Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ․ ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՐ ՇՈՅԳՈՒՅԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՑԱԽՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՍՑԵՆԱՐԸ ԿՅԱՆՔԻ ՉԷՐ ԿՈՉՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թեհրանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարարը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին Արցախում իրավիճակը փրկելու սցենար կազմել, նա հրաժարվել է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

 

«Ողբերգությունը նրանում է, որ Ալիևի՝ այդ հաղթանակ ասվածը ընդամենը պարզ դավաճանության հետևանք է։ Որևէ այլ սցենարով Ալիևը Վերածննդի հրապարակում հայտնվել չէր կարող։ Մեր հանրությունը, ի վերջո, պետք է ընդունի այս ճշմարտությունը։ Դավաճանություն ՀՀ գործող, դե ֆակտո իշխանությունների կողմից, որի պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև, եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ձեռքերը լվանար ու կողմնակի դիտողի վիճակով հետևեր Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը, Ալիևը չէր հայտնվի Վերածննդի հրապարակում։

Եթե ՀՀ գործող իշխանությունը ընդուներ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի առաջարկությունը Արցախում իրավիճակը փրկելու վերաբերյալ, այնտեղ այդ սցենարը կյանքի չէր կոչվի Ալիևի կողմից»,- ասել է Ջամալյանը։

Նա մանրամասնել է, որ Թեհրանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարարը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին իրավիճակը փրկելու սցենար կազմել

«Պարզապես, այդ սցենարի առանցքում պետք է լիներ ՀՀ տարածքը։ Փորձենք հասկանալ՝ ինչ է թաքնված այդ արտահայտության տակ։ Էությունը հետևյալն է։ ՀՀ տարածքից պետք է ինչ-որ օպերացիա իրականացվեր ռուսական ուժերի կողմից, որոնք կհայտնվեին Արցախում։ Ի՞նչ ուժեր էին՝ 102-րդ ռազմաբազայի ուժերը կարող էին լինել, ուժեր, որոնք կբերվեին Իրանից, գուցե։

Հղում եմ անում Հայկ Նահապետյանին, տեղեկություններ կան, որ առաջարկ է արվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին իրավիճակը փրկելու վերաբերյալ սցենար մշակել։ Հրաժարվել է։ Արցախի ուժային կառույցները կռիվ են տվել։ Հակառակորդը շատ ու շատ ավելի զոհեր ունի, քան հայտարարված է։ Եթե ՀՀ-ից լիներ օգնություն, այս պատկերը մենք չէինք ունենա» ,- նշել է Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետը նկատել է, որ դավաճանել են ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին, ապագա սերունդներին։

Alpha News