«Ժողովուրդ»․ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ԿԱՊ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՋԱՐԿ ԱՐԵԼ
Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի տեղեկության` Շահրամանյանն առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, և, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին, միայն թե Արցախի ցեղասպանությունը կանգնեցվի:
«Սամվել Շահրամանյանը հնչեցրել է նաև կոնկրետ անուններ՝ առաջարկելով, որ ԼՂՀ իշխանության կողմից Սամվել Բաբայանը ներգրավվի բանակցություններում, սակայն ադրբեջանական կողմը նրան սուտասան և ապատեղեկատվություն տարածող է համարել՝ առաջարկելով Բաբայանին Հայաստան ուղարկել»,–գրում է թերթը:
Նշվում է, որ Շահրամանյանն առաջարկել է նաև Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, սակայն ադրբեջանական կողմը նրա մասով էլ առաջարկել է ուղարկել Հայաստան և դատապարտել նրան:
«Սամվել Շահրամանյանի մյուս առաջարկների հետ չհամաձայնելով՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ իրենց պահանջները պետք է կատարվեն, պարզապես պետք է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու հայտարարությունը, և այդ դեպքում կրակը կդադարի, ու արցախցիները անվտանգ կապրեն իրենց տներում»,–գրում է թերթը:
Շահրամանյանը բավարարել է առաջարկը ուժի սպառնալիքի տակ, փոխհամաձայնեցված տեքստը հանրայնացրել է, ինչի արդյունքում կրակը դադարել է, բայց Արցախի Հանրապետությունը մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ հայաթափվել է: