«Ժողովուրդ». ԿԱ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱ ՄԻՋԱՆՑՔԸ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում միջանցք բացելու թեման, կարծես թե, փակված չէ։ Բանն այն է, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները շարունակում են բարձրաձայնել և խոսել այդ միջանցքի մասին՝ յուրաքանչյուր հայտարարության մեջ յուրաքանչյուրը նկատի ունենալով իր մտքինը:

Եվ այսպես, Թուրքիան և Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում են, թե այս միջանցքը պետք է բացվի։ Օրինակ՝ սեպտեմբերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Ալիևը հայտարարել էր. «Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում։ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին»։ Իսկ աշխարհաքաղաքական որևէ այլ կենտրոն մինչ օրս չի հայտարարել այդ միջանցքի կամ ճանապարհի չլինելու մասին։ Տպավորություն է ստեղծվում, թե այսպիսով աշխարհում կա կոնսենսուս՝ Հայաստանը պետք է տրամադրի այս միջանցքը Ադրբեջանին, բայց չկա կոնսենսուս՝ ինչ փաստաթղթի հիման վրա պետք է այն լինի և ինչ կարգավիճակով:

Արդյոք խոսքը 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի՞ մասին է՝ կնքված Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի միջև, որտեղ կա այսպիսի ձևակերպում. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Արդյոք ճանապարհի վերահսկողությունը պետք է անի հայկակա՞ն կողմը։

Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ ճանապարհ է տալու, սակայն խուսափում է միջանցք ձևակերպումից։ Այս առումով Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպումը ճակատագրական է, և հենց այնտեղ է որոշվելու, թե որ փաստաթղթի հիման վրա կտրվի միջանցք-ճանապարհը: Բացի այդ, կորոշվի՝ ինչ նոր արհավիրք է սպասվում, եթե հայկական կողմը հրաժարվի որոշում կայացնելուց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես նշել է, թե ճանապարհների ապաշրջափակումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար։ Ամերիկյան կողմը խոսում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին։ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- սեպտեմբերի 21-ին ասել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նման հայտարարություններ հաճախ անում է նաև եվրոպական կողմը: «ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- երեկ էլ նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մոցելան: Այսպիսով, իրավիճակը ցույց է տալիս, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տա այդ միջանցքը, բայց Արևմուտքը չի ցանկանում, որ դա որևէ դեպքում լինի ռուսական վերահսկողության ներքո։ Այնուամենայնիվ, պե՛տք է լինի: Թե ինչ գնով և ում վերահսկողությամբ, պարզ կդառնա այս ամսվա վերջին Բրյուսելում։

Այսինքն՝ անգամ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել 2021թ. զավթած՝ ՀՀ ճանաչված սահմաններից մոտ 140 քառ. կիլոմետր տարածքները: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառավարման անկարողության մասին»։

Aysor.am