«ԴԱՏԵԼ ՈՉ ԹԵ ԽՈՍՔԵՐՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾԵՐՈՎ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐՈՔ ԲԱՐԵԼԱՎՈՒ՞Մ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Սեպտեմբերի 19-ին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Նիկոլ Փաշիյանի վարած քաղաքականությունը, մի ուշագրավ դրվագ էր պատմել Հայաստանի նորընտիր «հեղափոխական առաջնորդի» հետ իր շփումից։ Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով, մի օր ինչ-որ «կոլեգա» իրեն ասել է. «Դե ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»։ Ես պատասխանեցի այն, ինչ պետք է պատասխանեի. «Մենք կդատենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»,- գրել էր Մեդվեդևը։
Ընդհանրապես, սա շատ պրագմատիկ պատասխան է, և «Մեդվեդևյան բանաձևը»՝ «դատել ոչ թե կենսագրությամբ, այլ գործով» դժվար չէ ու տրամաբանական է փոխակերպել՝ «դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով» բանաձևի։ Այս բանաձևը, հատկապես, արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի համատեքստում, որից հետո թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ ՀՀ-ում, սկսեցին տարածվել թեզեր, թե իբր, «Փաշինյանը կրկին «նստել է ռուսամետ աթոռին» կամ որ «Փաշինյանը հրաժարվում է Արևմուտքի հետ համագործակցությունից և նախընտրում է «3+3» ձևաչափը»:
Իրականությունը բոլորովին այլ է, և դա հասկանալու համար պետք է օգտագործել «մոդիֆիկացված» «Մեդվեդևյան բանաձևը»՝ դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով։
Ի՞նչ ունենք այս պահի դրությամբ.
1․Մի կողմից Փաշինյանի հավաստիացումները, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը և չի վերանայում հարաբերությունները Ռուսաստանի հետ:
2․Իսկ մյուս կողմից Հայաստանը հրաժարվում է ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, «Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։ Այսինքն՝ Փաշինյանը մինչ օրս հրաժարվում է ՀԱՊԿ-ից ռազմատեխնիկական օգնություն ընդունել, ինչպես նաև հրաժարվում է ընդունել ՀԱՊԿ դիտորդներին, ովքեր պատրաստ են Հայաստան գնալ դեռ 2022 թվականի նոյեմբերից։
3․Գրանադայի ֆիասկոյից հետո, արդեն հայտարարվել է նոր եռակողմ բանակցությունների մասին Միշելի, Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ, որոնք պետք է տեղի ունենան հոկտեմբերի վերջին Բրյուսելում։
Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի մակարդակով հրաժարվեց մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, թեև ավելի վաղ, պաշտոնական Մոսկվան հայտարարել էր գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին։
4․Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ, հրաժարվեց անձամբ մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որտեղ նույնպես օբյեկտիվ հնարավորություն կար եռակողմ բանակցությունների նոր փուլ կազմակերպելու Հայաստանի, Ռուսաստանի Դաշնություն և Ադրբեջանի ղեկավարների միջև: Այսինքն՝ Փաշինյանը խուսափում է անգամ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ եռակողմ բանակցություններ վարելու հնարավորությունից՝ Մոսկվային հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթաց «ներխուժելու», թեկուզ տեսական, հնարավորություն չտալու համար։ Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես պարբերաբար անտեսում էր ԱՊՀ գագաթնաժողովները, ինչպես դա անում էր Ուկրաինայի ղեկավարությունը։
5․2023 թվականի հունվարին, իր ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, փաստացի, հայտարարեց, որ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանը սպառնալիք է երկրի անվտանգության համար, ինչին արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ-ն: Փաշինյանը նաև իր վերջին հարցազրույցի ժամանակ «ավելի լայն բացեց Օվերտոնի պատուհանը» սկսեց խոսել ինչպես 102-րդ ռազմաբազայի, այնպես էլ Թուրքիայի հետ սահմանին տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին։
Ցանկը կարելի է շարունակել հատկապես այն ֆոնին, թե ինչպես է Փաշինյանի քարոզչամեքենան արդեն «մշակում» այն թեզը, որ «անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից, բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է «զարգացնել երկկողմ հարաբերությունները Երևանի և Մսոկվայի միջև», թեև իշխանության ներկայացուցիչներից և նրանց «խոսող գլուխներից» ոչ ոք չի բացատրում, թե ինչպես է դա հնարավոր։
Փաստն այն է, որ հռետորաբանության երևակայական մեղմացումը չի կարող վկայել Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխության մասին։ Արտաքին քաղաքական գործընթացի իմաստային բովանդակությունը մնացել է անփոփոխ։
Բայց ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն այսօր։ Հակառակ տարածված կարծիքի, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորն ուղղված է ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի Թուրքիա։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ձգտում են ապահովել, որ «Երևանն ու Բաքուն կարողանան ապրել միասին, ամրապնդել տնտեսական կապերը, և նույնիսկ, ապահովել հավաքական անվտանգությունը տարածաշրջանում»: Բոնոյի հայտարարությունները թաքցնում էին Երևանի, Անկարայի և Բաքվի միջև տարածաշրջանում ժամանակավոր ռազմաքաղաքական միավորման ստեղծման նախապատրաստությունը։
Լուի Բոնոյի վերոնշյալ հայտարարությունից 3 ամիս անց ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը հայտարարեց, որ Թուրքիան կարող է «արդյունավետ» դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Միևնույն ժամանակ, Միլլերն այս հայտարարությունն արել է իր արտահայտության համատեքստում, թե «չի ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է պաշտոնական Երևանին և Բաքվին»։
Պետքարտուղարությունն ավելի անկեղծ չէր կարող ասել, որ Հայաստանը պետք է համաձայնի՝ Ռուսաստանի Դաշնության հետ իր խորացված ռազմաքաղաքական, ռազմավարական գործընկերությունը փոխարինել Անկարայի հովանու ներքո գտնվող տարածաշրջանային ռազմաքաղաքական միավորման ձևաչափով, ու արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի այս առաջնահերթությունը չի վերացել…