Խանդանյան․ Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում վեկտորի փոփոխության հարց չկա, որովհետև վեկտորն ուղղված է դեպի Հայաստան, Հայաստանի անկախության և ինքնիշխանության ապահովում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօերին Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ պատրաստ են հարաբերությունները սերտացնել այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի, իսկ ՌԴ-ում էլ այդ ելույթը համարել էին սադրիչ՝ նշելով, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով:

 

«Արտաքին կողմնորոշումը այնպիսի արտաքին քաղաքականության իրականացումն է, որը կապահովի Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,-ասաց նա:

Ճշտող հարցին, այդ անվտանգության երաշխավորը Ռուսաստա՞նն է, թե՞ Արևմուտքը, նա պատասխանեց. «Դա Հայաստանն է, առաջին հերթին ՀՀ զինված ուժերը և բալանսավորված արտաքին քաղաքականությունը և այն բոլոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, որոնք կիսում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը անսասան պետք է մնա, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը անսակարկելի արժեքներ են»:

Նա հայտարարեց, որ Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ «Այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը»,– ասաց Խանդանյանը:

Նշենք, որ ռուսական ոչ պաշտոնական աղբյուրները Փաշինյանի` Եվրախորհրդարանում ելույթն անվանել են անպատասխանատու և սադրիչ, հատկապես` Ռուսաստանին և հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող։

News.am