Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԳՈՐԾՈՂ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչեցրած ելույթս պատերազմի թեժ պահին։12.10.2020թ.

2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։

Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։

«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։

Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև նախապայմաններ դնել, զգացմունքային և թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը և հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:

Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ և հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման և միասնականության կոչ արեց և իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։

Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու և նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, և մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով :

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ

1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի և Արցախի գործող ղեկավարության վրա։

2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.: Երևան,ՀՀ Կառավարություն։

Հ.Գ. Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ,որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։

Հետագայում տեղեկացանք,որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը,այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։

Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին ,որի հետևանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին ,և հազարավոր զոհեր:

Ավելին. ինչպես արդեն գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։

Ավելի լավ է դուք մտածեք,թե ինչ եք թողնելու ձեզանից հետո։

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ