ՄԱԿ․ Գազայի խաղաղ բնակիչների շրջափակումն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով

Շրջափակումը, որը վտանգի տակ է դնում խաղաղ բնակչությանը՝ զրկելով նրանց հիմնական ապրանքներից, արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, երեքշաբթի ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին, հաղորդում է CNN-ը:

Շամդասանիի մեկնաբանությունները հնչել են մեկ օր անց այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալլանտը Գազայի հատվածի «ամբողջական շրջափակման» հրաման տվեց՝ հայտարարելով պաղեստինյան անկլավին էլեկտրաէներգիայի, սննդի, ջրի և վառելիքի մատակարարումների կդադարեցման մասին՝ շաբաթավերջին ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակումից հետո:

«Այս ռիսկերը (լուրջ) վատթարացնում են Գազայում մարդու իրավունքների և մարդասիրական առանց այն էլ սարսափելի իրավիճակը, ներառյալ բժշկական հաստատությունների գործելու հնարավորությունը՝ հատկապես վիրավորների աճող թվի լույսի ներքո», - երեքշաբթի օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է Շամդասանին՝ ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակի ներկայացուցիչ Յենս Լաերկեի հետ միասին։

Լաերկեն, իր հերթին, ասել է, որ Գազա ջրամատակարարումը դադարեցնելու որոշումն ազդում է է ավելի քան 610 հազար մարդու վրա և «կհանգեցնի խմելու ջրի սուր պակասի»։

«Մենք ծայրահեղ անհանգստացած ենք արագ զարգացող իրադարձություններից», - ասաց Լաերկեն՝ հավելելով, որ Գազայի հատվածում տեղահանվածների թիվը շաբաթ օրվանից անցել է 187,500-ը:

«Շաբաթ օրվանից Գազայում չորս դպրոց և ութ բժշկական հաստատություն է վնասվել։ Ենթակառուցվածքների և փողոցների ոչնչացումը խոչընդոտում է քաղաքացիական պաշտպանության խմբերի և բժիշկների տեղաշարժը, որոնք փորձում են հասնել տուժածներին»,- ասել է նա՝ հավելելով, որ վնասվել են նաև առողջապահական, ջրամատակարարման և սանիտարական կառույցները:

News.am