Մոդեստ ԿՈԼԵՐՈՎ․ ԲԱՔՎԻ ՀԱՋՈՐԴ ՆՊԱՏԱԿԸ ՍՅՈՒՆԻՔՆ Է

Ադրբեջանի հաջորդ նպատակը Սյունիքն է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։

«Սյունիքի անշլյուսի միջոցները կարող են տարբեր լինել։ Մինչ վերջին իրադարձությունները Սյունիքի բնակչությունն արդեն 43 հազարից նվազել էր 7 հազարի։ Այժմ այնտեղ մի շարք փախստականներ են տեղավորվել։ Բայց նրանք կբնակվեն տարբեր վայրերում, ուստի շրջանին դեպոպուլյացիա է սպառնում»,- նշել է նա։

Ըստ Կոլերովի՝ դեպոպուլյացիան էլ հենց կլինի անշլյուսի միջոցը։

Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև նաև Իրանի միջոցով, ապա, ըստ պատմաբանի, այդ կապն արդեն կառուցվում է։

Սյունիքի առնչությամբ խոսքը կոնկրետ վերահսկողության մասին է՝ անկախ նրա պաշտոնական կարգավիճակից, պարզաբանել է Կոլերովը։

«Իրանով անցնող միջանցքն ամեն դեպքում կկառուցվի, բայց դա կունենա տեխնիկական բնույթ։ Իսկ Բաքուն ու Անկարան կփորձեն ուղիղ ճանապարհ կառուցել Սյունիքով»,- ընդգծել է պատմաբանը։

Անկլավները, չնայած իրենց կարևորությանը, այնուամենայնիվ, մանր, անսկզբունքային, տեխնիկական հարց է, և ոչ ոք դրանց շուրջ չի սակարկի։

«Հայաստանն այժմ այն վիճակում չէ, որ նրա հետ սակարկեն։ Նրա հետ ոչ ոք չի սակարկի»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ֆիքսել է Կովկասում իր պատասխանատվության տարածքը, ռուս խաղաղապահների ներկայությունը կրճատվում է, նրանք գնալու են։

«Անդրկովկասում Ռուսաստանի պատասխանատվության տարածքը կսահմանափակվի Աբխազիայով և Հարավային Օսիայով»,- ասել է Կոլերովը։

Ըստ պատմաբանի, Իրանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ չի թուլանա՝ չնայած Մերձավոր Արևելքի իրավիճակին։ «Իրանի հյուսիսային սահմանի խնդիրը կմնա ամբողջությամբ նրա իրավասության ներքո, և ոչ մի Ֆրանսիա ոչնչով չի օգնի», - եզրափակել է նա։

News.am