ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԻ ՀԱՆԴԵՊ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐԵՀԱՃ ՉԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ եվրոպական մայրաքաղաքներում այնքան էլ բարեհաճ չեն։ Բրյուսելում մասնավոր զրույցներում դիվանագետները, օրենսդիրները և նրա Եվրահանձնաժողովի աշխատակիցները դժգոհում են, որ նա դուրս է գալիս իր պաշտոնական պարտականություններից՝ զրկելով ԵՄ կառավարություններին որոշումներ կայացնելու հնարավորությունից, գրում է POLITICO եվրոպական պորտալը։
Քննադատությունն իր գագաթնակետին է հասել հանգստյան օրերին, երբ նա չնախատեսված ուղևորություն կատարեց Իսրայել՝ առաջացնելով եվրոպացի դիվանագետների բուռն արձագանքը:
Ոմանք POLITICO-ին ասել են, որ դժգոհ են, որ ֆոն դեր Լայենը, ով համերաշխություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերին, Իսրայելին չի կոչ արել հարգել միջազգային իրավունքը Գազայի հատվածում:
ԵՄ գլխավոր դիվանագետ Խոսեպ Բորելը նույնիսկ համարձակվել է հազվադեպ հրապարակային հանդիմանել իր ղեկավարին: Ֆոն դեր Լայենը, նրա խոսքով, իրավունք չունի ներկայացնելու ԵՄ տեսակետները արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնք սովորաբար համաձայնեցվում են անդամ երկրների միջև։
Արտաքին քաղաքականությունը որոշվում է ԵՄ 27 երկրների ղեկավարների կողմից միջազգային գագաթնաժողովներում և քննարկվում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից «իմ նախագահության ներքո» հանդիպումների ժամանակ, հավելել է նա։
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն արձագանքել է քննադատությանը X-ի գրառման մեջ: «Ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Հանձնաժողովի նախագահը արտաքին քաղաքականության հետ, որը նրա պարտականությունը չէ», - ասել է նա:
«Նա ավելի ու ավելի է իրեն թագուհու պես է պահում», - ասել է ԵՄ դիվանագետներից մեկը:
Իսրայելի ուղևորության դրվագը միայն մեկն է այն օրինակների շարունակական ցանկից, որտեղ ֆոն դեր Լայենը չի կարողացել պատշաճ կերպով խորհրդակցել ԵՄ մայրաքաղաքների հետ՝ նախքան քաղաքական կարևոր որոշում կայացնելը:
Քննադատները նաև մատնանշում են հուլիսին Թունիս կատարած նրա այցը, երբ նա վերահսկում էր նախագահ Քեյս Սաիդին ավելի քան 1 միլիարդ եվրո տրամադրելու գործարքը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, ինչպես նաև էլեկտրական մեքենաների համար չինական սուբսիդիաների հետաքննության մասին նրա հայտարարությունը:
Ֆոն դեր Լայենի համար վտանգն այն է, որ հիասթափությունը, որը մինչ այժմ հիմնականում սահմանափակվել է Բրյուսելի աշխատակազմով, որը դժգոհ է նրա կառավարման ոճից և դիվանագետները, որոնք մասնավոր զրույցներում տրտնջում են, կվերածվի ավելի մեծ մի բանի: ԵՄ մայրաքաղաքներում «ապստամբությունը» կարող է վտանգի ենթարկել նրա պոտենցիալ հայտը Հանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի համար՝ հաջորդ հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո:
Ֆոն դեր Լայենը դեռ չի հայտարարել, թե արդյոք կառաջադրվի ևս հինգ տարի ժամկետով, թե ոչ: Սակայն նրա պահպանողական քաղաքական խմբի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդներն արդեն ասել են, որ կաջակցեն նրան, եթե նա որոշի կրկին առաջադրվել:
Թեև մինչ այժմ ոչ մի առաջնորդ բացահայտորեն չի սպառնացել հրաժարվել ֆոն դեր Լայենի աջակցությունից, նրա քննադատների հիասթափությունը, հատկապես սոցիալիստ ծանր քաշայինների, ինչպիսիք են Բորելը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, կարող են խնդիրներ առաջացնել, եթե նա միաձայն աջակցություն փնտրի երկրորդ ժամկետի համար: