Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ՍԿԶԲԻ ՀԱՄԱՐ՝ ԱՐՑԱԽՆ ՈՒ «ԱՆԿԼԱՎՆԵՐԸ», ԻՍԿ ՀԻՄԱ՝ «ԶԱՆԳԵԶՈՒԶԻ ՄԻՋԱՆՑՔԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Հայաստանում քաղաքական գործընթացների ակտիվությունը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը, վկայում է այն մասին, որ ոչ միայն հայ հասարակության զգալի մասը, այլև հայկական քաղաքական դասի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը չի գիտակցել, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանը մի փաստաթուղթ է ստորագրել, որը Հայաստանի քաղաքացիներին կբերի նույն ապագան, ինչ Արցախին բերեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը։
Փաշինյանը Ալիևին լեգիտիմ հիմք է տվել Հայաստանի վրա հարձակվելու՝ «անկլավները» գրավելու համար, որոնք, ըստ Փաշինյանի ստորագրության, ներառված են ադրբեջանական 86,6 հազար քառ. կմ. մեջ:
Փաշինյանը Ալիևին տվեց «բոլոր խաղաքարտերը»՝ Հայաստանի տարածքում ստեղծելու բազմաթիվ «Լաչինի միջանցքներ»՝ վերահսկելու համար Հանրապետության կարևորագույն տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունները՝ որոնք մեզ կապում են Իրանի, Վրաստանի և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ:
Ավելին, Փաշինյանի կողմից Գրանադայում հռչակագրի ստորագրումից և Արցախի անկումից հետո տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այն մասին, որ Բաքուն և Անկարան մտադիր չեն,, թեկուզ մի փոքր դադար տալ Հայաստանին, և պաշտոնական Երևանի վրա ճնշումը կշարունակի աճել։ Պատահական չէ, որ Արցախի պետականության լուծարման մասին փաստաթղթի ստորագրումից հետո Թուրքիայի խորհրդարանը դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ Հայաստանում գործող ատոմակայանը փակելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Պատահական չէ, որ Գրանադայի գագաթնաժողովից երկու օր անց Ալիևը, զանգահարելով Շառլ Միշելին, պահանջել է «ապաօկուպացնել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական 8 գյուղերը», իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է Երևանի և Անկարայի միջև հարաբերություններ զարգացման հիմնական պայմանը, ՀՀ-ի հետ հետագա երկխոսության համար Հայաստանից կրկին պահանջել է բացել խոստացված «Զանգեզուրի միջանցքը»։
Անկարայի և Բաքվի գործողությունները հնարավորինս տրամաբանական են և բխում են նրանց պետական շահերից։ Ավելին, թուրքական լրատվամիջոցները և փորձագիտական հանրությունը չեն էլ թաքցնում, որ Թուրքիան, ստանալով «Զանգեզուրի միջանցքը», կշարունակի ավելի ու ավելի շատ նախապայմաններ դնել Հայաստանի առաջ.
1.Լիովին հրաժարվել միջուկային էներգիայից
2.Դուրս բերել 102 ռուսական ռազմակայանը
3.Սահմանափակել Հայաստանի ԶՈՒ-ի անձնակազմի թվաքանակը՝ հրաժարվելով մի շարք զինատեսակներից
4.Հրաժարվել Անկախության հռչակագրից և վերանայել Ազգային անվտանգության ռազմավարությունը
5.Ճանաչել Կարսի պայմանագիրը և այլն:
Բոլոր նրանք, ովքեր, դեռևս 1990-ականներից, քարոզում էին՝ «զոհաբերենք Արցախը, որպեսզի փրկենք Հայաստանը» գաղափարը, տեսնում են, որ Ալիևի և Էրդողանի ախորժակները միայն Արցախով չեն սահմանափակվում, և Արցախի թեման Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը օգտագործել են միայն՝ որպես քաղաքական պայքարի գործիք, հասարակությունը պառակտելու համար։
Այսօր, հավանաբար, ոչ ոք չի էլ հիշում, որ 2023 թվականի գարնանը ՀՀ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանը հայտարարեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը…
Ճշմարտությունն այն է, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է «Մ», «Ա», «Հ», տառերից հավաքել «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ» բառը և փորձում է հայ հասարակությանը համոզել, որ «Հայաստանի զարգացման բանալին գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հարթությունում, և անհրաժեշտ է կատարել «վերջին պայմանը», որ Թուրքիայի հետ սահմանը բացվի և դոլարների գետերը կհոսեն Հայաստան», փաստը մնում է անփոփոխ՝ Անկարայի ու Բաքվի նոր պահանջները վերջ չունեն:
Իրականությունն այն է, որ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար Հարավային Կովկասում հայկական անկախ պետության կամ նույնիսկ հայկական էթնիկ տարրի գոյությունն անընդունելի է, և հենց այդ պատճառով է, որ Անկարան և Բաքուն ավելի ու ավելի շատ պահանջներ են առաջադրելու Հայաստանին: