի 24–ից հետո։ Բացի այդ, պատճառ կարող է հանդիսանալ երկրից բացակայելու հանգամանքը։

Նա ընդգծեց, որ կարող են լինեն տվյալների բազայի հետ որոշակի անհամապատասխանություններ։ Օրինակ` եթե ՔԿԱԳ–ի տվյալների բազաներում ամուսնության գրանցումը պատշաճ չի կատարվել և այդ համադրումների արդյունքում հնարավոր չէ պարզել երեխայի և ծնողների կապը։ Ամեն դեպքում բավարար հիմքեր ներկայացնելու պարագայում այդ դիմումները կբավարարվեն։

Մնում է հավելել, որ մինչ պետությունը փորձում է կարճաժամկետ լուծումներ առաջարկել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, երկարաժամկետ լուծումներ դեռ չկան, իսկ առջևում ձմեռ է։

Աստղիկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, Sputnik Արմենիա