Դավիթ ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՄԵՆՔ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ՀԱՅՐՍ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո, որոնց արդյունքում ավելի քան 100 հազար հայեր ստիպված են եղել լքել իրենց տները, Բաքուն սկսել է նաև Արցախի նշանավոր գործիչների անօրինական առևանգումներն ու կալանավորումները։

 


Սեպտեմբերի 26-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունները առաջինը ձերբակալել են ռուսաստանցի գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Վարդանյանը հետագայում կալանավորվել է 4 ամսով։ Օրեր առաջ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հայցը։

News.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։

- Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք կապ հաստատել նրա հետ։

- Այո, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասել է, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասել է, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում:

- Նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել:

- Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրել է, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից:

- Նրան այցելե՞լ են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։

- Ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ ներկայացուցիչները (ԿԽՄԿ-խմբ.) կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հորս և մյուսների հետ։

- Հիմա դուք աշխատում եք կազմակերպել միայն Ռուբեն Վարդանյանի՞ վերադարձը, թե՞ նաև այլ գերիների:

- Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 12-ին Հաագայում դատավարություն է լինելու նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Մենք մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա: Իհարկե, մենք նաև քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար, բայց դրանց մասին դեռ վաղ է խոսել։

- Տեղեկություններ կային, որ ընտանիքն ունի իր փաստաբանը։ Ո՞վ է նա և ինչպե՞ս կարողացաք ներգրավել այս փաստաբանին։

- Այո, դա ճիշտ է: Ոչ կառավարական կազմակերպություններից մեզ փոխանցված կոնտակտների, ինչպես նաև ծանոթների միջոցով մենք կարողացանք կապ հաստատել տեղացի փաստաբանի հետ, որին վարձել էինք հորս շահերը ներկայացնելու համար: Այս փաստաբանն այժմ ներկայացնում է մեր շահերը Ադրբեջանում։

- Ադրբեջանը չի ենթարկվում միջազգային դատարանների որոշումներին: Ի՞նչ երաշխիք կա, որ օրինական ճանապարհով հնարավոր կլինի հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։

- Ես, ինչպես շատ ուրիշներ, կարծում եմ, որ մարդկային արժեքները և օրենքը, բոլոր դեպքերում գործում են, և որ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս ազդեցություն ունի։ Ես գիտեմ, որ նախկինում խնդիրներ են եղել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման հետ կապված, բայց ես իսկապես հավատում եմ այս հաստատություններին և հուսով եմ, որ այս գործընթացը կօգնի ազատել հորս:

News.am