ՀԱԼԻՁՈՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ Է ԳՈՐԾՈՒՄ. ԱՅՆ ԲԱՑՎԵԼ Է ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հալիձորում հոկտեմբերի 11-ից գործում է համայնքային կենտրոն, որն ուղղված է կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում ծրագրերի իրականացմանն ու համայնքային ներուժի ամրապնդմանը: Կենտրոնը կդառնա նաև համայնքի բնակիչների հանդիպումների, շփումների, գաղափարների քննարկման վայր, կխրախուսի Հալիձորում մշակութային բազմազանությունը՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, համերգներ և այլ միջոցառումներ։ Հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվեն տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված կրթական ծրագրերին, որոնք ներառելու են դասընթացներ, մասնագիտական ուսուցումներ, ինչպես նաև առօրյա կյանքում անհրաժեշտ հմտությունների դասավանդում։
Հալիձորի համայնքային կենտրոնը ստեղծվել և գործելու է՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) հաջող մոդելն ու փորձը: Դիլիջանի կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականին՝ հասարակական գործիչ և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ, և տարիների գործունեության ընթացքում դարձել Դիլիջանի համայնքային կյանքի համախմբման և ոգեշնչման հարթակ։ Հալիձորի կենտրոնը ևս բացվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ:
Հոկտեմբերի 11-ին կայացած՝ կենտրոնի բացման արարողության ժամանակ Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ իրենց կուտակած հարուստ փորձով պատրաստ են կիսվել Հալիձորի գործընկերների հետ։.
«Մենք հավատում ենք համայնքի ուժին և հույս ունենք, որ կենտրոնի բացումը կդառնա համայնքում նոր, ավելի վառ փուլի սկիզբ։ Բացելով համայնքային կենտրոն՝ մենք ցանկանում ենք ստեղծել մի վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր հնարավորությունները, ձեռք բերել նոր հմտություններ և ստանալ աջակցություն։ Կենտրոնի շնորհիվ մենք կարող եք լուծել հրատապ խնդիրները և համայնքը դարձնել ավելի կայուն»,- նշել է Արմինե Հովհաննիսյանը։
Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Սամվել Լալայանը և համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը շնորհակալություն են հայտնել իրենց համայնքում նման կենտրոնի բացմանն աջակցելու համար:
«Յուրաքանչյուր դժվար ժամանակահատված ցույց է տալիս, որ կրթությունը, լույսը միակ պահող զենքն են։
Հալիձորի համայնքային կենտրոնի բացումը Տաթև համայնքի, հատկապես երիտասարդության համար վերածննդի, առաջընթացի մի նոր խթան է։ Նման նախաձեռնությունների շնորհիվ մեր երեխաները կարող են զինվել ժամանակակից հմտություններով, գիտելիքներով»,- ասել է Սամվել Լալայանը։
Բացման արարողությանը ներկա է եղել նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:
Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել նախաձեռնությունը՝ նա վստահություն է հայտնել, որ կենտրոնը կդառնա երեխաների ու բոլոր բնակիչների սիրելի վայր՝ նպաստելով Հալիձորի հետագա զարգացմանը:
«Տարիներ առաջ իմ ծնողները որոշում կայացրին հիմնել Դիլիջանի համայնքային կենտրոնը, որպեսզի տեղի բնակչության, երեխաների համար ստեղծվի մի վայր, որտեղ կրթական, մշակութային և այլ միջոցառումներ կանցկացվեն: Ժամանակը ցույց տվեց, որ այդ նախաձեռնությունն իսկապես արդյունավետ է համայնքի համար:
Եվ հիմա ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ այսպիսի կենտրոն է բացվում նաև Հալիձորում: Եթե հայրս կարողանար՝ նա հիմա անձամբ կլիներ այստեղ»,- ասել է Դավիթ Վարդանյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Սյունիքի բոլոր բնակիչներին, որոնք օգնել և օգնում են Արցախի մեր հայրենակիցներին այս դժվար պահին:
Կենտրոնի բացման կապակցությամբ իր օրհնության խոսքն է հնչեցրել Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայել վարդապետ Գևորգյանը: