«3+3»․ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՕՐԵՐՍ ԲԱԶՄԻՑՍ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ՁԵՎԱՉԱՓԸ
Հոկտեմբերի 10-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցել «3+3» բանակցային ձևաչափի հանդիպումներին։ Պատասխանենք այս թեմայի հետ կապված ամենակարևոր ու արդիական հարցերին։
Ի՞նչ է «3+3» ձևաչափը
Դա տարածաշրջանային բանակցային-համագործակցային ձևաչափ է, որ ներառում է 3 մեծ տերությունների՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին, և 3 փոքր պետություններին՝ Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին։ Այս ձևաչափն առաջին անգամ հնչեցվել և պարբերաբար թմբկահարվել է Թուրքիայի, ապա Ադրբեջանի կողմից։ Արցախյան 3-րդ պատերազմից հետո (2020 թ․ սեպտեմբերի 27-նոյեմբերի 10) Թուրքիան այդ ձևաչափի հիմնական բովանդակություն սահմանեց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու զարգացումը։
Ձևաչափն առհասարակ կա՞
Այո՛։ Մեկ հանդիպում 2021 թ․ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մոսկվայում։ Մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։
Բա Վրաստա՞նը
Վրաստանը չի մասնակցել այդ ձևաչափով առաջին հանդիպմանը, ավելին՝ կտրուկ քննադատել է իր անվան և դրոշի հոլովումը՝ հայտնելով, որ քանի դեռ Ռուսաստանի կողմից իր տարածքները շարունակում են օկուպացված մնալ, համագործակցային ձևաչափի մասին խոսք լինել չի կարող։ Այսպիսով՝ տեսնում ենք, որ Վրաստանը, այս վեցակողմ ձևաչափում նույնպես լինելով փոքր պետություն, սակայն սկզբունքային մոտեցում է հանդես բերել իր ազգային շահերի հարցում։
Ի՞նչ են շահում կողմերը
Թուրքիան մեծացնում է իր տարածաշրջանային ազդեցությունը։ Թուրքիայի պարագայում միշտ գործում է +1 ձայնը՝ ի դեմս Ադրբեջանի, ուստի՝ Թուրքիայի համար սա ի սկզբանե՝ ըստ սահմանման, արդեն իսկ շահեկան ձևաչափ է, որ թույլ է տալիս ֆորմալ առումով Իրանին ու Ռուսաստանին ներգրավելով՝ միևնույն ժամանակ դուրս թողնել նրանց տարածաշրջանից։
Ասվածից բնական հարց է առաջանում, թե որն է Իրանի շահը։ Իրանն այս ձևաչափին նայում է ոչ թե որպես ինքնին տարածաշրջանային անելիքի ասպարեզ, այլ մյուս տարածաշրջաններում կամ արտաքին քաղաքական մյուս հարցերում ունեցած խնդիրների պրոքսի լուծման եղանակ։ Գտնվելով արևմտյան աշխարհի հետ տասնամյակներ տևող հյուծիչ հակամարտության մեջ՝ Իրանի համար ևս այս ձևաչափը հարմար է՝ ցույց տալու, որ աշխարհի մի հանգուցային կետում, երկու այլ տերությունների հետ ինքն օրինավոր կերպով մասնակցում է «հարցերի լուծմանը»՝ հանդես գալով որպես կառուցողական կողմ։
Ռուսաստանի էլիտան իր հերթին, սխալմամբ կարծելով, թե այս կերպ կարող է Թուրքիային ինչ-որ չափով պոկել արևմուտքից, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանը դարձնել «ներքին տարածաշրջան»՝ դարձյալ չեզոքացնելով արևմտյան ազդեցությունը, մասնակցում է այս ձևաչափին։
Մնաց Հայաստանը
Հայաստանին, ըստ սահմանման, վնասաբեր է ցանկացած միջազգայնորեն լեգիտիմ ձևաչափ, որտեղ միաժամանակ կան Ադրբեջանը և Թուրքիան, իսկ նրանց ձայները Հայաստանի համար հակակշռված են չեն կանխատեսելիորեն ապահով դաշնակցային ձայներով։ Ավելին կարող ենք ասել, որ ի սկզբանե այս ձևաչափը Թուրքիայի կողմից առաջ է մղվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի դեմ՝ որպես տարածաշրջանային ներթափանցման միջոց։
Հայաստանի մոտեցումն այս հարցին փոխվեց, երբ 2018 թ․ փոխվեց Հայաստանի իշխանությունը, որն էլ իր հերթին սկսեց փոխել Հայաստանի ինքնընկալման և շահի համակարգը՝ ազգային անվտանգության և հողային պայքարի իմաստից Հայաստանի շահը տեղաշարժելով դեպի թյուրքական տարածաշրջանային կայսերապաշտական նախագծին «ինտեգրվելու»՝ հարմարվելու մտասևեռում։ Սրանից է բխում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների համաձայնությունն այդ ձևաչափին։ Առաջին հայացքից «կառուցողական» թվացող այդ ձևաչափը, սուր ծայրով ուղղված լինելով Հայաստանի դեմ, ի վերջո վերածվելու է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի՝ Հայաստանի համար նոր կապիտուլյացիայով և հողային, իրավական ու բարոյական նոր կորուստներով։
Էդգար Էլբակյան, HayAliq.com